ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»

Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմ»-ը կհնչի ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի (ՀԱՖՆ) կատարմամբ: Կոմպոզտորական արվեստի այս հզոր, բացառիկ գեղեցկության ստեղծագործության կենդանի կատարումը հանդիսատեսը կարող է ունկնդրել ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Նվագախմբից հայտնում են, որ համերգի մենակատարներն են համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Օլեսյա Պետրովան (մեցցո-սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Եվգենի Ստավինսկին (բաս):

Համերգին մասնակցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): «Ռեքվիեմ»-ի կատարումը կհնչի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Մինչ համերգը՝ ապրիլի 23-ին, ժամը 22:30-ին, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում «Ռեքվիեմ»-ը կհնչի նույն կազմի կատարմամբ և ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով:

Ցուցադրել ավելի
Back to top button