ԿարևորՄշակույթ

Վալմարի նոր «Պայքար»-ը․ նկարիչը խախտել է 2 տարվա լռությունը

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի «Պայքար» ցուցահանդեսի բացումը պիտի լիներ ուղիղ մեկ տարի առաջ։ Ցուցահանդեսը հետաձգվեց համավարակի պատճառով, իսկ ամիսներ անց վրա հասած պատերազմը նկարչի վրձնից դուրս չմնաց։ Նկարիչն անկեղծանում է «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, ասում է՝ արտաքին աշխարհի լարվածությունից մաքրվելու կարիք ուներ, իսկ «Պայքար» շարքն ինքնամաքրման ճանապարհ էր իր համար․

«Տեսեք, նկարներում շատ ձիեր կան,  ողջը սիմվոլիզմ է։ Ձին ժողովրդի կերպարն է, նկարի մարդիկ, որոնք հեծնել են ձիերը, փորձում են նետել այս սպիտակ գնդակը, որը  կամ վիրուսն է, կամ պատերազմը, կամ անձնական որևէ ցավ։ Շարքում վազքը և հավատը պայմանական են»,-ասում է նկարիչը։

Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի վերջին երկու տարվա աշխատանքները։ Նկարչի դուստրը՝ Հռիփսիմե Մարգարյանը, կարծում է՝ հորը հաջողվել է շարժման, արագության և դինամիկայի միջոցով ներկայացնել մարդու անձնական կամ համամարդկային պայքարն ընդդեմ ցավի ու չարիքի․

«Ցուցահանդեսը բաց կլինի 1 ամիս։ Այս նկարներն իսկապես էներգիա ունեն, և մարդիկ կարող են գալ, նայել, խոսել նկարների հետ ու ստանալ այդ էներգիան»,-ասում է Հռիփսիմե Մարգարյանը։

Ցուցահանդեսին ներկա է նաև Վալմարի կինը՝ բժշկուհի Եվգինե Մինասյանը։ «Ռադիոլուր»-ի հետ անկեղծանում է՝  Վալմարը արվեստագետին բնորոշ բարդ բնավորություն ունի, իսկ երկրում վերջին իրադարձությունները ստիպում էին նկարիչ ամուսնուն ավելի հաճախ առանձնանալ արվեստանոցում․

«Վերջին իրադարձությունները Վալմարի վրա հոգեբանական մեծ ազդեցություն ունեցան, նա չէր կարող  ուղղակի նատյուրմորտ նկարել։ «Պայքար» շարքն արտահայտում է նկարչի հոգեբանությունը, տրամադրությունը․ սա այն իրականության արտացոլումն է, որում ապրում է հիմա Վալմարը»,-ասում է Եվգինե Մինասյանը։

 Հայաստանի վաստակավոր նկարչի 25 նկարները ցուցադրվում են «Վալմար» արվեստի սրահում․ ցուցադրությունն անվճար է, բաց կլինի մեկ ամիս։

Ցուցադրել ավելի
Back to top button