ԿարևորՀասարակություն

Հրայրն ուզում էր Քարվաճառը դարձնել Շվեյցարիա

44–օրյա պատերազմի հերոսՀրայր Ասրյանի մայրը հիշում է այն օրը, երբ ծնվեց որդին՝ Հրայրը։ 33 տարի առաջ էր․ «Նոր զարթոնք էր ապրում բնությունը, ուռենիները սկսել էին կանաչել։Ես շատ երջանիկ էի այդ պահին, երբ ծնվեց Հրայրս»։

Ընտանիքի փոքրն էր ու ամենասիրվածը։  Սիրում էր, որ իրեն շրջապատող առարկաները գեղեցիկ ու մաքուր լինեն։ Տիկին Էլյան պատմում է՝ երեխա էր, մի գիշեր ջուր  ուզեց․

«Արթնացա, ջուրը տվեցի, ասաց՝ մա՛մ, բայց ես  էդ բաժակով ջուր չեմ խմում, իմ սիրուն բաժակով տուր»։ 

Ուսանողանողական տարիներին երազկոտ էր, բնության հրաշքները տեսնող ու գնահատող։ Ասում էր՝ ամենամեծ ճարտարապետը բնությունն էր։ Ինքն էլ էր  սիրում ստեղծել։ Դարձավ ճարտարապետ-դիզայներ։ 

Հրայրը մայրական կողմից արմատներով արցախցի էր։ Միշտ է Արցախը ձգել նրան։ 2017 թվականին ընկերներով որոշում են «Մի կտոր Արցախ» խորագրով ծրագիր իրականացնել։ Նա, ով կգներ մեկ շիշ արցախյան թթի օղի, անժամկետ և անհատույց կհռչակվեր Գանձասար վանական համալիրը շրջապատող հողատարածքի մի կտորի սեփականատերը՝ զուտ խորհրդանշորեն։  Ուզում էին, որ այս գաղափարի միջոցով ևս մարդիկ լսեին, իմանային Արցախի մասին։  

2018 թվականին Հրայրը Արցախում աշխատելու առաջարկ է ստանում։ Ստանձնում  է  Շահումյանի շրջանի  քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնը։ Մայրն  ու քույրը պատմում են՝  հենց  այդ օրվանից սիրահարվեց Արցախին ու հատկապես Քարվաճառին՝ անդարձ։

«Ասում էր՝ մա՛մ, դուք ոն՞ց եք այդտեղ ապրում։ Ես պետք  Շվեցարիա դարձնեմ Արցախը։ Ամեն քարի ու խաչքարի  վրա ուշադրություն էր դարձնում։ Ընկերները միշտ ասում էին՝ Հրայրը այնպիսի բաներ կնկատի, որ մենք չենք տեսնում»,–ասում է տիկին  Էլյան։

«2018 թվին, երբ խոսում էի հետը, ասաց՝ դու  գիտե՞ս՝ էս ինչ տարածք է, ո՞վ կտա այս տարածքը թուրքին, սա մեր Շվեյցարիան է։ Նա այնտեղ արդեն հյուրանոցներ  էր նախագծել, ձիարշավարան սարքել, ձիեր գնել, կառուցել էր ծննդատուն, մանկապարտեզ, մշակույթի տուն, ջրագծեր, կարճ ժամանակում հարյուրավոր քարվաճառցիների համար կառուցեց բնակարաններ ու դեռ պետք է կառուցեր։ Շատերը մնացին թղթի վրա․․․»,-պատմում է քույրը՝ Նարինե Ասրյանը։

Դադիվանքի հոգևոր սպասվոր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հիշում է այն օրը, երբ Հրայրը տեղափոխվեց Արցախ՝ բնակվելու։ Որդու՝ Արցախի  մտերիմ ընկերն էր, դարձավ նաև իրենց ընտանիքի բարեկամը։

«Ինքը, երբ տեսնում էր մի քար, անարգված գետնին ընկած վերցնում ու կյանք էր տալիս»,–պատմում է տեր Հովհաննեսը։

Պատերազմը մի քանի օր էր սկսվել՝ Հրայրը կամավորագրվում է լեգենդար «Շահեն Մեղրյանի» անվան կամավորական ջոկատին։ Քույրն ասում է՝ ընտանիքը չի իմացել այդ մասին։

«Իհարկե, մեզ խաբում էր ու չէր կարող չգնալ, երբ տեսնում էր, որ 4 երեխատեր մարդը գնում էր սահման։  Երբ գնացել է, ընկերները կատակով ասել են՝ էս եկել ես՝ չափագրո՞ւմ անես։ Շուշի, Քարինտակ գյուղում առաջադրանք պետք է կատարեին։ Թուրքերի դիվերսիոն խումբը պետք է մաքրեին այդ տարածքից»։  

Դավիթը և Սմբատը Հրայրի ընկերներն  են։  Դավիթը՝  8, Սմբատը 21 տարի ապրել է Քարվաճառում։ Նրանց մտերմացրել էր Քարվաճառի զարգացման  նույն տեսլականը։ Սմբատը   զայրանում է, որ ասում են, թե Քարվաճառում հուժկու մարտեր չեն եղել։ Ասում է՝ թյուր կարծիք է, ուղղակի Քարվաճառում զինվոր ու  հրամանատար ավելի քիչ են տրտնջացել, ավելի  կազմակերպված են եղել։

«Առաջին օրը  թշնամին հանկարծակի բերելով կարողացել էր 3 դիրք գրավել, բայց  հոկտեմբերի 2-ի երեկոյան  Օմարի լեռնաշղթայի մեր բոլոր դիրքերը իրենց տեղում էին։ Շատ հերոս տղաներ զոհ գնացին, բայց նրանց պահած հողը դարձավ գրիչի զոհ»,-ասում է  Սմբատը։

Տիկին Էլյան  շատ  է ցանկանում  պատերազմից հետո գնալ Արցախ, այնտեղ, որտեղ որդին է եղել, բայց չի կարող։

«Ուզում եմ գնալ Արցախ, բայց Հրոյիս ապրած տեղը՝ Քարվաճառը այսօր չկա։ Ուզում եմ տեսնել բոլոր այն տեղերը, որ որդիս քայլել է, շենացրել է, որն ուզում էր Շվեյցարիա դարձնել»։

Տեր Հովհաննեսն էլ  ասում է՝ Հրայրը պատերազմի օրերին մի անգամ չհարցրեց՝ վերջը ի՞նչ է լինելու։ Նա հավատացած էր, որ լինելու է հաղթանակ, ամեն ինչ անում էր հաղթանակի  համար։

«Ասում էր՝ վերջը հաղթանակը մերն է,այնտեղից էլ պիտի Գանձակը լինի, որ այսօր օտարների ձեռքին է։ Բայց մենք չիմացանք՝ սա պատերազմ էր, դավաճանություն, թե՞ սկուտեղի վրա մատուցում»։

Հրայրի ընկեր Դավիթը մեր զրույցին շատ քիչ է մասնակցում, բայց վստահեցնում է, որ «Քարվաճառը մերն է լինելու, ու Հրոյի թողած ծրագրերը կյանքի են կոչվելու»։

Քույրն էլ ասում է՝ Հրայրը չէր դիմանա այս հարվածին․

«Ինձ թվում է, որ ինքը այնտեղ է, այն քարին նստած։ Հոգի է դառել, որ այնտեղից դուրս չգա։

2020 թվականի նոյեմբերի 2-ին Հրայր Ասրյանը  հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button