ԿարևորՀասարակություն

18000 դպրոցականներ վերադարձել և սովորում են Արցախում

Շուրջ 18000 արցախցի դպրոցականներ վերադարձել ու կրթությունը շարունակում են Արցախում։ Այս տվյալները ամեն օր փոփոխվում են՝ պայմանավորված արցախցիների տեղաշարժով՝ «Ռադիոլուրին» ասել է ԿԳՄՍ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ Նրա խոսքով՝  հետպատերազմյան այս փուլում արցախցի երեխաները կրթական խնդիրներ արդեն չունեն։ Նախարարությունը արել է հնարավորը, որպեսզի նրանք հաղթահարեն նաև հոգեբանական դժվարությունները և կարողանան առանց բարդույթների շփվել իրենց հասակակիցների հետ։

Սեպտեմբերի 28-ից հետո ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարական է ուղարկել  բոլոր դպրոցներին՝ արցախցի աշակերտներին ընդունելու վերաբերյալ։ Արդեն պատերազմի ընթացքում նախարարությունը դպրոցներին կարգադրել է արցախցի երեխաներին ընդգրկել աշակերտների հիմնական կազմում՝ անկախ դպրոցներում նախատեսված տեղերի։

«Արցախում դպրոցահասակ շուրջ 24000 երեխա կա։ Մեր տվյալներով նրանցից 18000-ը վերադարձել է Արցախ։ Այս թիվն անընդհատ փոփոխվում է՝ պայմանավորված արցախցիների տեղաշարժով»,– ասում է Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։

Դասագրքի խնդիր երեխաները չեն ունեցել։ ԿԳՄՍ-ի միջնորդությամբ  դասագրքեր և գրենական այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկվել են նաև Արցախ։

«Արցախի մեր գործընկերները մեզ ներկայացրել էին Արցախում դասագրքերի պակասի խնդիրը։ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը» նախաձեռնել է տպագրություն և շատ արագ անհրաժեշտ պարագաներով ապահովել ենք Արցախի դպրոցներին»,– մանրամասնում է Սուսաննա Ազատյանը։

Պատերազմի ընթացքում և դրանից հետո նախարարությունն արել է ամեն ինչ, որ երեխաները, չնայած սոցիալական և հոգեբանական խնդիրներին, անպայման հաճախեն դպրոց, կարողանան շփվել իրենց հասակակիցների հետ՝ հաղթահարելով  հոգեբանական խնդիրները։

Ցուցադրել ավելի
Back to top button