ԿարևորՔաղաքական

Ցեղասպանությունը՝ մահակ Թուրքիայի գլխին, գործիք՝ Բայդենի ձեռքին

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերութուններ սկսելու կամ սահմանները բացելու Թուրքիան համար երեք հիմնական պահանջ ունի, ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։ Առաջինը Արցախից ամբողջովին հրաժարվելն ու կարգավիճակի մասին չխոսելն է, երկրորդը՝ Հայոց Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը և ճանաչման պահանջից հրաժարվելը։ Երրորդը՝ Կարսի պայմանագրի վավերացումն է Հայաստանի կողմից։ Ըստ փորձագետի՝ Արցախյան պատերազմից հետո էլ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մնացել է նույնը․

«Ընդհանուր առմամբ, Թուքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող եմ հստակորեն ասել, որ չի փոխվել, նույն ռազմատենչ հայտարարությունն է։ Վերջին շրջանում Թուրքիան մեծ քանակությամբ զորք է կուտակել իր արևելյան սահմաններին, այսինքն՝ Հայաստանի սահմանների հարակից շրջաններում։ Մեծ հաշվով, Թուրքիան վտանգներ է զգում մեր կողմից, սակայն այդ վտանգը նա զգում է ոչ թե Հայաստանից, այլ Ռուսաստանից, որովհետև պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայացվածությունը Հայաստանում մեծացել է»,- ասում է Հովհաննիսյանը։

Թուրքիան Հայաստանի նկատմամբ չի փոխվել, իսկ փոխվել է արդյո՞ք Հայաստանի պետական դիրքորոշումը Թուրքիայի և Հայոց Ցեղասպանության հարցում։ Աանդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների բանակցելու հնարավորությանը՝ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը նշել է, որ երկու պետությունների միջև որևէ բանակցություն չկա և նախատեսված էլ չէ։ Այվազյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ տարվում են․

«Բնականաբար, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը մնում է մեր գերատեսչության առաջնային ուղղություններից, և մենք որևէ առիթ չենք կորցնում միջազգային հարթակներում այս հարցը բարձրացնելու համար։ Երկկողմ շփումների ընթացքում ջանքեր են գործադրվում, որ հասնենք հիմնական խնդրին՝ Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչմանը։ Վերջերս արտաքին գործերի նախարարը, ԱԺ արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ևս անդրադարձել է այս խնդրին և ևս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ փոփոխություն այս առումով մեզ մոտ տեղի չի ունեցել»,– ընդգծում է Այվազյանը։

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը փոփոխություններ է արձանագրում ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Ասում է՝ եթե Թրամփը վարում էր մեկուսացման քաղաքականություն, ապա Բայդենը ցանկանում է վերադառնալ տարածաշրջան։ Ցեղասպանության ճանաչման հարցը ևս Բայդենի ձեռքում  Թուրքիային սաստելու գործիք է, սակայն դա միակ գործիքը չէ․

«Բայդենը նպատակ ունի տարածաշրջանում ևս իր ներկայացվածությունը ունենալու, սակայն դա լինելու է ոչ թե Թուրքիայի, այլ քրդերի միջոցով։ Հենց այստեղ Բախվում են ԱՄՆ–ի և Թուրքիայի շահերը, քանի որ, ավանդաբար, քրդերի թեման մահակ է եղել ԱՄՆ–ի ձեռքին Թուրքիայի գլխին։ ԱՄՆ–ն, կարծես, անընդհատ կարողանում է սաստել Թուրքիային հենց քրդերի հարցով»,– ասում է թուրքագետը։

Հայ դատի հանձնախմբի և գործակից կազմակերպությունների ջանքերով մինչ օրս առավել քան մեկ միլիոն նամակ է ուղղվել Սպիտակ տան վարչակազմին՝ խրախուսելու նախագահ Բայդենին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում։ Կարտասանի Բայդենը Ցեղասպանություն բառը, թե ոչ, պարզ կլինի ապրիլի 24–ին ընդառաջ։ Իսկ մինչ այդ՝ պարզ է մեկ բան․ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը անփոփոխ է՝ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button