ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24-ին մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի սահմանափակվի` բացառությամբ 1 ժամի

Հայոց ցեղասպանության106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն իրականացնելու համար հատկացվել է ավելի քան 70 միլիոն դրամ՝ ասել է պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Չնայած մեր երկրում կորոնավիրուսային լարված իրավիճակին` այս տարի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի սահմանափակվի` բացառությամբ առավոտյան ժամը 09։00-10։00 ժամանակահատվածի, երբ պաշտոնական պատվիրակություններն են այցեր ունենալու։ Պատասխանատուները քաղաքացիներին կոչ են անում զգոն լինել և միջոցառումներին մասնակցելիս անպայման պահպանել հակահամաճարակային կանոնները։

Այս տարի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի սահմանափակվի՝ ասում է պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Այս տարի միջոցառումների շարքը կկրի «Հիշատակի եռերգություն» խորագիրը։

«Ապրիլի 23-ին՝ ժամը 23։00–ին, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կհնչի Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը։ Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը»,– ասում է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Ապրիլի 24-ին՝ ուղիղ կեսգիշերին, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, իսկ ժամը 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը։

«Համերգին նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցություն։ Համերգը տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո»,– ասում է Հարությունյանը։

Ապրիլի 24-ին կբացվի նաև ԱԳՆ–ին կից գործող մշակութային դիվանագիտության հարթակի կազմակերպած «Վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝  նվիրված Արցախում մեր պատմամշակութային և կրոնական հուշակոթողների և այլ արվեստի գործերի պահպանման խնդրին։ Արտաքին գործերի նախագահի խորհրդական Մարթա Այվազյանն ասում է՝ ակնկալվում է Հայաստան ժամանող պատվիրակությունների մասնակցությունը։

«Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ինչպես նաև գրքեր, ձեռագործ իրեր։ Ցույց ենք տալու մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որն այժմ վտանգված է։ այս երևույթը կոչվում է մշակութային ցեղասպանություն»։

Ցուցահանդեսը քաղաքացիների համար բաց կլինի ապրիլի 25–ից մայիսի 2-ը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ Մինչև սեպտեմբերի 10-ը բաց կլինի նաև Հայոց ցեղասպանություն թանգարան ինստիտուտում ապրիլի 21-ին բացվող «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ցուցադրությունը։ Իսկ արդեն ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի տարածքում ավանդական ծաղկահավաքն է նախատեսված։

«Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 9-10ը, մուտքը Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելություններով պայմանավորված։ Կխնդրեմ մեր քաղաքացիներին այդ կարճ ժամանակահատվածում ձեռնպահ մնալ Ծիծեռնակաբերդ այցելելուց, որպեսզի կուտակումներ չլինեն»,– ասում է վարչապետի գլխավոր խորհրդականը։

Ապրիլի 24-ին կգործի երկու անվճար երթուղի «Հրազդան» մարզադաշտից դեպի մետրոյի «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններ։ Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի մինչև ապրիլի 25-ի գիշերը՝ ժամը 1-ը։

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Հայաստանում սպասում են 10-ից ավելի երկրի բարձրաստիճան պատվիրակությունների։ ԱԳՆ խորհրդական Մարթա Այվազյանը մանրամասնում է․

«Աշխատանքներ դեռ տարվում են, այս պահին սպասում ենք պատվիրակությունների 10-ից ավելի երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան ու Ռուսաստանը։ Կան իհարկե պատվիրակություններ Լատինական Ամերիկայից, Եվրոպայից նաև արևելյան երկրներից»։

«Ցավոք, մի շարք երկրների պատվիրակություններ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, ձեռնպահ են մնացել Հայաստան այցելելուց, բայց,  այնուամենայնիվ, բավականին ներկայացուցչական, դիվանագիտական և բարձրաստիճան պաշտոնյաների, գործընկերների ներկայություն կունենանք»,– մանրամասնում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։  

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն հիշեցնում է՝ Հայաստանում covid-ով պայմանավորված իրավիճակը շարունակում է  լարված մնալ․ օրական միջինում 800-1000 նոր դեպք է գրանցվում։ ԱՆ ներկայացուցչի հորդորն է՝

«Փակ տարածքներում առավել ևս պետք է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։ Բնակչությանը հորդորում ենք հնարավորինս չստեղծել կուտակումներ, փակ և բաց տարածքներում կրել դիմակ, ունենալ ախտահանիչ նյութեր և հնարավորինս պահել սոցիալական հեռավորությունը, քանի որ մարդկանց շփումներին զուգահեռ կմեծանա նաև վարակվելու ռիսկը և կունենանք դեպքերի աճ»։

Արայիկ Հարությունյանը հիշեցնում է, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կառավարությունը չի սահմանափակել քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ, փոխարենը շեշտում է՝ յուրաքանչյուրն իր հերթին պետք է զգոնություն ցուցաբերի և անպայման պահպանի հակահամաճարակային կանոնները։

Ցուցադրել ավելի
Back to top button