ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզում շարունակվել են շաբաթօրյակի աշխատանքները

Ապրիլի 25-ի կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում շարունակվել են նախորդ շաբաթվանից մեկնարկած սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակներում կատարվել է աղբահեռացում, տարածքների բարեկարգում և աղբաթաղում, ծառատունկ, մաքրվել են ներհամայնքային, մարզային, հանրապետարական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մայրուղիների և համայնքների տարածքներով հոսող գետերի և ջրահավաք ավազանների հարակից տարածքների մաքրության ապահովմանը:

Սանիտարական մաքրման աշխատանքներ տեղի են ունեցել մարզի բոլոր և առավելապես այն համայնքներում, որտեղ բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ անհնար էր եղել դրանք ավարտին հասցնել: Մարզում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար այս շաբաթ ևս Գեղարքունիքի մարզպետարանից մարզի հինգ տարածաշրջաններում նշանակվել էին պատասխանատուներ, իսկ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու մնացած աշխատակիցներն ամրակցվել էին մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում՝ սանիտարական աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու նպատակով:

Շաբաթօրյակի աշխատանքները համակարգում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։ Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված էին բոլոր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ:

Ցուցադրել ավելի
Back to top button