ԿարևորՀասարակություն

«Հավերժության այգի»՝ թթենիներով. Մյասնիկյանի դպրոցն այն կհիմնի գյուղի հերոսներին հիշատակին

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի դպրոցի բակում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված իրենց համագյուղացիների հիշատակը հավերժացնելու համար կտնկվի «Հավերժության այգի»՝ թթենիներով: Դպրոցում ստեղծել են նաև հերոսների հիշատակի անկյուն:

Մյասնիկյանը հերոսների գյուղ է: Արցախյան 44-օրյա պատերազմում գյուղը 12 զավակ տվեց, մեկ անհետ կորած: Նրանց հիշատակը հավերժացնելու համար Արայի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը նախաձեռնել է դպրոցի բակում հիմնել թթենու այգի. տնկիները հատուկ ընտրված պատվաստված տեսակ են։

«Թթենին երկար ժամանակ կանաչ է մնում՝ գարնանից մինչև խոր աշուն, մինչև ձմեռ:  Տնկում ենք հավերժ կյանքի խորհրդով: Կտնկենք 20 պատվաստված թթենի: Այն կարող է նաև դառնալ շերամապահության կամ այլ ծրագրի սկիզբ»։

Այս ծառատեսակն է ընտրվել նաեւ այն պատճառով, որ տարածքը դրա աճի համար նպաստավոր է։ Պատմության ուսուցիչ Պատվական Մազմանյանը, լինելով ակտիվ գյուղատնտես և համադրելով գյուղի աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները, նախապատվությունը տվել է թթենուն։

 «Թութը հայկական բարձրավանդակում աճած ամենահին ծառատեսակներից է՝ և՛ երկարակյաց է, և՛ դիմացկուն: Մենք ապրում ենք սակավաջուր գոտում, իսկ թութը կարող է դիմանալ նաև սակավաջրությանը։ Կարծես նման է մեր բնույթին՝ ցանկացած դժվարության դիմանում է»։

Նոր հիմնվող թթենու այգու մշակությամբ կզբաղվեն նաև աշակերտները: Դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանն ասում է՝ նախատեսել են բացել նաեւ արտադասարանական գյուղատնտեսական խմբակ: Դպրոցի բակում ստեղծվող «Հավերժության այգին» կանաչելու ու մեծանալու հետ մեկտեղ պետք է հայրենասիրության ու նվիրումի մասին վկայի, պատերազմին իրենց կյանքը տված մյասնիկյանցիների հերոսության մասին հիշեցնի։

Իսկ համայնքապետարանը որոշել է Մյասնիկյանի գերեզմանատանը հերոսների համար  զինվորական պանթեոն ստեղծել: Համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյան.

«Մեր գյուղից պատերազմին շատ են մասնակցել,  դրա համար էլ մեր զոհերը շատ են: Որոշել ենք  առանձնացնել պանթեոնը, սալիկապատել, կանաչապատել և կառուցել հուշակոթող»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ հուշարձանի նախագիծն ավարտված է, շուտով կսկսեն կառուցապատման աշխատանքները: Արցախյան 44-օրյա պատերազմում  զոհված  մյասնիկյանցիներից  Հակոբ Հարությունյանին  հետմահու շնորհվել է  «Արցախի հերոս»  բարձրագույն կոչումը:

Ցուցադրել ավելի
Back to top button