ԿարևորՔաղաքական

Եթե Զանգեզուրի միջանցք, ուրեմն նաև՝ Նախիջևանի միջանցք․ Երևանն արձագանքում է Բաքվի սպառնալիքին

Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայատյացության քարոզը։ Դրանք արդեն սպառնալիքի են վերաճում, ինչի վառ ապացույցը նախօրեին   ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևի հայտարարությունն է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին՝ լինի դա ցանկությամբ, թե ուժով։ Ալիևի հայտարարությունը խստորեն դատապարտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը,  ինչին հաջորդեց պարզաբանում, թե սա սպառնալիք չէ, Ադրբեջանի վճռականության ցուցանիշն է։

Ալիևի ելույթը հայատյաց ու սպառնալից է բնորոշել նաև ՄԻՊ գրասենյակը։ ՀՀ նախագահի հետ Սյունիք կատարած այցի ընթացքում Արման Թաթոյանը վերահաստատել է իր այն թեզը, որ Սյունիքի, դրա բնակչության անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն ապառազմականացված գոտու ստեղծմամբ։ Փորձագետները, սակայն, այդ իմաստով դեռ լավատես չեն՝ ելնելով Ադրբեջանի  հայատյացության աստիճանից։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են իրար, բայց դրանք պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։ Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ալիևի վերջին հայտարարություններին։

«Այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին։ Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»,-ասել է Փաշինյանը` հավելելով, որ այսօր էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված է եղել հերքել Ալիևի հայտարարությունը` ասելով, թե խոսք չի եղել Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների մասին։

«Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, և դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում` արտերկրում մեր դիվանագիտական հարթակների կողմից»,- ասել է նա։

Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք և ոչ էլ միջանցք արտահայտություններ չկան, խոսքն, ըստ նրա, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է, որն արձանագրված ու մեկնաբանված է 2021թ–ի հունվարի 10-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությամբ։

«Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, Հյուսիսադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր, հրապարակված փաստաթղթերի, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Նախիջևանի»,– ասել է Փաշինյանը։

Իսկ Ալիևը շարունակում է խոսել բացահայտ սպառնալիքներով ու հոխորտանքով՝  Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության հասցեին ատելության ու վիրավորանքի ձևակերպումներով։ Ադրբեջանի նախագահն իր երկրի գլխավոր խոսափողով էլ  խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով և հոխորտացել, թե իրենց ենթադրյալ հողեր հասնելուն և «Զանգեզուրի միջանցք» ստեղծելուն պատրաստ է հասնել՝ անկախ Հայաստանի կամքից։

ՀՀ արտգործնախարարությունն ագրեսիվ հայտարարությանն ի պատասխան արձագանքում է՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝  իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

 «Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

 Բաքվից հաջորդ արձագանքը՝ իբրև պարզաբանում, կրկին սպառնալիքի ոճի մեջ է։ Սպառնալիք չկա՝ ասում են, բայց նաև  նշում, թե դա իրենց «վճռականության ցուցանիշն է` պատասխանել Հայաստանից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքին»։ Սպառնալիքի կողքին Ալիևի հայտնած միտքը, թե պատրաստ է Հայաստանի հետ գործակցության, Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանին հավատի նշույլ անգամ չի ներշնչում։
Թաթոյանի գրառումից հատված․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բացարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք»։

Ալիևի հայտարարություններն ակնհայտ ֆաշիստական քաղաքականության վկայություն են: Նա այդ կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ: Սա է ընկած Ադրբեջանի ագրեսիվ պատերազմական հանցագործությունների հիմքում՝ շեշտել է ՄԻՊ-ը: Համագործակցության հարցում խիստ թերահավատ են նաև հայաստանցի փորձագետները։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը լավատեսության հիմք չի տեսնում։

Ասում է՝ հակառակը, «ըստ էության կան նախադրյալներ, ինչ-որ ժամանակահատվածում նոր բռնության ալիքի համար»։ 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս Սյունիքում էին։  Բնակիչները բարձրացրել են իրենց  անվտանգության խնդիրները։ ՄԻՊ-ն իր հերթին է արձանագրում՝ ադրբեջանական զինվորները սպառնում են Սյունիքի գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը։ Ճանապարհին տեղադրած ցուցանակներն ու դրոշները պատրվակ են զինվորականների տեղակայման համար: Դա խաթարել է խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժը։ Գյուղերի անմիջական հարևանությամբ շարունակվում են կրակոցների դեպքերը: Ըստ ահազանգերի՝ կրակոցները պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց: Ապառազմականացված գոտու  ստեղծումն անհրաժեշտ է։

ՄԻՊ-ի դիտարկումն է. «Պետք է ստեղծվի անվտանգության գոտի։ Ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողները, իրենց ցուցանակներով, դրոշներով, պետք է այդտեղից հեռանան։  Այդ տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից։ Պետք է հեռանան այդ վայրերից և ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի»:

Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի առաջարկած նոր հայեցակարգը նման հակամարտություններ ունեցող որոշ երկրներում կիրառվել է՝ վերջ դնելով բազմամյա հակամարտությունների, սակայն, Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ, այս հակամարտությունն ունի իր յուրահատկությունը։

«Ադրբեջանի քաղաքականությունը՝ անկանոն կրակ վարելը, օդ կրակելը, այստեղ-այնտեղ դրոշներ, ցուցանակներ տեղադրելը… հոգեբանական այդ գրոհը նրա համար է, որպեսզի այդ տարածքի բնակչությունը ինքնակամ լքի այդ տարածքը, որպեսզի իրենք կարողանան իրենց նկրտումները իրականացնել»։

Քաղաքական շրջանակներում շեշտում են՝ Բաքվի քաղաքականությունը սպառնում է իրավունքների նոր խախտումներով, նոր պատերազմական հանցագործությունների ռիսկերով։

Ցուցադրել ավելի
Back to top button