ԿարևորՔաղաքական

3 չստորագրված օրենք՝ 1 շաբաթում․ ՀՀ նախագահի չստորագրած ԸՕ փոփոխությունները կարող է ստորագրել ԱԺ նախագահը

Ապրիլի 17-ին պարզ դարձավ, որ Հանրապետության նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր 100 տոկոս համամասնական ընտրակարգ։ Նախագահը, սակայն, այս հարցի սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Նրա աշխատակազմն ուսումնասիրել է ու պարզել, որ  փաստաթուղթը առերևույթ Սահմանդրությանը չի հակասում։ Ապրիլի 2-ից նախագահի սեղանին դրված փաստաթուղթը չի ստորագրվում այլ՝ քաղաքական պատճառներով։

Ուշագրավ է, սակայն, որ անգամ Նախագահի չստորագրելու դեպքում նախագիծը դեռ ունի օրենքի ուժ ստանալու հնարավորություն, և մեծ է հավանականությունը, որ առաջիկա արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն նախագահի չստորագրած օրենքով։ Այն, ըստ օրենքի, կարող է ստորագրել Ազգային ժողովի նախագահը։  

Իշխանության համար սկզբունքային համարվող օրենքները չստորագրելը ոչ թե պարզապես անհամաձայնության կամ իրավական խնդրիների նշան է, այլ՝ հստակ ուղերձ Նախագահի Արմեն Սարգսյանի կողմից։ Այսպես է մեկնաբանում նախագահի կեցվածքը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Վերջին մեկ շաբաթում արդեն 3-րդ անգամ՝ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը։ Վերջինը ԸՕ-ի փոփոխություններն են, որոնցով հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախաշեմին պետք է կիրառության մեջ մտնի 100 տոկոս համամասնական ընտրակարգը՝ առանց «ռեյտինգային»-ի։ Ի՞նչ է փորձում ցույց տալ նախագահն իր քայլերով,-վերլուծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Ասում է․

«Կարծում եմ, նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում փորձում է ներկայանալ որպես առանձին քաղաքական գործոն։ Այսինքն՝ փորձում է ցույց տալ, որ ինքը կարևոր դերակատարում ունի և ցանկացած դեպքում դա դրսևորում է։ Այսինքն՝ ինքնուրույնություն է դրսևորում, և դա ընդհանուր առմամբ դրական եմ համարում, որովհետև նման լարված, ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին այսօր Հայաստանում է, նախագահը կարևոր գործառույթներ ունի և ավելի ճիշտ կլիներ, եթե նա ավելի վաղ սկսեր իր այս ինքնուրույն դրսևորումները»։

ԸՕ-ի փոփոխությունները չստորագրելու՝ Հանրապետության նախագահի գլխավոր հիմնավորումը, թերևս, քաղաքական է։ Խնդրահարույց է փաստաթղթի ոչ թե սահմանադրականությունը, այլ փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծն ընդունել է միանձնյա, առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության։ Աժ քաղաքական մեծամասնությունը այս տեսակետը չի կիսում։ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, պատգամավոր Համազասպ Դանիելյանն է ներկայացնում հակափաստարկները․

«Որակում եմ անհիմն և ոչ կառուցողական։ Մի քանի կետեր կային։ Օրինակ, ասում է, որ նախագիծն ընդունվել է միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից։ Նախագծի 4 համահեղինակներց 2-ը նախկինում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ցուցակով անցած պատգամավորներն են։ Պնդումը, թե սրան կողմ են միայն իշխող խմբակցության ներկայացուցիչները, փաստացի՝ սխալ է։ Ավելին՝ սա այն նախագիծն է, որը Աժ-ում ստացել է 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն։ Բոլորը կողմ են եղել, ովքեր քվեարկել են։ Այսինքն, անգամ այն խմբակցությունը, որը քննարկման ընթացքում մտահոգություններ է հայտնել նախագծի հետ կապված, դեմ չեն քվեարկել ինչ-ինչ պատճառներով։ Գուցե չեն ցանկացել պատմության մեջ մնալ որպես ռեյտինգայինների փաստաթղթավորված պաշտպաններ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պնդում է՝ ԸՕ-ի հատվածային փոփոխությունը այս շրջանում չպետք է օրենքի ուժ ստանա։ Ավելին՝ առաջիկա 2 օրերին Հայաստանը Վենետիկի հանձնաժողովից ստանալու է ԸՕ-ի մեկ այլ՝ մեծածավալ փոփոխություններին առնչվող եզրակացությունը, որը խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է արդեն հաջորդ շաբաթ քննարկման թեմա դարձնել Աժ-ում։

