ԿարևորՀասարակություն

Մշակության համար վտանգավոր է 3600 հա․ Արցախի գյուղնախը ռուս խաղաղապահներին է դիմել

Վիկտորյա Սարգսյան
Արցախի հանրային ռադիո

Հանրապետության գյուղատատեսական նշանակության տարածքների մի մասում աշխատելը դեռևս շարունակում է վտանգավոր մնալ։ Արցախում գյուղատնտեսական նշանակության 3600 հա տարածք վտանգավոր է մշակության համար, քանի որ գտնվում է հակառակորդի դիտարկման տակ։ Այս տարածքների անվտանգության ապահովման խնդիրը պատկան մարմինների ուշադրության  կենտրոնում է։  

Պատերազմի հետևանքով Արցախի հանրապետության ընդհանուր գյուղատնտեսական նշանակության տարածքների շուրջ 75%-ը մնացել է հակառակորդի հսկողության տակ։ 580 հազար հեկտարից մեր հսկողության տակ է մնացել 105 հազար հեկտարը։ Սակայն այստեղ  էլ գարնանացան աշխատանքները   ոչ բոլոր տարածքներում է հնարավոր կազմակերպել։  Էկոնոմիկայի և գյուղտնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ մոտ 3600 հա տարածք վտանգավոր է մշակության համար, քանի որ գտնվում է հակառակորդի դիտարկման տակ։

Ասկերանի շրջանի 17 համայնքներից գրեթե բոլորում այս խնդիրն առկա է։ Մշակության համար վտանգավոր տարածքների զգալի մասը Ամարասի հարակից  հատվածում է։ Իսկ Մարտունու և Մարտակերտի շրջաններում հակառակորդի դիտարկման տակ է 8 համայնք։

Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակից  Ռոբերտ Վանյանի խոսքով՝ Մարտունու շրջանում մշակության համար վտանգավոր են հիմնականում Կարմիր Շուկա, Հերհեր, Սոս և  Ճարտար համայնքների խաղողի այգիները։

Վտանգավոր տարածքներում աշխատելու համար ձեռնարկվել են որոշ  միջոցառումներ։ Անվտանգության ապահովման համար դիմել են ռուս խաղաղապահների օգնությանը։

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը  քննարկումներ  է սկսել ռուս խաղաղապահների հետ՝ այս տարածքներում անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ։ Բայց խնդրի  վերջնական լուծումներ դեռևս չկան։

Ցուցադրել ավելի
Back to top button