ԿարևորՀասարակություն

Խոսող հաշվիչ, գույն ճանաչող սարք․ ինչպե՞ս տեսնել առանց տեսողության

Սիփան Ասատրյանը քաղաքը ճանաչում է սպիտակ ձեռնափայտով։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց այդ ուղեկիցը շոշափում է Երևանը, բախվում խոչընդոտների ու տիրոջը զգուշացնում՝ այս կողմով քայլել չի կարելի։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց սովորական կյանքով ապրել խանգարում է ոչ թե հաշմանդամությունը, այլ միջավայրային խոչընդոտները։

«Եթե վերացնում ենք միջավայրային խոչընդոտները, անձը դառնում է, կարելի է ասել, ամբողջությամբ ֆունկցիոնալ,  իր բոլոր  գործառույթները կարող է  իրականացնել աջակցող տեխնոլոգիաների միջոցով»։

Հայաստանում նման տեխնոլոգիաներ կան, սակայն լայն կիրառում չունեն։ «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ–ի գրասենյակում Սիփան Ասատրյանը պատմում է դրանց մասին ու նշում՝ այս սարքերը կարող են հեշտացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը․

«Սա կոչվում է Pen friend, գրիչ ընկեր։ Իր հետ ունի ինքնակպչուն պիտակներ, դրանք կարող ենք կպցնել դռներին, դարակներին և ձայնագրել ինչ-որ ուզում ենք։ Այստեղ ձայնագրված է արդեն, օրինակ, «Անգլերեն» գրքեր, «հայերեն գրքեր», իսկ սա աջակցող տեխնոլոգիաների դարակն է»։

Թույլ տեսողություն ունեցողների համար՝ մեծ տառատեսակով ու վառ գունավորմամբ ստեղնաշար, կույրերի համար՝ լույսի աղբյուրը որոշող, գույները ճանաչող սարքեր, խոսող հաշվիչներ։ Այս սարքերը նախատեսված են սովորական կյանքով ապրելու մեծ  ցանկություն ու փոքր հնարավորություն ունեցող մարդկանց կենցաղում օգնելու համար։ Դրանցից որոշներն ունեն նաև կրթական նշանակություն․

«Այստեղ ունենք բրայզան տպիչը, որով նույնիսկ պատկերներ կարող ենք ստանալ։ Սա էրեբունում հայտնաբերված արծաթե ծիսական անոթի շոշափական պատկերն է։ Անձը կարող է շոշափելով հասկանալ, թե ինչ տեսք է ունեցել ուրարտական ժամանակի անոթը, զգալ կլորությունը, նախշերը»։

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթությունն անվճար է, սակայն նրանք հաճախ չեն կարողանում իրացնել այդ իրավունքը միջավայրային անհարմարությունների պատճառով՝ հենաշարժողական խնդիր ունեցող մարդը չի կարողանում հասնել լսարան, լսողական խնդիր ունեցողը՝ լսել դասախոսությունը, տեսողական խնդիր ունեցողը՝ կարդալ։ Այս խնդիրները լուծում ունեն, բայց դեռևս ոչ հայաստանյան բուհերում։ Իսկ երիտասարդները սպասելու ժամանակ չունեն։

Վահան Դիշլանյանը լիարժեք հարմարավետ կրթական համակարգին սպասելու փոխարեն ամեն օր անցնում է Ոսկեհատ–Երևան 40 կիլոմետրանոց ճանապարհը, սպիտակ ձեռնափայտով շրջանցում՝ քաղաքային, օգնականի միջոցով՝ կրթական խոչընդոտները․

«Դասախոսությունները լսում եմ, եթե լինում է անհրաժեշտություն՝ ձայնագրում եմ, իսկ քննություններին պատրատվելիս օգնում է օգնականս։ Ես ֆակուլտետում ունեմ հատկացված օգնական, նա կարդում է հանձնարարությունները, ձայնագրում է և ձայնագրություններն ուղարկում է ինձ։ Ես լսելով պատրաստվում եմ քննություններին»։

Վահանը՝ համալսարանական միջոցառումներից մեկի ժամանակ

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում սովորող Վահանն առաջին անգամ միայնակ ճանապարհ անցել է փետրվարին։ Հիմա արդեն գիտի՝ ոչ միայն սովորելու է, այլև ակտիվ ուսանողական կյանք է վարելու։

Կրթության բազային պահանջը լրացնել կարող են նաև տեսողական խնդիրներ ունեցող այն անձինք, որոնք դեռևս չեն որոշել բարձրագույն կրթություն ստանալ։ Հայաստանի ազգային գրադարանում գործող «Արև» ընթերցասրահը հենց նրանց  ինքնակրթության համար է։ 2008 թվականից գործող ընթերցասրահը այժմ 25 ընթերցող ունի: Մանրամասները գրադարանավարուհին՝ տիկին Կարինեն է պատմում․

«Եռամսյակի կտրվածքով ունեցել ենք 10 ընթերցող, և հաճախումը եղել է 39  միավոր։ Ընթերցող կա, որ կարող է գալ շաբաթվա մեջ 2-3 անգամ, մի անգամ, կարող է և ամբողջ շաբաթ գալ։ Իսկ տարվա կտրվածքով ունենում ենք 200-210 հաճախումներ»:

Ընթերցասրահում բրալյան համակարգով գրքերի կողքին նաև սկավառակներ են՝ գրքերի ձայնային տարբերակները։ Գրականությունը պարբերաբար թարմացվում է․

«2020 թվականին ստացվել է 67 միավոր բրալյան գրականություն, ստացվել է նաև 12 միավոր բյուլետիններ և 29 միավոր խոսող գրքեր։
–Իսկ ընդհանու՞ր։
–2008 թվականից առ այսօր 1000–ից ավել գրականություն կա»

Հայաստանում ներառականության մասին խոսում են շուրջ  20 տարի։ Սիփան Ասատրյանը կարծում է, որ հասարակության վերաբերմունքն այս թեմայի նկատմամբ փոխվել է։ Սակայն քաղաքը սպիտակ ձեռնափայտով ճանաչող այս մարդկանց խնդիրները համակարգային լուծում կստանան, եթե հանրային վերաբերմունքի հետ շտկվեն նաև  միջավայրային անհարմարություններն ու օրենսդրական բացերը։

Ցուցադրել ավելի
Back to top button