ԿարևորՔաղաքական

Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է անում Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ այսօր կոչ է արել Նախագահ Բայդենին ապրիլի 24-ի իր ուղերձում «հստակ և անմիջականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին` դատապարտելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը կարող է այս շաբաթ ավարտել Անկարայի ժխտողականության մեջ ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը`այդպիսով մեծ վնաս հասցնելով Թուրքիայի դարավոր ջանքերին՝ խոչընդոտելու այս հանցագործության համար արդարության հաստատմանը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս երկկուսակցական կոչը:

Բայդենին ուղղված նամակը հեղինակել էին Ադամ Շիֆը և Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարությունը: Նամակում մեջբերվում են Նախագահ Բայդենի տասնամյակների ջանքերը` վերականգնելու ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:

«Մենք գիտենք, որ սա այն հարցն է, որին դուք քաջածանոթ եք եղել որպես Սենատի անդամ և որպես փոխնախագահ: Մենք նաև գնահատում ենք, որ որպես փոխնախագահ 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա եք եղել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը»,- նշել են կոնգրեսականները:

Նրանք նաև հիշեցրել են, որ հարյուրամյակին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին ասաց. «Չարը թաքցնելը կամ ժխտելը նույնն է ինչ թուլյ տալ, որ վերքը արյունահոսի՝ առանց այն վիրակապելու»:

Ցուցադրել ավելի
Back to top button