ԿարևորՄշակույթ

«Մյուսները կամ այլք» ներկայացումը ԵԹԿՊԻ բեմում․ դրվագները՝ վերջին պատերազմից

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում Երիտասարդական թատրոնի դերասաններ են։ Անտիպրիզային ներկայացում, որին ներգրավված է ինստիտուտի տարբեր կուրսերի 9 ուսանող։  «Մյուսները կամ այլք» անունը կրող ներկայացումը դոկումենտալ ժանրում է՝ գործող անձինք  պատմում են պատերազմի ու մեր օրերի  մասին։ Ի դեպ, հենց գործող անձինք էլ գրել են իրենց պատմությունները։ Դրանք ի մի է բերել ու բեմադրել ռեժիսոր Գալուստ Ներսեսյանը։

Հայելին  կոտրվում է, ու ամեն կտորը դառնում առանձին պատմություն։ Ներկայացում դարձած պատմության դերակատարներն այն անձինք  են, որոնք պատերազմը զգացել էին իրենց մաշկի վրա։ Ռեժիսոր Գալուստ Ներսեսյան.

«Ներկայացման մեջ ոչ մի հնարովի բան չկա։ Յուրաքանչյուր դետալ մտածված է։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք կարիք կար նման ներկայացման, ես միշտ զարմանում եմ։ Իհարկե կար, քանի որ սա մի հարթակ է, որտեղ կարող են ուսանողները արտահայտվել»,–ասում է ռեժիսոր Գալուստ Ներսեսյանը։

Դերասան Լևոն Համբարձումյանը խաղում էր ինքն իրեն։ Նա պատերազմ մեկնել էր կամավոր ու վիրավորվել։ Բեմից պատմում է ապրումների մասին, որոնք ունեցել է պատերազմի դաշտում։

«Մահվան հետ առաջին անգամ ծանոթացա կռվի դաշտում, ասեմ ավելին, համարձակվեցի  նայել աչքերի մեջ»,-բեմից պատմում է Լեոն։

Զինվորականի  ընտանիքում ծնված Լիլի Սարգսյան էլ պատմում է  զինվորական հորեղբոր կորստի  մասին ու խոսում հոր  վրեժից. հայրը շշնջացել էր հորեղբոր աճյունի մոտ, խոստացել նրա վրեժը լուծել։ 

«Ես այդ օրերին քարացել էի ու ամաչում էի, որ ոչ մի կաթիլ արցունք չէր գալիս։ Բայց ես  ամեն օր տանը նստած սպասում էի ամեն տեսակի վատ լուրերի, քանի որ հայրս հորեղբորս խոստացել էր վրեժ լուծել»,–պատմում է դերասանուհի Լիլի Սարգսյանը։

Արման Մինասյանի ընկերը պատերազմում  հրաշքով է փրկվել։ Բեմից ներկայացնում է փրկված ընկերոջ պատմությունը։

Ներկայացումն ամբողջացնում է գլխավոր հերոսուհին՝ Սրբուհի Բալայանը՝ ծնունդով Հադրութից։

«Այս օրերին ես կորցրել եմ ամեն ինչ՝տունս, հայրենիքս, մանկությունս, սպասում եմ սիրելիս՝ Յոժին։ Մենք մի հեքիաթ ունենք՝ փայտե տուն, երեխաներ, ոզնի ու աղվես։

Սրբուհին բեմից  խոսում է իրենց սիրո, ապրումների, սպասումների, երազանքների մասին՝  խոստանալով այդ ամենն իրականացնել երկուսի  փոխարեն։ Դերը ստացել էր այն ժամանակ, երբ Հայկից լուր չուներ։ Հայկ Ասատրյանը թատերականի ուսանող էր։

«Իհարկե, շատ դժվար էր այս օրերին հավաքվել ու բեմ բարձրանալ՝ առավել ևս այն դեպքում, երբ ամեն ինչ կորցրել ես։ Ես իմ կերպարով խոսում եմ այն աղջիկների մասին, ովքեր  կորցրել են իրենց սիրած տղաներին այս պատերազմում։ Իմ ցավը, իմ սիրո պատմությունը  ներկայացնելով՝  խոսում եմ մի շարք այլ մարդանց մասին։  Ես միշտ սպասում եմ Հայկին և հույսս չեմ կորցնում, որ մի օր անպայման լավ է լինելու»,-խոսելով կերպարի մասին ասում է Սրբուհին։

Ներկայացման ավարտին հայելու կոտրված կտորները միավորվում են։  Պատկերվում է Հայաստանի ու Արցախի քարտեզը։ Ներկայացման խորհուրդն էլ ամբողջանում է՝ միասնականության շնորհիվ հաղթող դուրս կգանք բոլոր իրավիճակներից։

Ցուցադրել ավելի
Back to top button