ԿարևորՀասարակություն

Պոլիկլինիկաները վերանորոգվում են

Շուրջ 55 հազար բնակչություն ունեցող Ավանի միակ՝ h. 12 պոլիկլինիկայի բոլոր հարկերում սանհանգույցների դռները տարիներ շարունակ փակ էին կամ դրանցից օգտվելը մարդկային մեծ կամք էր պահանջում: Երևանի քաղաքապետարանն այս տարի իր միջոցների մի մասն ուղղեց պոլիկլինիկաների սանհանգույցների նորոգմանն ու դռների փոխարինմանը:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին նորոգվելու է 5 պոլիկլինիկա: Միայն հ. 12 պոլիկլինիկայում կնորոգվի 14 սանհանգույց, կփոխարինվի 241 դուռ».- նշում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Երևանի պոլիկլինիկաների շենքերը հիմնականում կես դարից ավելի հին պատմություն ունեն: Տարիների ընթացքում մի տեղ պատուհաններն են փոխվել, մյուսում՝ տանիքը նորոգվել:


«2021 թվականի առաջանահերթություններից էր սանհանգույցների վերանորոգումը: Ամենակարևորն այն է, որ առաջին հարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույց կլինի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան հեշտորեն օգտվել»,-ասում է «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Գայանե Մարգարյանը:

Բուժօգնության առաջին օղակի 5 շենքերը նոր, հարմարավետ պայմաններով կաշխատեն մի քանի ամսից, երբ շինարարությունն ավարտվի: Շինությունները նորոգվում են նաև սեփական խնայողության հաշվին: Առողջապահության ոլորտի զարգացմանը միտված քաղաքային իշխանության ծրագրերը շարունակական են:

«Քաղաքապետի կողմից կա հանձնարարական, որ շարունակվի պոլիկլինիկայի վերազինումը: 44 անուն բուժսարքավորում է ձեռքբերվելու այս տարի: Առաջիկա երկու ամսվա ընթացքում կսկսվի մատակարարումը»,-ընդգծում է Կամսար Բաբինյանը:

Վերանորոգում, վերազինում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքային պոլիկլինիկաներում ծառայությունների ու սպասարկման որակի բարելավմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button