ԿարևորՀասարակություն

Լիցենզիան բավարար չէ, ռազմավարություն է պետք․ երկրաբանները՝ հանքարդյունաբերության մասին

Ընդհանուր քաղաքականության և ռազմավարության բացակայությունը դանդաղեցնում է ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը,  կանխատեսելիության բացակայությունը խոչընդոտում է երկարաժամկետ մրցակցությանը․ այս գնահատականը տեղ է գտել հանքարդյունաբերության ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  իրականացրած ուսումնասիրության մեջ։  Մասնագետների կարծիքով նույնպես՝ ոլորտի հիմնական խնդիրը ռազմավարության բացակայությունն է, ինչ արդյունքում  հանքաարդյունաբերությունը զարգանում է ոչ թե ըստ ծրագրի, այլ՝  ըստ իրավիճակի։

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում հանքարդյունահանմամբ զբաղվելու իրավունք ստացել է 372 ընկերություն։ Լիցենզիաներից 344–ը տրամադրվել է ոչ մետաղական, 28-ը՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար։ Երկրաբան Շահեն Խաչատրյանի կարծիքով՝ 372 լիցենզիան Հայաստանի նման փոքր երկրի համար շատ է, բայց գրված թիվն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են՝․

«Նախկինից եկած սովորություն է՝ լիցենզիաները վերցնել, սպասել, հետո ինչ–որ մեկին տալ։ Այսպես եղել է տարիներ շարունակ։ 372–ից քանի՞սն է այսօր աշխատում շատ քչերը։ Եթե չեմ սխալվում, 20-ից ավելի մետաղական հանքավայրերի թույլտվություններ կան, բայց աշխատում են մի քանիսը՝ Սոթք, Քաջարան, Ագարակ, Կապան, Մեղրասար․ 7 հանքավայր 28–ից»։

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նույնպես անդրադարձել էր այս խնդրին։ Ուսումանսիրելով հանքարդյունաբերական իրավիճակը՝ արձանագրել էր․  ոլորտի տնտեսական ողջ ներուժը չի օգտագործվում։

Հաշվետվությունը նաև փաստում էր, որ  արդյունահանման իրավունք ստացած մի շարք ընկերություններ՝ մետաղական արդյունաբերությունում՝ 56 և ոչ մետաղական արդյունաբերությունում՝ 33 տոկոսը, վերջին տարիներին արդյունահանման աշխատանքներ չեն իրականացրել։

Խաչատրյանը ներկայացնում է լիցենզիա տրամադրելու կարգն ու պահանջները․

«Սովետական միության ժամանակ ՀՀ տարածքն ամբողջությամբ ուսումնասիրվել է, դուք չեք կարող գտնել մի թիզ, ուր ուսումնասիրություններ արված չլինեն։ Որտեղ մի հանքայնացված տեղամաս գտել են, ֆիքսել են, և դա գրանցվել է արխիվներում՝որպես օգտակար հանածոյի առկայության վայր, հիմա դրանց վրա լիցենզիաներ են տրամադրվում։ Օրենքը չի արգելում՝ լիցենզիան 1 հատ, 10 հատ թե  100։ Մարդ է, գալիս է, տարածք է ուզում, պետությունն էլ տալիս է, որովհետև արգելանք չկա»։

Լեռնային ինժեներ, Էներգետիկայի նախարարության ընդերքօգտագործման գործակալության լիցենզիայի տրամադրման բաժնի նախկին պետ Գագիկ Դուրունցն այս իրավիճակը նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտում է համարում։ Ըստ հոդվածի՝  առաջին հերթին պետք է իրականացվի ընդերքի պահպանությանը և ողջամիտ, համալիր օգտագործմանն ուղղված միջոցառումներ նախատեսող պետական ծրագրերի մշակում, հաստատում և իրագործում։ Նախկին պաշտոնյայի կարծիքով՝ օրենքի այս դրույթը հանքարդյունահանման ոլորտում ձևական նշանակություն ունի։ 

«Ընդերքը պետք է տրամադրվի կառավարության կողմից ընդունված ծրագրերի համաձայն։ Ցավով պետք է ասեմ, որ և՛ նախկին, և՛ ներկա կառավարությունները այդպիսի ծրագրեր չեն կազմել»։

Այս խնդրին ևս անդրադարձ կա ՏՄՊՊՀ ուսումնասիրության  մեջ․ հանքարդյունաբերության ոլորտը զարգանում է առանց արդյունահանման երկարաժամկետ ծրագրի․

«Ընդհանուր քաղաքականության և ռազմավարության բացակայությունը դանդաղեցնում է ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանխատեսելիության բացակայությունը սպառնալիք է երկարաժամկետ մրցակցության համար»

Երկարաբան Շահեն Խաչատրյանը նույնպես կարծում է, որ  հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում զարգանում է առանց ռազմավարության։

«Ռազմավարություն չկա։ Ընդերքի օգտագործման հետ կապված մեր երկիրը ոչ մի ռազմավարություն չունի։ Թղթի վրա ամեն ինչ էլ կա, բայց թղթի վրա եղածը մինչև այսօր կյանքի չի կոչվել»։

Մասնագետները համոզված են , որ հանքարդյունաբերության ոլորտում  շահողն ավելի շատ արդյունահանողներն են, քան պետությունը։   Իսկ պետության շահը գերակա չի լինի, քանի դեռ ռազմավարական նպատակները հստակ ձևակերպված չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button