ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ ՊՆ-ն հայտնվեց խոշոր հարկատուների ցանկում․ հարկերի կառուցվածքը մտահոգիչ է

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկն այս տարի առաջին անգամ այլ կառուցվածք ունի․ դրանում արդեն ներառվել են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից։ Ցուցակում առաջատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է, հաջորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, երրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։  ՊԵԿ–ից «Ռադիոլուր»–ին պարզաբանել են, թե ինչո՞ւ է ՊՆ-ն հայտնվել խոշոր հարկատուների ցանկում։ Հարկերի հավաքագրման մեթոդաբանությունն է փոխվել՝ բացատրել են։

15․2 մլրդ դրամով կամ 5․5 տոկոսով նախորդ տարվանից պակաս․ հունվար-մարտին պետբյուջե մուտքագրված հարկերի ծավալը շուրջ 260 մլրդ դրամ է։ Այս տարի առաջին անգամ հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված են նաև պետական կառույցները։ Ընդ որում՝ վճարած հարկերով, այսպես ասենք, «պատվավոր» երկրորդ հորիզոնականում Պաշտպանության նախարարությունն է՝ 16 մլրդ դրամ հարկով։ Խոշոր հարկատուների ցանկում ՊՆ-ն միակ պետական կառույցը չէ, այստեղ են նաև Ազգային անվտանգության ծառայությունը, ՊԵԿ-ն ինքն էլ։  ՊԵԿ  հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալը «Ռադիոլուր»–ին պարզաբանում է՝ սա օրենքի  փոփոխություն է ու միակը չէ։ Մինչև 2018-ը հարկային վճարումները կատարվում էին առանձին հարկատեսակներով, իսկ մուտքագրված գումարները համարվում էին պետական բյուջեի եկամուտ․

«2018 թհունվարի 1–ից Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ արդեն գործում է միասնական հաշիվ։ Հարկ վճարողների վճարումները համարվում են  պետական բյուջեի եկամուտներ միայն ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած պարտավորությունների մարմանը համապատասխան։ Եթե նախկինում վճարվում էր հարկատեսակին  ու համարվում էր պետական բյուջեի եկամուտ, ապա այժմ միասնական հաշվին միայն վճարման դեպքում դա դեռ պետական բյուջեի եկամուտ չէ։ Որպեսզի վճարը համարվի պետական բյուջեի եկամուտ, հարկ վճարողը պետք է  է հաշվարկ կամ պարտավորությունների մարման ակտ ներկայացնի»։

Պետական մարմիններին հազար խոշոր հարկատուների ցանկում ներառելը հանրային ֆինանսների կառավարման ու թափանցիկության քայլ է համարում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը, իսկ պաշտպանության նախարարության աշխատակազմի՝ երկրորդ հորիզոնականում հայտնվելը պատերազմով է պայմանավորում։

«Մեր հարկային եկամուտների մեջ ՊՆ  վճարած  հարկերի  թիվը միշտ էլ եղել է, այնպես չէ, որ սա հավելյալ հարկային եկամուտներ կարող է  ապահովել պետական բյուջեի համար։ Ի վերջո պատերազմական տարում փոխվում է ծախսերի բնույթը, կառուցվածքը, ֆինանսավորումը, բնականաբար փոխվում են նաև վճարած հարկերը»։

Դիտարկելով հարկային եկամուտներն ըստ առանձին հարկատեսակների՝ փորձագետ Արմեն Քթոյանը փոփոխություններ է արձանագրում․ նվազել են շահութահարկի ու ակցիզային հարկատեսակների վճարումները, մինչևդեռ եկամտային հարկի ու ԱԱՀ–ի վճարումների մասով էական փոփոխություններ չկան։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ անուղղակի հարկերն ավելացել են։ Սա տնտեսության ճգնաժամային վիճակի արտացոլումն է․

«Վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի մասնաբաժինը նվազել է, մինչդեռ նախորդ երկու տարիներին դրանք ավելացել էին, սակայն, այս տարի դրանք նվազել են։ Ուղղակի հարկերը՝ եկամտային հարկն ու շահութահարկը, 36 տոկոս են կազմում, մինչդեռ անցյալ տարի 38․4  տոկոս էր։ Սա շահույթի նվազմամբ է պայմանավորված»։

Խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ նախորդ տարվանից  5.2 տոկոսով ավելի։ Երկրորդում ՊՆ-ն է․ համադրելի ժամանակահատվածի աճը 70 տոկոս է:   Երրորդ տեղում  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ մոտ 90 տոկոս ավելի հարկերով։ Հարկերի պակաս վճարմամբ առաջին տեղում «Գրանդ  Տոբակո»-ն է․ այն 9 մլրդ դրամով պակաս հարկ է վճարել․ մինչդեռ որոշ տարիների այն առաջին հորիզոնականում էր։ 4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է, որի  վճարած հարկերը եւս նվազել են։  5-րդ խոշոր հարկատուն երկրի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն է՝ 4 տոկոսով պակաս հարկերով։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված մի քանի ընկերությունների վճարած հարկերի նվազումն էական է համարում, ինչպես օրինակ՝ «Գրանդ Տոբակո»-ի դեպքում ու պատճառներն է մատնանշում․

«Անկման առումով հիմնական տեղաշարժն այն ընկերությունների մոտ է, որոնք առավել շատ են տուժել համավարակից ու պատերազմից՝ զբոսաշրջություն, հանգիստ, հանրային սնունդ։ Նաև մանրածախ առևտրի որոշ ընկերությունների մոտ է նվազում արձանագրվել»։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակից միայն 3-ի հարկերն են 2021-ի առաջին եռամսյակում աճել, մյուսներինը նվազել են։ 2020-ին խոշոր հարկ վճարողների ուսերին է ՀՆԱ–ի շուրջ 4․5 տոկոսը՝ ասում է ՊԵԿ  հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Զառա Մելքումովան՝  թվարկելով ոլորտները, որոնք այսպես ասած առավել ակտիվ հարկ վճարող են։

«Կարող ենք առանձնացնել առևտրի ոլորտը, ՏՏ-ն ու կապը, ֆինանսներն ու ապահովագրությունը, ինչպես նաև առողջապահության ոլորտը»։

Ընդհանուր առմամբ, հազար խոշոր հարկատուների ցանկն արտացոլում է տնտեսության կառուցվածքը, որն այս պահին խնդրահարույց է։ Համավարակի ու պատերազմի ծանր հետեւանքների հաղթահարման փուլում դեռ հաջողվել է միայն տնտեսության անկման տեմպերը դանդաղեցնել։

Ցուցադրել ավելի
Back to top button