ԿարևորՀասարակություն

Սյունիքում նոր ճանապարհներ են կառուցվում

Արմեն Դավթյան
«Ռադիոլուր»-Սյունիք

Սյունիքում փոփոխված իրավիճակում նոր ճանապարհների կառուցման, նախագծման աշխատանքներ են տարվում, միաժամանակ օրակարգում է ճանապարհների անվտանգության հարցը։ Չնայած Մեղրի-Երեւան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Շուռնուխ հատվածով երթեւեկությունն անխափան է, արդեն սկսվել է այլընտրանքային Խոտ–Տաթեւ ճանապարհի կառուցումը։ Նոր ճանապարհ է կառուցվում նաեւ Որոտանի սահմանամերձ համայնքում այգեգործական տնտեսություն ունեցողների համար։ Սյունիքի փոխմարզպետը, սակայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտել է՝ սա չի նշանակում, թե ներկայում գործող ճանապարհից հրաժարվում ենք։

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր փորձում են լուծում գտնել 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հուշագրի հետեւանքով ստեղծված ճանապարհային խնդիրներին։ Մարզի Որոտան եւ Շուռնուխ սահմանամերձ գյուղերի որոշ հատվածներ անցել են ադրբեջանական վերահսկողությանը։ Որոտանում այգիների մի մասը հասնելու համար անհրաժեշտություն էր առաջացել նոր ճանապարհ կառուցել՝ «Ռադիոլուրին» ասում է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։ Որոտանի այգիներ տանող ճանապարհի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն, ու շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել այգիներ։

«Որոտանի բանավանում  մենք ունենք Գորիս համայնքի  բնակիչների այգիներ։ Կապանից Գորիս ճանապարհի ձախ մասի այգիների ճանապարհն անցել է հակառակորդին։ Այդ պատճառով տարբերակ կա դեպի Խոտ գյուղ բարձրացող ճանապարհի մոտով նոր ճանապարհ գցենք, որ բնակիչները մոտենան իրենց այգիներին։ Այսինքն, նախկին ճանապարհը մենք պետք է բնականաբար փոխենք, նոր ճանապարհ գցենք»։

Արդեն սկսվել է Խոտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումը եւս։ Սյունիքի փոխմարզպետը, սակայն, շարունակելու է երթեւեկել նախկին ճանապարհով, «մեր գործող ճանապարհից չենք հրաժարվում»՝ շեշտում է Կարո Ավանեսյանը․

«Այս տարի  կառուցում ենք Որոտանոտ գյուղ  ճանապարհը, Երեւանից  որ գաս, մտնես Տաթեւի խաչմերուկով  մտնես Խոտ , իջնես Որոտան։ Չնայած ես չեմ ցանականա դա, երթեւեկությունը պիտի նախկին ճանապարհով լինի, որ չմտածեն՝ հանձնեցինք այս ճանապարհը։ Մենք՝ ղեկավարներս, հատկապես ես, միշտ նախկին ճանապարհով եմ գնալու՝ իրենց ցույց տալու, որ մենք վստահ ենք այս ճանապարհով գնում-գալիս»։

Սյունիքում թեժ են Մեղրիով բացվելիք ճանապարհի մասին խոսակցությունները։ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը մինչ օրս իր քաղաքում արտառոց ոչինչ չի տեսել, ոչ մի ադրբեջանցի չի հասել Մեղրի ու ճանապարհային հարցեր քննարկել։ «Ռադիոլուրի» զրուցակիցը շեշտում է՝  ստորագրված հուշագրում խոսքը ենթակառուցվածքների մասին է, ոչ թե միջանցքի։  

«Ես արդեն չգիտեմ՝ մեզ համար թշնամի, շատերի համար արդեն կառուցողական հարեւան երկրների ղեկավարներն անընդհատ նշում են «միջանցք» բառը։ Իրենց ձեւով ուզում են Մեղրու տարածքն օգտագործել, ժողովրդական լեզվով ասած՝  հոր կամ պապի  տուն եւ Նախիջեւանը կապել Ադրբեջանին։ Այսինքն՝ իրենք ցանկանում են առանց ՀՀ սահմանված մաքսային եւ այլ ընթացակարգերը պաշտպանելու ունենալ միջանցք»,-ասում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը համամիտ չէ ինչպես Մեղրիի համայնքի ղեկավարի, այնպես էլ  նման մտահոգություն հայտնողների հետ։

«Այնպես չէ, որ պետք է ձեռք տա իրենց՝ հակառակորդին, մենք էլ մեր խնդիրը ունենք։ Մեր խնդիրն է, որ Քաջարանի հումքը, ինչպես խորհրդային տարիներին, երկաթգծով հասցնենք Ռուսաստան եւ այլ երկրներ։ Մենք այդ պահանջն ենք դնելու։ Իրենք էլ ուզում են Մեղրիի միջանցքով մտնեն Իրան»,-ասում է Ավանեսյանը։

Մեղրիով ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը դեռ անորոշությունների փուլում է՝ նախորդիվ հայտարարել էր վարչապետը՝ շեշտելով, որ Ադրբեջանը տորպեդահարում է այս գործընթացը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, անդրադառնալով Մեղրիի մասին խոսակցություններին, նախորդիվ տեղեկացրել էր՝ «քննարկում են ուղիներ, որոնց իրավական կարգավորումներն իրականացվելու են բացառապես ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացած է»։ Սյունիքի մարզպետն ամեն դեպքում շեշտում է՝ Հայաստանի շահը ոչ մի պարագայում  չի անտեսվելու, անվտանգային ռիսկերն առաջնահերթորեն են դիտարկվում։

Ինչ վերաբերում է Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Որոտան–Շուռնուխ հատվածին, ապա այստեղ լուրջ միջադեպեր մինչ օրս չեն գրանցվել՝ չհաշված մի դեպք, երբ քարերով խփել են ճանապարհով անցնող  մեքենաներից մեկին։ Այս խնդիրը փորձում են ճշգրտել։  Ճանապարհը վերահսկում են հայ եւ ռուս սահմանապահները։

Ցուցադրել ավելի
Back to top button