ԿարևորՀասարակություն

Գերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում. այս խնդրով փաստաթուղթ կընդունվի՞

ԵԽԽՎ-ում ապրիլի 20-ին քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Այն օրակարգ է մտել՝ հակառակ Ադրբեջանի պատվիրակների գործադրած ջանքերի։ Այս մասին տեղեկություններ են հայտնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները։ Պատվիրակության անդամներից նախ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը գրեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մեկնարկի մասին՝ նշելով, որ քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը, և դրանք բավականին թեժ են:

Իսկ Հայաստանի պատվիրակության իշխանական և ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին՝  քվեարկությամբ հաստատվել է ԵԽԽՎ օրակարգը, և 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը  մտել է Վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ։ Այն քննարկվելու է վաղը՝ օրվա երկրորդ կեսին։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պատգամավորներից Էդմոն Մարուքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրել է՝  հարցը քննարկվելու է արտահերթ՝ որպես ԵԽ անդամ երկրներում առկա ընթացիկ խնդիր։

«ԵԽԽՎ նախորդ լիագումար նստաշրջանից հետո հայկական պատվիրակությունը  զգալի աշխատանք է կատարել Վեհաժողովի բոլոր քաղաքական խմբերում, որպեսզի հարցի քննարկման հետ կապված լինի համաձայնություն»,-նշել է Էդմոն Մարուքյանը։ Ադրբեջանը, չհանձնելով հայ ռազմագերիներին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, «և այդ համաձայնության առկայությամբ Ադրբեջանի ջանքերն, ըստ էության, չեզոքացված էին»։

Բանաձևին դեմ են քվեարկել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները։ Ուկրաինական պատվիրակությունն, ամենայն, հավանականությամբ ձեռնպահ է քվեարկել, «սակայն, դա պետք է ստուգել»։

«Հարցն օրակարգում ընդգրկելը կարևոր էր, քանի որ ԵԽԽՎ-ն մինչև այս պահը եղած միջազգային ամենաբարձր ատյանն է, որտեղ հայ ռազմագերիների հարցը քննարկվելու է՝ ուժեղացնելով միջազգային ճնշումն ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի այս հումանիտար՝ ռազմագերիներին շարունակ պահելու հարցով որևէ պատրվակ նա չունենա և հետ վերադարձնի»,-շեշտում է Էդմոն Մարուքյանը։ Ըստ «Ռադիոլուրի» զրուցակցի՝ հայկական պատվիրակության ընդդիմադիր և իշխանական պատգամավորներն այս և նման  հարցերում գործել և գործելու են միասնական օրակարգով։  

Մարուքյանի փոխանցմամբ՝ թեպետ վաղվա քննարկումից հետո բանաձև  կամ որևէ այլ փաստաթղթի ընդունում չի ենթադրվում, սակայն հետագայում նման բանաձևի ընդունումը բացառված չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button