Ստարտափ Հայաստան

Ի՞նչ տարբերություն կծու, թե՞ թթու, եթե անունը շոկոլադ է․ «Ստարտափ Հայաստան»

Սյունե Միքայելյանը հատուկ հոգեբան և արտթերապևտ է։ Երեխաների հետ է աշխատում, սիրում է իր գործը։ Մի օր հասկացավ, որ կարելի է մասնագիտությունն օգտագործել մեկ այլ բնագավառում։ Գաղափարը զարգացրեց ու Սյունեն դարձավ շոկոլադագործ։

Սյունեի շոկոլադները ստանդարտ համ և տեսք չունեն, դրանք մարդկանց մոտ տարբեր հույզեր են առաջացնում, որոնց հետևելը քիչ-քիչ դարձավ Սյունեի հոբբին։ Մոտ երկուսուկես տարվա պատմություն ունեցող բիզնեսն արդեն հասցրել է հետաքրքրել մարդկանց։

Շոկոլադների պատրաստման ընթացքը Սյունեի համար թերապիա է։ Դրանք պատրաստում է այն ժամանակ, երբ բոլորը քնած են, սիրելի երաժշտություն, շոկոլադե սալիկների նոր պատվերներ ու յուրահատուկ համեր. սրանք են Սյունեին հոգեպես հավասարակշիռ պահում այս աշխարհում։

Շոկոլադների համը, դիզայնը և փաթեթվորում մտածելն այդքան էլ դժվար չէր, դժվարը գին որոշելն էր։ Սյունեին օգնության են հասել ընկերները։ Նստել մտածել են, հաշվարկել, հետո կանգնել այնպիսի թվերի վրա, որ մասնագետ ընկերներին դուր չի եկել, ասել են՝ էժան ես վաճառում, բայց Սյունեի համար առաջնահերթը իր պատարաստածը վաճառելն էր։

Սյունեի համար հեշտ չի եղել սկզբում։ Ընտրել էր այնպիսի համեր, որոնք տարածված չեն Հայաստանում,(կծու, թթու, դառը) ու մտավախություն էլ է եղել, որ գուցե չգնեն, բայց որոշել է կամաց-կամաց մարդկանց սովորեցնել այդ համերին։

Մոտ ապագայում Սյունեն հնարավորություն կստանա արտահանել իր շոկոլադներն ավելի մեծաքանակ պատվերներով։ Աշխարհում պետք է իմանան, որ Հայաստանում էլ են կարողանում պատրաստել ժամանակակից շոկոլադնեեր` թե համով, թե տեսքով։ Իսկ ահա շոկոլադի պատրաստման ընթացքին կարող եք հետևել լսելով հաղորդումը։

Back to top button