ԿարևորՄշակույթ

«Սասնա ծռեր»-ը` ֆրանսերենով ու կարիբյան երաժշտության հնչյուններով

Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ապրիլի 13-19-ը  Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  Հայաստանի տարբեր քաղաքներում ներկայացնում է «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը։ Ներկայացման մեջ տարբեր ազգության դերասաններ են, որոնք տեքստի և երաժշտության միջոցով ներկայացնում են հայկական էպոսը։ 

«Սասնա ծռեր» հայկական էպոսը՝ ֆրանսերենով ու կարիբյան երաժշտության հնչյուններով․ «Սաթէ-Աթղը» թատերական միության միջմշակութային նորույթն այս անգամ ներկայացվում է Գյումրիի հանդիսատեսին:

Սաթէ Խաչատրյանը  «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավարն է. ««Սաթէ-Աթղը» թատերական միությունը ես և ամուսինս հիմնել ենք 2013-ին։ Ցանկանում էինք մի ուղղություն, ոճ գտնել, որով  կառանձնանայինք թատերական այլ միություններից ու կկարողանայինք տարբեր մշակույթներ միավորել»:

Միջմշակութային  ինքնատիպ ձեռնարկի հիմքում Սաթէ Խաչատրյանի և Էդգար Մանուկյանի միությունն  է։ Երկուսն էլ պարարվեստի սիրահար են, երկար տարիներ ապրում ու ստեղծագործում են Ֆրանսիայում։ Որոշել են բազմազգ թատերական միություն ստեղծել, որտեղ տարբեր ազգության երաժիշտներն  ու դերասանները կհաղորդակցեն մշակույթի լեզվով։ «Ունենք արտիստ Կոնգոյից, Գվադելուպայից,Մարտինիկից, ֆրանսիացիներ կան, հայեր կան»:

Առաջին նախագիծը հայկական հեքիաթների մոտիվներով էր, թումանյանական շունչը՝ ֆրանսերենով ու աֆրիկյան հնչյուններով: Հաջողված փորձը ստիպեց մտածել հաջորդ քայլի  մասին։  Հաջորդը «Սասունցի Դավիթն» էր։

«Ներկայացումը պատմողական թատրոնի ձևաչափով է։ Այդպես ցանկացել եմ հավատարիմ մնալ այն ավանդույթներին, որոնցով էպոսը փոխանցվել է դարեդար»: 

Ձենով Օհանին մարմնավորող արտիստը Գվադլուպայից է, Մեծ Մհերին ու Դավթին մարմնավորողը՝ Կոնգոյից: Վերջինը Ռոբա Բիասի Բիասին է, ասում է՝ շատ է տպավորվել հայկական էպոսից ու իր մարմնավորած Դավթի կերպարից։

Ռոբա Բիասի Բիասի, դերասան Կոնգոյից. «Մինչև Սաթէ ի հետ հանդիպումը ծանոթ չեմ եղել հայկական մշակույթին, կարծում եմ, որ գույների ու մշակույթների միաձուլումը շատ լավ արձագանք է գտնում: Որպես աֆրիկացի՝ իմ հանդիպումը հայկական մշակույթի հետ ինձ շատ հարստացրեց»: 

Ներկայացման մեջ «Սասնա Ծռեր»–ի երեք գլուխներն են ՝ «Սանասարն ու Բաղդասարը», «Մեծ Մհերը»  ու «Սասունցի Դավիթը»։   Փոքր Մհերից  բեմադրիչը՝  որպես հայ, մի փոքր նեղացած  է:

«Սաթէ  որպեսզի հասկանանք իրար ինձ պետք է ժամանակ և իր ուղերձները վերծանելու իմաստություն: Առայժմ չեմ կարող անդրադառնալ Փոքր Մհերին, որովհետև ես խռովել եմ իր խռովելուց»:

Սաթէ-Աթղը թատերական միության «Սասնա ծռեր» հայկական էպոսի  հայաստանյան հյուրախաղերն իրականանում են Հայաստանում Ֆրանսիայի  դեսպանատան հրավերով։ Սեպտեմբեր-հոկտեմբերին էլ բեմադրությունը կներկայացվի ֆրանսիական Վիեն, Գրենոբլ, Բուրգ-Լե-Վանանս և Լիոն քաղաքներում: Իսկ նոյեմբերին թատերախմբի  «Ես զինվոր եմ կրում» ներկայացման առաջնախաղն է՝ նվիրված Արցախյան 44 –օրյա պատերազմին:

Back to top button