ԿարևորՀասարակություն

Հայհոյանքը՝ հակափաստարկ, անհանդուրժողականությունը՝ միջավայր․ ի՞նչ սպասել քարոզարշավում

Տարեկան զեկույցում մարդու իրավունքների պաշտպանն առաջնահերթ խնդիր է համարել երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը՝ արձանագրելով, որ սոցցանցերում ատելության, վիրավորանքի խոսքն ու բռնության կոչերը վտանգավոր մակարդակի են հասել։

Սա ավելի է խորացնում բևեռացումը, ինչն անթույլատրելի է՝ արձանագրել է Պաշտպանը։ Քաղաքական ուժերն այս  միջավայրում են պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։  Ինչպե՞ս է այն ազդելու քաղաքական պայքարի ու ընտրողի որոշման վրա։  

Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի՝ տարեկան զեկույցում արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և առանձնացրել պաշտոնյաներին, քանի որ նրանք, ըստ օմբուդսմենի , ավելի մեծ պատասխանատվություն ունեն հանրային համերաշխության հաստատման գործում։

«Որոշ պաշտոնյաներ իրենց էջերով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են բռնությունը»։

ՄԻՊ-ն արձանագրել է իրականությունը՝ ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ըստ նրա՝ այս մտահոգիչ երևույթներն ավելի ընդգծված են դարձել հատկապես վերջին տարիներին։ Այլընտրանքային տեսակետի պատասխանն այսօր ոչ թե հակափաստարկն է, այլ՝ հայհոյանքը՝ ասում է Բադալյանը։

 «Սա հատկապես նկատելի է լրատվամիջոցների կամ յութուբյան հրապարակումների մեկնաբանություններում, որտեղ ատելության ու հայհոյանքի չափաբաժինը շատ մեծ է։ Հաճախ դրանք գեներացնում են ոչ մարդիկ, այլ ֆեյքերը, իսկ ֆեյքերը  հենց այնպես չեն լինում, սա մեխանիկորեն ստեղծվող և կազմակերպչական բնույթ կրող գործողություն է։ Այո՛, այդ ատելությունը կա»։  

Խորհրդարանական իշխող մեծամասնության պատգամավորներից Նիկոլայ Բաղդասարյանը շեշտում է՝ ինքն անձամբ որևէ բռնություն, ատելության խոսք չի խրախուսել, չի խրախուսում կամ տարածում ։

«Կարծում եմ՝ Պաշտպանն իր գործառույթներն է իրականացնում , որևէ բացասական բան դրանում չեմ տեսնում»,-ասում է Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է ատելության խոսքին, հատկապես՝ սոցցանցերում, պատգամավորը դրանց դեմ պայքարի իր տարբերակն է առաջարկում ՝ չհետևել ատելության խոսք կամ հայհոյանք տարածող  օգտատերերին․

 «Եթե մեկը ձեզ վիրավորանք է հասցնում և դուք չգիտեք, թե ով է այդ օգտատերը, չեք կարողանում համապատասխան պետական մարմիններին դիմել, կամ ինքն այլ պետությունում է, ջնջեք էդ օգտատերերին, այսինքն՝ մի թույլ տվեք, որ ձեզ վիրավորեն»։

Իսկ եթե ատելության ու բռնության խոսքը  տարածողը կոնկրետ անձ է, կամ պաշտոնյա, ապա պետք է դիմել համապատասխան մարմիններին՝ ասում է իշխանական պատգամավորը։

Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է, որ պետությունը կդառնա համերաշխության մթնոլորտի երաշխավորը․ ատելության և անհանդուրժողականության  մթնոլորտը կանխելը  պետության ուղիղ պարտականությունն է՝ կարծում է օմբուդսմենը։ Խորհրդարանական իշխող մեծամասնության ներկայացուցիչն այնքան էլ համաձայն չէ․

«Պետությունը պարտավոր է պահպանել օրինականության, օրինաչափության, խոսքի ազատության եւ մնացած հարցերը։ Սոցցանցերի օգտատերերի խոսքը  պետությունը չի կարող վերահսկել․ ի՞նչ պետք է անի, որ մարդիկ իրար չվիրավորեն»։

Ցանկալի կլիներ, որ արտահերթ ընտրությունների քարոզչական պայքարն ավելի կառուցողական, ոչ բեւեռացված մթնոլորտում ընթանար, բայց  հասկանալի է, որ գոյություն ունեցող պայմաններում է ընթանալու՝ կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Բնականաբար, նախընտրական արշավի ժամանակահատվածում ատելության խոսքը նույնպես իր տեղը ունենալու է։ Այն գերիշխող կլինի՞, թե՞ ոչ՝ դժվարանում եմ  ասել, բայց որոշակի չափաբաժին կունենա»։

ԲՀԿ-ից Արման Աբովյանի խոսքով՝ ընդդիմությունն ասել ու ասելու է՝ անթույլատրելի է ջրբաժանների կառուցումը հասարակության մեջ.  «Ամենամեծ պատասխանատվությունը իշխանությունների վրա է, որը պետք է խոհեմություն դրսևորի ու դադարի կիսել հասարակությունը նեգատիվ առումով»։      

Նիկոլայ Բաղդասարյանը, մինչդեռ, համոզված է՝ բևեռացման մասին խոսելն ավելորդ է, իր ու  թիմակիցների կողմից անհանդուրժողականության դրսևորում չկա,  իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն լինելու է քաղաքական։

Ցուցադրել ավելի
Back to top button