ԿարևորՄշակույթ

Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կգործի «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը

Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Դիզակ» թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանի և շրջանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գայանե Բուդաղյանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի Խորենացի 47/7 հասցեում բացվել է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Երազիկ Հայրիյանն ասել է, որ այն կլինի մշակութային օջախ, ինչպես նաև երիտասարդների հավաքատեղի, ժամանցի վայր:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ունենալ նաև պատկերասրահ, որտեղ մշտական ցուցադրության կդրվեն «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումից փրկված 26 կտավներ, որոնք ներկայացնում են Հադրութի հայկական լինելը, պատմական և ազգագրական անփոխարինելիությունը։ Պատկերասրահում կցուցադրվեն նաև Հադրութին վերաբերող այլ փաստեր: «Կենտրոնի բացման շարժառիթը 2020 թվականի պատերազմի արդյունքում կորցրած Հադրութի շրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելն է։ Շրջանի երիտասարդներն այժմ ապրում են Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում: Փորձում ենք վերակենդանացնել Հադրութից մնացած մշակութային ամեն մի մասունք: Մեր նպատակն է տեղահանված հադրութցիների համախմբումը, Հադրութի պատմամշակութային ժառանգության հայկականությունը փաստող նյութերի ներկայացումը հասարակության լայն շրջանակներին,ինչը միտված է պահպանելու կորցրած հայրենիքի մասին պատմող յուրաքանչյուր մասունք»,- ավելացրել է Ե. Հայրիյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button