ԿարևորՀասարակություն

Պրոֆեսիոնալ բանակի հայկական կոնցեպտը․ թեզեր և հակաթեզեր

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել  է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63, իսկ բարձրագույն սպայական կազմինը՝ մինչեւ 65 տարեկանը: Մինչ օրենսդիրում քննարկում են պայմանագրային զինծառայության ժամկետը երկարաձգելու հարցը, կառավարության ղեկավարն առաջ է քաշում ԶՈՒ–ի մոդելի փոփոխության ու բանակի արդիականացման նոր գաղափարներ։ Դրանց մասին վարչապետը խոսել է Վայոց ձոր կատարած այցելության ժամանակ, նաև Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս։

Փաշինյանը կարծում է, որ  հեռանկարում լրջորեն պետք է քննարկվի պրոֆեսիոնալ բանակ ունենալու և ժամկետային զինծառայության կառուցվածքն էականորեն փոխելու հարցը ։  

«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,-Վայոց ձորում ասել է վարչապետը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին զինված ուժերի արդիականացման անհրաժեշտության մասին։ Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային հայտնի քարտեզում Նիկոլ Փաշինյանը խոստացավ 6 ամսվա ընթացքում հաստատել Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը և սկսել այդ գործընթացը։ Այս ընթացքում խոսվեց  նաև բարեփոխումները ռուսական բանակի ներքո իրականացնելու մասին, իսկ խորհրդարանում Փաշինյանն ուղիղ հայտարարեց․ «ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական դաշինքն է։ Քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորություններն ընդլայնելու հարցը և Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հնարավորությունը»,- նշեց Փաշինյանը։

Ռազմական փորձագետները Փաշինյանի վերջին հայտարարություններում մտահոգիչ կետեր  են տեսնում։ Կարեն Վրթանեսյանը հնչած թեզերը  նախընտրական համատեքստում է դիտարկում, կարծում է՝ հայտարարությունները  գործ չեն դառնա։ Դրանց  նպատակը Հայաստանի  ԶՈՒ-ի եւ Արցախի ՊԲ-ի ապամոնտաժումն է՝ համոզված է վերլուծաբանը։

«Ադրբեջանը պատերազմն ավարտված չի համարում։ Նա սպասում է հարմար պահի, որ Ռուսաստանն ինչ–որ տեղ խնդիր ունենա և  հաջորդ հարվածը հասցնի։ Այս ֆոնին խաղաղասիրական քարոզչությունը, հարեւանության քարոզչությունը, բանակի կրճատման գաղափարները, չծառայելու քարոզը ասում է՝ եկեք հայկական պետականության պրոյեկտը ապամոնտաժենք, որ շարունակենք պաշտոնավարել»։

Ալիևն ու նրա խոսափողներն ամեն օր խոսում են տարածքային նոր հավակնությունների մասին։ Ու այդ ֆոնին, ըստ փորձագետների,  պետք է մտածել ոչ թե ծառայության կրճատման, այլ բանակի իրական արդիականացման մասին։ Այս ընթացքում,  մինչ մենք հետևում էինք ԶՈՒ-իշխանություններ  հեռավար բանավեճին, Բաքուն զինվում էր ՝ ասում է վերլուծաբանը։

«Ադրբեջանական բանակը ակտիվ համալրվում է, ինչը վկայում են տարբեր երկրներից ռազմական և  սովորական ինքնաթիռների պարբերական թռիչքները։ Անցկացվում են ակտիվ զորավարժություններ՝ թուրք-ադրբեջանական, եւ առանձին ֆորմատով։ Ադրբեջանը շատ լուրջ կորուստներ է ունեցել պատերազմի ժամանակ, եւ այսօր բանակաշինության գործընթացը մեծ թափով ընթանում է։ Այն մեկ վայրկյան անգամ չի դադարել։ Թշնամին էլ չի փոխվել՝ ՀՀ-ն է։ Իսկ հայկական բանակն այս ընթացքում զբաղված էր Նիկոլ Փաշինյանի հարձակումներին դիմադրելով»։

Թե բանակի որ մոդելն է հարկավոր ՀՀ-ին, ում հովանու ներքո, պատմաբան Ռուբեն Սաֆրաստյանը չի քննարկում, բայց որ ՀՀ-ին այս տարածաշրջանում անհրաժեշտ է գերժամանակակից բանակ, վստահ է։  Հայաստանը շարունակում է հարևան երկրների համար ընկալվել որպես թշնամի, որքան էլ խուսափենք այս ձեւակերպումից։

Պատմաբաններն անհանգստացնող և մտահոգիչ հարցերի շղթայում նաև պատմական փաստեր են հիշեցնում․ Թուրքիայի հետ 1920թ.-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ կետով, օրինակ,  ըստ էության, բանակ չունենալու պայման էր առաջ քաշում։

«Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4)»,- ասում է պատմաբան Ամատունի Վիրաբյանը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հաղթանակի բանաձևը հետևյալն էր՝ լինել հակառակորդից մեկ գլուխ ուժեղ: «Պատերազմից խուսափելու մի հրաշալի ձև ունենք՝ այս տարբերությունն անընդհատ պահել» ,- ասել է Սպարապետը։

Back to top button