ԿարևորՔաղաքական

Հայաստանը հիշեցնում է պատասխանատվության մասին, Թուրքիան՝ ժխտում ցեղասպանությունը

Ցեղասպանության քաղաքականությունը Թուրքիան ցանկանում է տեղափոխել Կովկաս․ հետևելով Էրդողանի ելույթների տրամաբանությանը՝ այս եզրահանգմանն է եկել պատմաբան Ռուբեն Սաֆրաստյանը։ 106 տարի առաջ կատարված հանցագործությունը քննարկման առարկա է և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։ Մեկ դար անց էլ պետությունների մոտեցումները չեն փոխվել,- վստահեցնում է Սաֆրաստյանը․

«Ժամանակակից Թուրքիայի ղեկավարը գնալով իր մոտեցումները Հայոց ցեղասպանության նկատմամբ կոշտացրեց ու հասավ այն բանին, որ կոչ արեց շարունակել ցեղասպանությունը նաև մեր օրերում։ Կարծում եմ՝ եզրակացությունն ակնհայտ է․ ժամանակակից Թուրքիան մեր երկրի, պետականության համար լուրջ վտանգ է ներկայացնում, որովհետև ղեկավարն է այդպես ցանկանում»,– նշում է Սաֆրաստյանը։

Ցեղասպանության արյունահոսող վերքը վիրակապելու համար, Սաֆրաստյանի համոզմամբ, մեր պետությունը պետք է իր առջև հայությանը համախմբող մեծ խնդիր դնի․

«Եվ այդ խնդիրը այսօրվա կամ վաղվա խնդիր չէ, դա սերունդների խնդիր է, ինչպես հրեաները 2000 տարի գնացին մինչև իրենց պետականության վերականգնումը, մենք ունենք ավելի լավ նախադրյաներ և պետք է գնանք այդ ճանապարհով, սա է մեր պատասխանը լինելու բոլոր այն ոտնձգություններին, որոնք տեսնում ենք Թուրքիայի կողմից՝ ուղղված մեր պետականության, ժողովրդի ինքնության դեմ», – ասում է պատմաբանը։

Հանցագործության ժխտումը նույն այդ հանցագործության շարունակությունն է, -ասում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի փոխվել, ու հանդես է գալիս ոչ միայն որպես Ցեղասպանություն իրականացրած, այլ դրա ժխտումն առաջ տանող պետություն․

«Մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ հասարակությունը տասնամյակներ շարունակ դաստիարակվում ու կրթվում է պետական քարոզչության միջոցով՝ Հայոց ցեղասպանության փաստի ուրացման գաղափարախոսության ծիրում։ Եվ փաստորեն, մենք ունենք, ոչ բարով մի հարևան երկիր, որտեղ պետությունը ցեղասպան մտածողություն ունի է, իսկ հասարակությունն այդ մտածողության սատարողն ու կրողն է»,– ընդգծում է Մելքոնյանը։

Մելքոնյանը հիշեցնում է, որ թուրքական հասարակության համար Էնվերը, Թալեաթը, Ջեմալը հերոսներ են։ Զուգահեռներ է տանում․ Ադրբեջանում հերոս է հայ սպային կացնահարած Սաֆարովը, Թուրքիայում՝ հայ ժողովրդին կացնահարած փաշաները։

«Մեր դեմ պայքարում է  ոչ միայն թուրքական պետությունն իր պետական կառույցներով, այլև պայքարում է թուրքական հասարակությունը՝ տարբեր շերտերով։ Եթե զուգահեռ տանենք մեր քայլերի մեջ, ապա մենք իրավունք չունենք թուլացնել մեր հասարակության զգոնությունը»,– ասում է թուրքագետը։

Մելքոնյանի դիտարկմամբ՝  այսօր Հայաստանի իշխանությունը Թուրքիայի նկատմամբ խաղաղասիրություն է քարոզում։  Ասում է՝ հարցը, թե ինչ կտա Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին, հարված է թիկունքից։ Գիտաժողովի մասնակիցներն այս փուլում Ցեղասպանության միջազգային ճանաչումից մեծ ակնկալիքներ չունեն, բայց նաև արձանագրում են՝ եթե չլինի ճանաչում, չի լինի նաև հատուցում։

Այսուհանդերձ, իրավական որոշ գործընթացներում փոփոխություն է կանխատեսում  թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։ Բազմաթիվ են արխիվային նյութերը, որոնք փաստում են, որ Թուրքիան մտադրություն է ունեցել ոչնչացնել հայերին ոչ միայն ֆիզիկապես․ թուրքական տարբեր իշխանություններ ընդունել են օրենքներ, որոնց խորքային նպատակը եղել է հայության գույքի, ունեցվածքի ոչնչացումը։ Լքյալ գույքի մասին օրենքում, օրինակ, թուրքագետը պարադոքս է նկատել․

«Դա այն է, որ բոլոր այդ ռեժիմների ժամանակ ընդունված տարբեր օրենքները, ենթաօրենսդրական ակտերը  չեն ժխտում, որ այդ գույքը պատկանել է հայերին։ Այսինքն՝ այդ օրենքներում մենք տեսնում ենք, որ այնտեղ չի ասվում, որ գույքը հայերինը չի, հակառակը, այդ բոլոր օրենքներով հայերը առկա են որպես գույքի օրինական տերեր, հիշատակված են այդ օրենքներում»,– նշում է Հովհաննիսյանը։ 

Մինչև օրս հերքված չէ այդ օրենքներով հաստատվող փաստը, որ գույքի օրինական տերերը  հայերն են։ Սա, ըստ Անուշ Հովհաննիսյանի, կարող ենք դարձնել զենք և օգտագործել միջազգային ատյաններում։ Եթե ԱՄՆ–ը ճանաչի Ցեղասպանությունը, դա թույլ կտա վերսկսկել այն գույքային հարցերի քննությունը, որոնք ներկայացվել են դատարան։ Դրանց ընթացքը ժամանակին կասեցվել է՝ հենց ԱՄՆ–ի՝ Ցեղասպանությունը չճանաչելու հիմքով։

«Շրջանառվում է կարծիք, որ Ամերիկայի նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է նոր շունչ տալ, չնայած բաց թողնված ժամկետին, նախադեպային կարող է լինել, որ այդ հայցադիմումների դիտարկումը վերականգնվի»,– նշում է թուրքագետը։

Քաղաքագետներից հաճախ ենք լսում, որ Ամերիկան վերանայում է իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Նրանք դա դիտարկում են Ցեղասպանության հարցում Թուրքիային դեղին քարտ ցույց տալու հնարավորություն։ Սրանով հանդերձ՝ հայ պատմաբանները, թուրքագետներն ու քաղաքագետները  համարում են, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայության համար անվտանգության առումով ունի բացառիկ նշանակություն, և այս մոտեցումը վերանայման  ենթակա չէ։  

Ցուցադրել ավելի
Back to top button