ԿարևորՀասարակություն

Սյունիքում գարունն այլ կերպ է սկսվել․փոխված սահմաններում հողի մշակման հարցեր կան

Արմեն Դավթյան
«Ռադիոլուր»-Սյունիք

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու, ինչպես նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին կատարելու  նպատակով։

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին Սյունիքի մարզի սահմանամերձ եւ սահմանամերձ դարձած համայնքներում տնտեսական գործունեության սահմանանշման, տարածքները ճշգրտելու աշխատանքներ են տարվում, ուսումնասիրվում են հողօգտագործման փոփոխված պայմանները՝ «Ռադիոլուրին» ասում է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ով գլխավորում է այս նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։

Մարզպետի որոշմամբ ստեղծված խմբում են  ոստիկանության,Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, համայնքների  ներկայացուցիչներ, մարզպետարանի հողաշինության ու գյուղատնտեսության պատասխանատուներ։ Աշխատանքային խումբը հասցրել է լինել  սահմանային11 բնակավայրում, այս թվում՝ Խնածախ, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ համայնքներում։

«Գարնան այս շրջանում հիմնական հարցերը կապված են անասունների արոտների հետ, եթե ճանապարհային, տարածքային ինչ-որ խնդիրներ կան, լուծում ենք ուժային կառույցների հետ համատեղ ՝ բանակային կորպուսի հրամանատարության կամ վարչական տարածքներից  ՄՈԲ-ով կամ կամավոր գնացած տղաների հետ»։

Ականազերծման աշխատանքներ են իրականացվել Խնձորեսկում, Ներքին Խնձորեսկում եւ Դավիթ Բեկում։ Դրանք շարունակվում են  այլ համայնքներում։ Սյունիքի փոխմարզպետի փոխանցմամբ՝ գյուղացիներին որպես աջակցություն պարարտանյութ ու սերմացու է տրամադրվել, արժեքի 70 տոկոսը պետությունն իր վրա է վերցրել։ Սակայն մարզում որոշ խնդիրների առաջ են կանգնել։

«Տվել ենք թունաքիմիկատներ, մկնդեղ, սելիտրայի որոշ քանակություն։ Պարարտանյութի ստացման մասով պայմանագրեր ունեինք վրացական եւ պարսկական կողմերի հետ։ Ցավոք, պարսկական կողմից չստացանք․ դոլարի կուրսի բարձրացման խնդիր կար, գնային առումով ձեռնտու չէր գյուղացուն։ Բայց  վրացական կողմից  սելիտրա, ազոտական պարարտանյութ ստացել ենք»։

Սահմանամերձ որոշ բնակավայրերի բնակիչների անվճար հատկացվել է տեխնիկա՝ տնամերձերը վարելու համար։ Ընթացքի մեջ են խելացի անասնագոմերի ծրագրերը, ջերմոցային տնտեսություններ են հիմնվում։ Բայց կան խնդիրներ, որոնք չենք կարող լուծել»,-ասում է Կարո Ավանեսյանը։

«Եղել ենք Եղվարդ գյուղում, Կապանի ոռոգման ջրի հարցն այնտեղ չի կարող լուծվել, որովհետեւ շատ մեծ ծախսեր կան։  Ջրհան կայանը շուրջ 20 տարի թալանել են, ենթակայանը, պոմպերը, ջրագծերը, խողովակները թալանել են։ Հսկայական ծախսերի հետ է կապված։ Բայց այստեղ լուծել ենք խմելու ջրի հարցը, այս տարի օգոստոսին խմելու ջուրը շուրջօրյա կլինի Եղվարդ գյուղում»։

Մարզում գերխնդիր է նաեւ էլեկտրական հովիվների համակարգի տեղադրումը․ սա կարող է կանխել սահմանային բնակավայրերում ապրողների անասունների անցումը ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներ։ Առայժմ էլեկտրական հովիվներ տեղադրվել են միայն Շուռնուխում։ Հենց այս գյուղում էր եղել նման խնդիր։

 «Մեր ուժային կառույցների միջոցով շատ ջանք ենք ներդրել, հակառակորդն էլ խոստացել է՝ եթե հանկարծ անասուններն անցած լինեն իրենց տարածք, 100 տոկոսով հետ են վերադարձնում, քանի որ իրենք էլ չեն ուզոոմ միջադեպը խորանա, ընդհարումներ լինեն կամ մենք վատ  տրամադրվենք իրենց նկատմամբ»։

Ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի՝ առաջիկայում  աշխատանքային խումբը կլինի Կապանի Ներքին Հանդ, Ճակատեն, Շիկահող Սրաշեն բնակավայրերում, հետո հերթը Մեղրիի տարածաշրջանինն է։

Ցուցադրել ավելի
Back to top button