ԿարևորՔաղաքական

Ապաշրջափակումն ընդդեմ Ցեղասպանության ճանաչման․ կուլիսային խաղաքարտ՝ Թուրքիայի ձեռքին

Ցեղասպանության ճանաչման հեռանկարը զսպաշապիկ է Թուրքիայի համար՝ ասում է «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Նաև հավելում ՝ տարածաշրջանում ընթացող զարգացումները Թուրքիային օգնում են խուսանավել։ Խաղաղության հասնելու թեզերն ու ապաշրջափակման շուրջ քննարկումներն ակտիվացնում են Թուրքիայի կուլիսային քաղաքականությունը, որը երրորդ երկրներին հորդորում է չմիջամտել իր և Հայաստանի  հարաբերությունների կարգավորմանը։

«Մեր կողմից կատարվածը, լինի Մեղրու միջանցքի կամ ճանապարհի մասին համաձայնություն, թե սահմանների բացում, այդ ամբողջը՝ որպես հաղթաթուղթ, Թուրքիան ներկայացնում է Ամերիկային և այլ ատյաններին ու ասում է՝ դուք պարզապես խանգարում եք մեզ»,- ասում է Ավետիքյանը։

Քարոզչական–խաղաղասիրական թեզերը վտանգավոր են նաև մեդիափորձագետ Հայկ Դերզյանի կարծիքով։ Թուրքական կապիտալն, ըստ նրա, Հայաստանին տնտեսական կախվածության մեջ կդնի, ինչը թույլ չի տա անգամ Ցեղասպանության հարց բարձրացնել․

«Կասեն՝ ձեր առևտրականները գալիս են, Թուրիքայից էժան ապրանք են բերում, այդ հնարավորությունն էլ չեք ունենա, և դա խնդիր կդառնա։ Դուք տնտեսապես ունե՞ք համագործակցություն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, մենք այդ կանալը կտրում ենք։ Այդյունքում կստացվի, որ տնտեսական հարաբերությունների չակերտավոր բարելավումը  կկապիտալիզացվի աշխարհաքաղաքական դաշտում, և Ցեղասպանության հարցն էլ չի բարձրաձայնվի, կմնա թղթի վրա։ Լավագույն դեպքում ուղղակի Ծիծեռնակաբերդ կգնանք, կգանք, նույնը Արցախի հարցում է»,– նշում է Դերզյանը ։

Փորձագետներն այս տարի շատ հավանական են համարում, որ  Միացյալ Նահանգների դեմոկրատ նախագահը կարտասանի  Ցեղասպանություն եզրույթը։ Եթե դա տեղի ունենա, Հակոբ Ավետիքյանի կարծիքով,  երկու  գործնական հետևանքի կհանգեցնի․ առաջինն այն է, որ այլ պետություններ ևս  կհետևեն ԱՄՆ–ի օրինակին։ Դրանց թվում Ավետիքյանն առանձնացնում է, օրինակ, Իսրայելն և Գերմանիան։ Երկրորդ հետևանքն իրավական է։  Ավետիքյանի խոսքով՝ ԱՄՆ–ում մարդիկ կարող են կորցրած  գույքը վերադարձնելու  իրավական հույս ունենալ։Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի օրինակն է բերում, որը տարիներ առաջ նախաձեռնել էր Սիսի կաթողիկոսության կալվածքների վերադարձի հարցը, գործընթացը կանգ առավ իրավական անորոշության պատճառով։ 

«Եթե Միացյալ նահանգները ճանաչի հայերի Ցեղասպանությունը, բռնագաղթը, մարդկանց ունեցվածքի, անշարժ և շարժական գույքի յուրացումը, ապա  հող կստեղծվի իրավական գործընթացի համար ։ Այս պարագայում ամերիկյան որևէ դատարան չի կարող մերժել ասելով՝ անհասկանալի է, թե ինչ իրավական հիմքի վրա եք դուք՝ որպես Ամերիկայի քաղաքացիներ, պահանջում մի բան, որը 106 տարի առաջ ձեր նախահայրերն են ունեցել»,– նշում  է Ավետիքյանը։

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանի դիտարկմամբ՝Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդիրը ընդհանուր գիծ ունեն։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման քննարկվող տեսլականը կարող է ազդել երկու խնդիրների վրա էլ։ Այն իրավիճակում, երբ Հայաստանի  իշխանությունն ուղղակիորեն ասում է՝ պատրաստ է ապաշրջափակման սցենարին և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուն, Դերզյանը ԱՄՆ–ի ճանաչման հետ մեծ հույսեր չի կապում։

«Հիմա մենք բոլորովին այլ Թուրքիա ունենք, որը մեղմ ասած թքած ունի թե՛ Եվրոպայի, թե այլ պետությունների վրա և հոխորտանքով է խոսում իր դեմ ընդվզող ցանկացած պետության հետ, ընդհուպ՝ Ամերիկայի։ Հիմա հասկանում ենք, որ Ցեղասպանության հարցով փաստացի մենակ ենք մնացել։ Եվ այստեղ ցանկացած գործընթաց, օրինակ՝ նույն Բայդենի կողմից հնարավոր ճանաչումը,  բացառապես աշխարհաքաղաքական կոմպոնենտ ունի, որը մեզ ոչինչ չի տալու, եթե չփոխվի մեր խաղաղասիրական քարոզչությունը»,- վստահեցնում է Դերզյանը։

Վերլուծաբանների եզրակացությունը մեկն է․ Ցեղասպանության ճանաչումը խաղաքարտ է աշխարհի երկրների ձեռքին սեփական շահերն առաջ մղելու համար, իսկ Հայաստանի համար հնարավորություն՝ գործընթացը բարոյականից իրավական դաշտ տեղափոխելու։  

Ցուցադրել ավելի
Back to top button