ԿարևորՀասարակություն

Լռող Եվրոպայի ապաշխարա՞նքը․ հայ գերիների հարցը ԵԽԽՎ-ում

Այս րոպեներին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ լիագումար նիստում, սկսվել է Հայաստանի համար կարևոր ու զգայուն հարցերից մեկի քննարկումը։ Չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի  հակաքայլերին՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ քաղաքացիների հարցը մտավ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ։ 93 պատվիրակ կողմ էր հարցին անդրադառնալուն և ընդլայնված քննարկելուն։ Եթե մի կողմից սա ընկալվում է որպես դրական քայլ, ապա մյուս կողմից կան այդ քայլը քննադատողներ՝ պատերազմի ընթացքում լուռ մնացած Եվրոպային ինքնամաքրվելու հնարավորություն տալու համար։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող այլ քաղաքացիների խնդրով հայ պատվիրակներն աշխատանք են տարել նախ քաղաքական խմբերում, իսկ արդեն ԵԽԽՎ նիստի ընթացքում այլ մարտավարություն է պետք՝ «Ռադիոլուր»–ին Ստրասբուրգից ասում է հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«Կարևորն այն է, որ շատ երկրների պատվիրակներ խոսեն։ Ոչ թե մենք շատ խոսենք, որ չդառնա հայ–ադրբեջանական կռիվ, որից բոլորը հոգնել են, այլ՝ եվրոպական տարբեր երկրների պատգամավորներ, պատվիրակներ խոսեն այս թեմայով, դատապարտող, աջակցող ելույթներ ունենան, որ խնդիրը շուտափույթ պետք է լուծել։ Այսինքն՝ այդ ուղղությամբ է այժմ աշխատանքներ տարվում։ Սա կարևոր քայլ է՝ միջազգային մինչև այս պահը եղած ամենաբարձր ատյանում քննարկել հարցը, միջազգային լոբբինգը, ճնշումը ուժեղացնել ընդդեմ Ադրբեջանի, որ այս հումանիտար՝  ռազմագերիներին վերադարձնելու հարցով որևէ պատրվակ այդ երկիրն այլևս չունենա և հետ վերադարձնի»։  

Հայկական մեկ պատվիրակության մեջ իշխանությունն ու ընդդիմությունն այս հարցով միասնաբար են գործում։ Սա այն հարցը չէ, որ տարաձայնություններ լինեն՝ ասում է հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Էդմոն Մարուքյանը։ Մինչդեռ Հայաստանում այս քայլը քննադատողներ կան։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառմամբ 5 կետով պնդում է, որ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետրով չի մոտեցնելու տղաների վերադարձին: «Փիառվում են մի քանիսը, շահում է Եվրոպան՝ նաև հակառուսական ելույթների հնարավորություն ստանալով, տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները»,-կարծում է Աժ նախկին փոխնախագահը։

Այսպիսի մեղադրանքներին ի պատասխան իշխանական թիմից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցնում է ամիսներ առաջ հնչող այլ մեղադրանքները․

«ՀՀ շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրացվի ՀՀ գերիների հարցը։ Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներից այս հարցի առնչությամբ կար լռություն, նույն ուժերը, որոնք այսօր քննադատում են, թե իբր դիվանագիտական սխալ է, թե եսիմ ինչ է, ասում էին՝ ոնց է, այլ հարթակներում չի խոսվում, պետք է բոլոր հնարավոր հարթակներում գնալ և թմբկահարել գերիների հարցը։ Հիմա բոլոր հնարավոր հարթակներում բարձրացվում է գերիների հարցը, ասում են՝ վայ, թմբկահարվեց։ Ես կարծում եմ՝ պետք է կողմնորոշվենք, ժողովուրդ ջան, ո՞րն ենք ուզում»։  

Քաղաքական հարթակներում նաև կարծիք կա, որ միջազգային «աղմուկը» և, այսպես ասենք, «քաղաքականացումը» կխանգարի գերիների վերադարձին եւ որ խնդիրը լռություն է պահանջում։ Մոտեցումների փոփոխությունը և հետագա նպատակները պարզաբանում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը․

«Որքան էլ մենք փորձում ենք գերիների հարցը չքաղաքականացնել, որովհետև այն քաղաքականացնելու դեպքում այն ուզած, թե չուզած վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի մենք միշտ պնդել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար՝ նաև նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով։ Եթե դուք ինձ հարցնում եք, թե ինչ կտա ԵԽԽՎ մի ամբողջ նիստում այդ հարցի քննարկումը՝ այս հարցի քննարկումից ակնկալվող արդյունքներն այնքան են, ինչքան կհամարեիք այդ հարցը օրակարգում չընդգրկվելու բացասական հետևանքները»։

Ընթացակարգային առումով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հարցի քննարկումը որևէ բանաձևի ընդունում չի ենթադրում, բայց դրական հիմքեր է ստեղծում ապագայի համար։ Եթե Ադրբեջանը ԵԽԽՎ հարթակում խոսում է խաղաղություն հաստատելու մասին, ապա երեկվանից արդեն ԵԽԽՎ հարթակում Ալիևը՝ իր բացած  այսպես կոչված «ռազմական ավարի պուրակով» համեմատվել է Հիտլերի և Սադդամ Հուսեյնի հետ։

Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում ցուցադրել են նկարներ, թե ինչպես են ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների՝ տառապանքների տեսարաններ պատկերող մանեկենների կողքին, և պահանջել են կառույցից գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում բացված պուրակը փակելու համար։   

ԵԽԽՎ-ում հայ գերիների խնդրի քննարկման հարցում, ի դեպ, առանձին ուշադրության առարկա է դարձել ռուսական պատվիրակության քվեարկությունը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգի ձևավորման ժամանակ։ Ներկայացված օրակարգին, հետևաբար՝ գերիների հարցի քննարկմանը ռուս պատվիրակների մի մասը դեմ է քվեարկել, մյուսները՝ ձեռնպահ։ Քվեարկության պատկերը կարելի է տեսնել ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ Ռուսաստանի փորձագիտական շրջանակները քվեարկության պատկերը բացատրում են նրանով, որ օրակարգը միասնական է ձևավորվում, իսկ այնտեղ կա նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցը։ Պաշտոնական որևէ բացատրություն ռուս պատվիրակների քվեարկությանը չկա, հետևաբար՝ հայկական կողմը որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ հարցով չի տալիս։

Ցուցադրել ավելի
Back to top button