ԼՀԿ-ական պատգամավորն ասում է․  

«Հույս ունեմ՝ այնքան խելամտություն կունենան, որ չբերեն այդ փաթեթը, որովհետև ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ապրիլի 25-26-ին հրաժարական տա, այսինքն՝ դա կնշանակի ԸՕ փոփոխություն, երբ արդեն վարչապետը հրաժարական է տվել։ Այսինքն՝ ԸՕ-ն փոխել, երբ ընտրական պրոցեսն արդեն իսկ սկսված է, լրիվ աբսուրդ է։ Օրը նշանակելուց արդեն իսկ խնդրահարույց էր, որ իրենք փոխեցին։ Առավել ևս հիմա, երբ վարչապետի հրաժարականին մի քանի օր է մնացել ընդամենը։ Կամ՝ վարչապետը ընդհանրապես չի ուզում հրաժարական տալ, դրա համար է բերել, ուզում է փոխել»։

Հանրապետության նախագահի հայտարարությանը միանգամից արձագանքել են արտախորհրդարանական կուսակցությունները։ 5 կուսակցություն հայտարարել են, որ պահանջում են Նախագահից ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: 5-ից մեկը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությությունն է, որի հիմնադիր համագումարը տեղի կունենա մի քանի օրից։ Ղեկավարը ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն է։ Նրա կարծիքը անփոփոխ է՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համար վերաձևափոխված ԸՕ-ն պետք է նորովի գործի․

«Առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների , կարծում եմ, մեծագույն սխալ է։ Եթե որոշում կայացվի առանց փոխելու գնալ, իմ կարծիքով սա դատապարտելի է, քաղաքական կամքի բացակայություն է և ստեղծված ճգնաժամերը խորացնելու քայլ։ Ռեյտինգային ընտրակարգով և՛ թաղային խուժանը, և՛ ընտրակեղծարարները նորից շանս են ստանալու, որպեսզի ամեն ինչ անեն, որ խորհրդարանում ներկայացվեն մարդիկ, որնք, ըստ ժողովրդի պատկերացրածի, պետք է չներկայացվեն»։

Քաղաքական մեծամասնությունը, պարզվում է, ունեցել է դեպքերի նման զարգացման մտավախություն և կոնկրետ հաշվարկներով է ընտրական բարեփոխումների փաթեթից առանձնացրել «ռեյտինգային» ընտրակարգը համամասնականի փոխելու նախաձեռնությունը։ Ըստ Սահմանադրության, եթե ՀՀ նախագահը չի ստորագրում օրենքը, ապա այն հետ է ուղարկվում ԱԺ։ Ազգային ժողովի նախագահն էլ 5 օրվա ընթացքում այն կարող է ստորագրել։ Այս ընթացակարգով, ընդհանուր առմամբ, օրենքի ընդունման համար անհրաժեշտ է 21 օր։ Համազասպ Դանիելյանն է բացահայտում հաշվարկները։

«21 օրը լրանալուն պես, Սահմանադրությունը նախատեսում է, որ Աժ նախագահը կստորագրի, հետևաբար, հաջորդ շաբաթասկզբին, երբ ժամկետը լրանա, կունենանք դա արդեն օրենքի ուժ ստացած։ Եթե կուզեք իմանալ, մենք հենց այդ բաղադրիչը առանձնացրեցինք հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ռիսկ կար, որ նախագահը կարող է չստորագրել, որպեսզի բավարար ժամանակ լինի, որ այն ուժի մեջ մտնի։ Միայն այդ մասը առանձնացրեցինք, որովհետև դրա սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն չէր լինի։ Այսինքն, եթե ուղարկվեր ՍԴ ընդհանրապես ուժի մեջ չէր մտնի և, իհարկե, դա ավելի վաղ արեցինք, որպես առանցքային խաղի կանոն, որպեսզի քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են հունիսի 20-ի ընտրություններին, նախապես իմանային, թե ինչպես են այդ ընտրություններն անցկացվելու։

Եթե առաջիկա երկու օրվա ընթացքում ստացվի նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ԸՕ-ի մեծ փաթեթի փոփոխությունների վերաբերյալ, չի բացառվում, որ  հաջորդ շաբաթ 24-ժամյա քննարկման ռեժիմով ընդունվի նաև այդ փաթեթը։ Վերջնական ստորագրություններով՝ ըստ սահմանադրական ժամկետների, մտավորապես մայիսի 25-ին  ԸՕ-ը կարող է ամբողջովին փոփոխված լինել։

Ցուցադրել ավելի
Back to top button