ԿարևորՏնտեսական

Իրանականը՝ թուրքականին այլընտրանք․տնտեսագետներն առաջարկում են շուկա բերել բարեկամ հարևանի ապրանքը

Հուլիսին լրանում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գիգորյանը չի բացառում, որ արգելքի ժամկետը կարող է երկարացվել, չնայած դեպքերին, որ արգելքի պայմաններում էլ այդ երկրից ապրանքների ներկրման ապօրինի փորձեր են եղել։ Այս շրջանի ամենակարևոր հարցը, թերևս, մնում է այն, թե ո՞ր շուկաները կարող են այլընտրանք լինել թուրքականին։ Տնտեսագետները հստակ լուծումներ են առաջարկում։

Եթե ոչ Թուրքիայից, ապա որտեղի ՞ ց կարող են հայկական շուկային անհրաժեշտ ապրանքները Հայաստան հասնել։ Անցնել Հայաստանի հարավային դարպասով ու հասնել Իրան․ տնտեսագիտական որոշ գնահատումներով սա ամենաօպտիմալ ուղիներից մեկն է։  Ներդրումներ անելու արդյունավետությունը նոր հաշվարկներ է պահանջում։ Իսկ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, սեփական դիտարկումների հիմքով, վստահեցնում է՝  իրանական կողմը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում։

Տնտեսական երկկողմ հետաքրքրության ոլորտները տարբեր են՝ գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերից մինչև շինարարություն, շինանյութերի արտադրություն ու կենցաղային տեխնիկա։ Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան շուրջ 380 մլն դոլար է, ընդ որում՝ շուրջ 90 տոկոսը բաժին է հասնում ներկրմանը։

«Մեր արտահանումը մոտավորապես 25-40 մլն դոլարի է հասնում։ Թուրքիայի հետ 280 մլն դոլար է, արտահանումը զրո է։ Թուրքիան  Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում միշտ հնգյակում է եղել,  այժմ Իրանն է այդ հնգյակում։ Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք այդ ցանկում Թուրքիային հնարավորինս ներքև իջեցնել»։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2020–ին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության 5․5 տոկոսը բաժին է ընկնում Իրանին․այն անցյալ ֆորսմաժորային տարում անգամ որոշակիորեն ավելացել է՝ 0․5 տոկոսով։ Իրանից ներմուծման հիմնական մասը բաժին է ընկնում ցեմենտի հումքին, գյուղմթերքին, պլաստիկ իրերին։ Առևտրային հարաբերություններ կան նաև այլ ոլորտում․ Հայաստանի և Իրանի միջև գործում է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է մատակարարվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանից Իրան առաքվող էներգիայի տարեկան ծավալը մոտ 1,2 մլրդ կՎտ/ժ է։ Իսկ Իրանից ներկրում ենք տարեկան 370-380 մլն խմ գազ։

Տարեսկզբին, երբ հատկապես թեժացել էր Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի թեման, Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց՝ Հայաստանը կարող է ավելի քան 2200 անուն ապրանք իրանականով ապահովել ու բացը լրացնել։ Գագիկ Մակարյանը համակարծիք է՝ իրանական շուկան թուրքականին այլընտրանք կարող է լինել՝ ընդ որում գրեթե բոլոր ոլորտներում։

«Իրանում արտադրվում է  կենցաղային բարձրորակ տեխնիկա, որը կարող է թուրքական արտադրանքին փոխարինել։ Կարող ենք նաև ներկրել թունաքիմիկատներ, պարարտանյութեր,լվացքի մաքրող միջոցներ, պլաստիկ իրեր, հեծանիվ։ Իրանում արտադրվում են նաև բարձր որակի սառնարարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ»։

Թուրքիայից հիմնականում ներկրվում էր թեթև արդյունաբերական պատրաստի արտադրանք ու նույն ոլորտում անհրաժեշտ հումք։ Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ հետազոտությունները ցույց են տվել՝ նույն որակի ու տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարելի է ներմուծել ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ ու այլ երկրներից․

«Նշված ապրանքները կարելի է  փոխարկել հետևյալ այլընտրանքային շուկաներով՝ Չինաստան, Վիետնամ, ԱՄԷ, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Իրան»։

Գագիկ Մակարյանը նույնպես վստահ է՝ Իրանն ունի նաև այս ոլորտում մեր ներուժ, հնարավոր է այստեղից  ոչ միայն բարձրորակ կտոր ներկրել Հայաստան, այլ նաև՝ հումք․

«Հանդիպել եմ կտորեղեն արտադրող լավագույն գործարարների սեփականատերերի հետ։ Նրանց արտադրանքը մատչելի է, բայց նաև  որակով։Այս գործարանները բուրդ, բամբակ են արտադրում, վարագույրի կտորներ, որոնք կարող ենք ներկրել Հայաստան՝ փոխարինելով թուրքական արտադրանքին»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում արձանագրում է՝ իրանական արտադրանքը կարող է փոխարինել թուրքականին, բայց կա մի «բայց»՝

«Քանի որ հայկական շուկայում իրանական արտադրանքին այնքան էլ ծանոթ չեն, փոխարինումը գուցե դժվար լինի։ Բացի այդ՝ կան ոլորտներ, որ հնարավոր չի լինի, քանի որ Իրանում նման արտադրանք չի կազմակերպվում, օրինակ՝ պահեստամասեր չեն արտադրվում»։

Հայաստանի ներմուծման կշռում թուրքական ապրանքները  5 տոկոս են կազմում, այսինքն՝ իրանական ապրանքներին գրեթե հավասար։ 2019թ․ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 268 մլն դոլարի ապրանք․ 2018-ի համեմատ աճը զգալի է՝ 6․1 տոկոս։ Հայաստանն արգելել է թուրքական ապրանքի ներկրումը, սակայն, չնայած արգելքին, զարտուղի ճանապարհներով դրա՝ Հայաստան հասնելու ռիսկեր դեռ կան։ ՊԵԿ-ում ևս տեղյակ են՝ ներկրման ճանապարհին թուրքական պիտակները հեռացնելու կամ փոխելու դեպքեր էլ են եղել։ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը «Ռադիոլուրին» արձագանքում է․

«Մենք բոլոր ռիսկերին տեղյակ ենք, գիտենք, թե հնարավոր ինչ ռիսկեր կլինեն։ Անպայման կսահմանափակենք անօրինական գործողությունները»։

Հայաստանում թուրքական պատրաստի արտադրանքի արգելքը հունվարի մեկից է՝ վեց ամսով։ Կառավարությունում չեն բացառում, որ արգելքը կերակարաձգվի։ Միայն թե Գագիկ Մակարյանը թուրքական արտադրանքը իրանականով փոխարինելու գործնական քայլեր այս պահին չի նկատում։

Ցուցադրել ավելի
Back to top button