ԿարևորՄշակույթ

Սա-նրանից-հին. Ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Հաղպատի և Սանահինի վանքերին

Ապրիլի 20-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդես, որի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը: Ըստ ավանդության, Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այս վանական համալիրները կառուցվել են հայկական հոգևոր ճարտարապետության ծաղկման շրջանում և դարձել միջնադարյան Հայաստանի հոգևոր և գիտալուսավորչական կարևորագույն կենտրոններ:

Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունն է:

Ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900–1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասերի և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռևս 1920–1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այս գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը։

Ցուցահանդեսում ներկայացվում է նաև Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան:

Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա 17:30-ին, կնախորդի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագրի ստորոգրումը։

Back to top button