ԿարևորՀասարակություն

Երկրորդ կյանք աղբին․ թելեր` պլաստիկից

Պլաստիկ շիշը հաջորդ կյանքում կարող է դառնալ պայուսակ, եթե այն նետեք պլաստիկի համար նախատեսված աղբի տարայի մեջ։ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը «Րիսայքլ իթ» (Recycle It) ծրագրի շրջանակում զբաղվում է աղբի վերամշակման, թափոնների տեսակավորման աշխատանքների կազմակերպմամբ։ ՀԿ համահիմնադիր Մխիթար Ավետիսյանն ասում է՝  վերամշակում են պլաստիկը, ստանում թելեր և կարում էկո պայուսակներ, որոնք մատչելի են, կարող են  փոխարինել Հայաստանի շատ խանութներում արդեն վճարովի դարձած պոլիէթիլենային տոպրակներին, և վերջապես, ունեն IT լուծում․

«Այն էկո պայուսակները, որոնք մենք գործում ենք ստացված թելերից, խելացի են։ Դրանց վրա կան շտրիխ կոդեր, որոնք մեր հավելվածի միջոցով կարելի է  օգտագործել և խանութներում ստանալ զեղչել կամ կուտակել բոնուսներ»,-ասում է Մխիթար Ավետիսյանը։

Մխիթար Ավետիսյանն ասում է, որ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացումն է։ Շրջանաձև տնտեսությունը հնարավորություն ունի առավելագույնի հասցնել իրերի վերաշրջանառությունը: Պլաստիկ թափոնը շատ հաճախ աղբարկղի փոխարեն հայտնվում է բնության գրկում, պլաստիկի քայքայվելու գործընթացը տևում է 400-450 տարի։ Սա էկոլոգիական աղետ է և մեծ վնաս բնությանը։  Ծրագրի համակարգող Իրինա Մկրտչյանը թվարկում է իրենց հաջորդ քայլերը՝ համայնքներում աշխատատեղեր են ստեղծելու։ Այժմ թելերից պայուսակներ են կարում Արմավիրի մարզի կանայք և աղջիկները։  1 կգ թել ստանալու համար մոտ 1,5 կգ պլաստիկ է հարկավոր։ Նախապես որոշվում է պայուսակի դիզայնը և մակետը հանձնվում կարողներին։ Հիմա փորձարարական փուլում են, ասում է Իրինա Մկրտչյանը։ Պայուսակից բացի՝  վերամշակված թելից փորձում են ստանալ բարձեր և խաղալիքներ։ Խելացի էկո պայուսակներով ինչև ամսվա վերջ կարելի է գնումներ կատարել հայկական մոտ տասը խանութներից․

«Խելացի էկո պայուսակներով կարող եք գնումներ կատարել և զեղչեր ու բոնուսներ ունենալ, օրինակ, «Մառան» խանութնից, «Հալեպ» Խանութից, «Փրայմ» հայկական արտարդության հագուստի խանութից։ Առավելությունն այն է, որ կարիք չկա տարբեր խանութների համար զեղչի կտրոններ կամ կուտակային քարտեր ունենալ, ունես մեկ պայուսակ, որը փոխարինում է մնացած բոլորին»,-Իրինա Մկրտչյանը ։

Զրուցակիցներս կարևորում են նաև իրենց գործի կրթական բաղադրիչը։ Հայաստանում մասնավոր և պետական մի շարք կառույցներում պարբերաբար կազմակերպում են դասընթացներ՝  աղբի տեսակավորման կարևորության և վերամշակման հարցում հասարակական դիրքորոշումն ամրապնդելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button