ԿարևորՄշակույթ

Աբովենց բացօթյա գրադարանը վերսկսեց գործունեությունը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Աբովենց բացօթյա գրադարանի այս տարվա աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը կարևորել է բացօթյա գրադարանի գործունեությունը հատկապես համավարակի պայմաններում, քանի որ այս ձևաչափով հնարավոր է առավել անվտանգ միջավայրում հաղորդակից լինել մշակութային արժեքներին, մասնակից դառնալ գրական-երաժշտական ձեռնարկների։

Հատկապես կարևորվել է ընթացիկ տարվա մեծ հոբելյանը՝ «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակը, որին նվիրված է լինելու Աբովենց այգու տարվա ողջ գործունեությունը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից տպագրված երեք գրքերի շնորհանդեսը: Ներկայացվել են Վարդգես Ահարոնյանի Հովհաննես Թումանյանին, Անդրանիկին և Րաֆֆուն նվիրված գրքերը։ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը մեծապես կարևորելով հատկապես մեր օրերում ազգային, հայրենասիրական արժեքների սերմանումը երիտասարդության շրջանում, նշել է, որ հնարավորինս շատ պետք է մոտենանք գրականությանը, մեր մեծերի պատգամները դարձնենք առաջնորդող։ Աբովենց այգում տեղի է ունեցել նաև գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն։ Աշակերտները ներկայացրել են նույն այգում ստեղծած իրենց կտավները։ Աբովենց այգում հնչել են Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի բացառիկ ձայնագրությունից հատվածներ՝ Սուրեն Քոչարյանի ընթերցմամբ, հանդիսությունն ավարտվել է  Քրիստինե Ավետիսյանի կիթառի կատարումներով:

 Խ. Աբովյանի տուն-թանգարանի այգում այսուհետ պարբերաբար կկազմակերպվեն բացօթյա միջոցառումներ՝ մշտապես վառ պահելով աբովյանական պատգամներն ու հայրենասիրական ոգին։

Ցուցադրել ավելի
Back to top button