Սփյուռքի ձայնը

Ինչպիսի՞ն են սփյուռքահայ- հայաստանցի փոխհարաբերությունները աշխատավայրում․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայ- հայաստանցի փոխհարաբերությունները աշխատավայրերում ինչպիսի՞ն են: Քաղաքակրթությունների նմանություններ և տարբերություններ. ինչպիսի՞ խնդիրների են բախվում սփյուռքահայ մասնագետները՝ հայաստանյան գերատեսչություններում աշխատելիս: Այս թողարկման ընթացքում զրուցելու եմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և «Ի գործ» ծրագրով էկոնոմիկայի նախարարությունում աշխատող Ազատ Վարդանյանի հետ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որ նույնպես աշխատանքային միջավայրի փոփոխություն է ունեցել, երբ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել, նշում է, որ իհարկե նոր աշխատավայրում նոր խնդիրներ ու միջավայրին հարմարվելու բարդություններ են առաջանում: Սակայն, երբ նպատակն ու աշխատանքի ցանկություն կա, հարմարվելն էլ ավելի հեշտ է լինում, ասում է Սինանյանը:

Սփյուռքահայերի ներգրավվածությունը հայաստանյան գերատեսչություններում՝ կարևոր նշանակություն ունի և կարող է նպաստել շատ ոլորտների զարգացումներին, համոզված է Զարեհ Սինանյանը: Անդրադառնալով սփյուռքահայերի՝ պետական պաշտոններում նշանակվելու փաստին, Սփյուռքի հանձնակատարը նշում է, որ տարիներ շարունակ սփյուռքահայ մասնագետներին Հայաստանում պետական պաշտոններ չէին վստահվում, ինչը, ըստ նրա, ուներ տարբեր պատճառներ:

«Կարծում եմ և համոզված եմ, որ սփյուռքահայ մասնագետները բացի բարձրաստիճան պաշտոնյաներին ընտրելու իրավունքից պետք է իրավունք ունենան մասնակցելու մի շարք գերատեսչություններում աշխատանքներ իրականացնելուն։

Շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքահայ մասնագետները օտարերկրյա գործակալներ կարող են լինել: Բայց վերջին պատերազմը ցույց տվեց, թե իրական գործակալներն ովքեր են: Գործակալներ փնտրել սփյուռքահայերի մեջ՝ անիրական է»,- հավելում է Զարեհ Սինանյանը:

Իսկ նման շատ հարցերի լուծումները ՝սահմանադրական փոփոխությունների կարիք ունեն։ «Ինչո՞ւ Հայաստան տեղափոխված լիբանանահայը չի կարող առաջադրել, օրինակ, իր թեկանածությունը պատգամավորի ընտրություններում»,- ասում է Սփյուռքի հանձնակատարը: Նա համոզված է, որ օրենքում առաջիկայում պետք է լինեն փոփոխություններ՝ հօգուտ սփյուռքահայերի:

«Ի գործ» ծրագրի շրջանակներում Հայաստանում է Կանադայի տեխնոլոգիական ակադեմիայի հիմնադիր-նախագահ, հայ-կանադական առևտրատնտեսական պալատի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ազատ Վարդանյանը:

Նա ապրել է ՌԴ-ում, մոտ երեք տասնամյակ ապրում և աշխատում է Կանադայում: Խոսելով աշխատավայրում սփյուռքահայ մասնագետների ընդունելության մասին՝ նշում է, որ ինքը որևէ ժամանակ նման խնդրի չի բախվել: Այսօր էլ, թե «Ի գործ» ծրագրի մասնակից երիտասարդ սփյուռքահայերը, թե հայաստանցի մասնագետները լսում են իրեն, հաշի առնում ավագ գործընկերոջ կարծիքն ու աշխատանքային փորձը:

«Ի գործ» ծրագրով էկոնոմիկայի նախարարությունում աշխատող Ազատ Վարդանյանը, որպես ներդրումների և տնտեսությունների զարգացման բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող, նշում է, որ այսօր Հայաստանը կարիք ունի ներդրումների:

Իսկ թե որոնք են այն կարևոր ուղղությունները, նկատում է. «Նախ՝ տարբեր երկրներում պետք է գործեն ինֆորմացիայի աղբյուրներ, որոնք ներդրող անհատներին և կազմակերպություններին տեղեկատվություն կտրամադրեն մեր երկրի ու հնարավոր ներդրումների մասին: Իսկ այստեղ իր մեծ դերակատարությունը կունենա Սփյուռքը, որն օգտագործելու կապերն ու լծակները, կկիրառի՝ Հայաստանում տնտեսության զարգացման համար:

Սա երկկողմանի կարևորություն ունի։ Նախ Սփյուռքն իրեն ավելի կարևոր կզգա՝ հայրենիքին օգնելու առումով, իսկ Հայաստանն էլ հավելյալ գումար չի ծախսի ինֆորմացիոն գործընթացի համար: Երկրորդ կարևոր գործը՝ հայկական հարուստ մշակույթը ներկայացնելն է օտերերկրացիներին, ինչը կնպաստի Հայաստանի մասին ինֆորմացիայի տարածմանը, տուրիզմի զարգացմանն ու նաև ներդրումներին:

Սակայն, մեր երկրում ինֆրաստրուկտուրաներն այնքան վատ վիճակում է, որ տուրիզմի զարգացումը առաջնային չի դառնում: Երրորդ հանգամանքը՝ հիմքերն են: Ինչպես են պետական պաշտոնյաներն ու արդեն ներդրումներ արած անհատներն ու կազմակերպությունները ներկայացնում այն հիմքերը, որոնք հավատ կներշնչեն սկսնակ գործարարների համար, ավելացնում է Ազատ Վարդանյանը: Այս կարևոր երեք գործոնները կողմնակի և անընդհատ աշխատանքի արդյունքում կտան իրենց պտուղները, համոզված է կանադահայ Ազատ Վարդանյանը:

Back to top button