ԿարևորՀասարակություն

190 շահառու և 93 մլն հատկացում․ արցախցիների համար Հայաստանում գործ կա

Պատերազմի հետևանքները չեզոքացնելու և սոցիալական խնդիրները լուծելու համար Կառավարությունը իրականացնում է շուրջ 20 ծրագիր։ Դրանցից երկուսը արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերն են, որոնց միջոցով արդեն 190 արցախցի Հայաստանում աշխատանքի է տեղավորվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ասում են, որ նպատակը կարճաժամկետ ծրագրերի ընթացքում արցախցիներին հմտությունները տալն է, որը իրենք հետագայում հենց Արցախում կկիրառեն։

Ռուզաննա Խաչատրյանը ծնվել ու մեծացել է Հադրութում, պատերազմի հետևանքով թողել է ծննդավայրը։ Երևանում, պատերազմի լարված օրերը թեթևացնելու համար մանկավարժ Ռուզաննան փորձել է լուծել զբաղվածության խնդիրը․

«Հաշվապահության մասնավոր պարապմունքների էի գնում, հետո այնպես ստացվեց, որ զբաղվածության կենտրոնից ինձ հաշվապահի աշխատանք առաջարկեցին»,– պատմում է Ռուզաննա Խաչատրյանը։

1.5 ամիս Ռուզաննան վճարովի փորձաշրջան է անցնում Երևանի հայ–չինական բարեկամության դպրոցում։ Ծրագիրը օգնել է լուծել զբաղվածության, նաև որոշ սոցիալական հարցեր։

Արցախցիների զբաղվածության խնդիրները լուծելու համար ամիսներ առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն էր ներկայացրել զբաղվածության երկու ծրագիր։ Հաջողվել է լուծել 190 շահառուի զբաղվածության խնդիր։ Այդ նպատակով հատկացվել է շուրջ 93 միլիոն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հիշեցնում է՝ ծրագրերը դեռ շարունակվում են․

«Ծրագրերից մեկը գործատուի մոտ փորձառության ձեռքբերման աջակցության ծրագիրն է, մյուսը վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավվելու ծրագիրը։ Գործատուի մոտ փորձառության ձեռք բերման ծրագիրը հնարավորություն է տալիս արցախցիներին, մինչև 3 ամիս ժամկետով, գործատուի մոտ սովորել և նոր հմտություններ ձեռք բերել։ Արդյունքում շահառուները բնականաբար վարձատրվում են այդ աշխատանքների համար»,– ասում է Ժորա Սարգսյանը։

Ծրագրի շահառուն ամսական 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Գործատուի այն աշխատակիցը, որը 3 ամիսների ընթացքում իր փորձառությամբ կիսվում է արցախցի որևէ շահառուի հետ, ստանում է լրացուցիչ 34000 դրամ։

«Ծրագրի շահառու են հանդիսանում այն արցախցիները, որոնց բնակարանները պատերազմի հետևանքով կամ վնասվել են, կամ մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այսինքն, թիրախային երկու խումբ կարող է լինել ծրագրի շահառու»,– ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մյուս ծրագիրն էլ արցախցիներին հնարավորություն է տալիս ներգրավվել վարձատրվող հասարակական աշխատանքներում՝ 3 ամսվա յուրաքանչյուր օրվա համար 8000 դրամ վարձավճարով։ 3 ամիսը առվելագույն, բայց ոչ պարտադիր ժամկետն է։   

«Աշխատանքի ժամկետը կարող է փոփոխվել՝ կախված նրանից թե ինչ բնույթի աշխատանք է։ Մենք ունենք մի քանի ծրագրեր, որ հիմա արդեն մեկնարկել և իրականացվում են, օրինակ դպրոցների ապաստարանների բարեկարգում, վերանորոգում, բակերի պուրակների բարեկարգում, այնպիսի աշխատանքներում ներգրավվում են հենց արցախցիները»,– ասում է Սարգսյանը։

Ծրագրերը կարճաժամկետ են, բայց հաճախ ժամկետի ավարտից հետո աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, շահառուի հետ կնքվում է  աշխատանքային պայմանագիր։ Նախարարությունում հիշեցնում են՝ իրենց նպատակն այլ է․

«Մենք ակնկալում ենք, որ 3 ամիսվա ընթացքում այն հմտությունները, որ ձեռք կբերեն արցախցիները, հնարավորություն կտա իրենց տեղափոխվելու և աշխատելու Արցախում»։

Փաստաթղթային անճշտությունների պատճառով արցախցիները հաճախ չեն կարողանում օգտվել աջակցության ծրագրերից,-ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

«Այս կամ այն ծրագրին մասնակցելու համար լուրջ խնդիրներ են առաջանում անձև հաստատող փասթաթղթերի պատճառով։ Շատ են դեպքերը, որ քաղաքացիները իրենց հետ չեն վերցրել անձը հաստատող որևէ փասթաթուղթ, կամ դրա ժամկետն է լրանում և ժամկետը երկարացնող կառույցը մնացել էր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այս խնդիրները կան մինչև օրս»,– ասում է ԱԺ պատգամավորը։

Սոցաջակցության ծրագրերից դուրս մնացածների մոտավոր թիվ՝ միայն քանի հարյուր,  ապրիլի 15-ի կառավարության նիստում նշել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նախարարը նաև խոստացել էր, որ առաջիկայում  այդ քաղաքացիները ևս կկարողանան օգտվել սոցաջակցությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button