ԿարևորՀասարակություն

Սյունեցի պատանի երկրապահները երդվեցին․․․

Սյունիքի մարզ է այցելել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը․ միության վարչության անդամների հետ նա նախ հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ, Սյունիքի ԵԿՄ նախագահ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, քննարկել է կատարած աշխատանքն ու անելիքները։

Այնուհետեւ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ԵԿՄ նախագահը հանդիպել է «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի պատանիների հետ եւ խոսք ուղղել նրանց հայրենիքի, նրա պաշտպանության, մեր՝ միշտ պայքարելու պատրաստ լինելու կարեւորության ու այդ ամենն արդեն դպրոցական նստարանից գիտակցելու մասին։

«Ամեն սերունդ, ցավոք, իր իր պատերազմն է ունենում, մենք վստահ էինք, որ մեր սերնդով այն կավարտվի ու ձեզ չի հասնի, բայց այդպես չեղավ, ու ամեն ինչ պետք է անենք, որ դա շարունակություն չունենա․․․», — նշել է Ս․Միքայելյանը՝ ասելով, որ մեծ ուշադրություն է դարձնելու «Պատանի երկրապահին»։

Հուշահամալիր են եկել Կապան համայնքի ղեկավարը, երկրապահներ, ազատամարտիկների հարազատներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ կապանցիներ։ Այստեղ հնչել են հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, ներկայացվել է «Երկրապահ ԿՄ» պատմությունն ու անցած ուղին՝ հիմնումից մինչ օրս։

Իսկ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անմահացած կապանցի հայորդիների կենդանի հայացքների ու Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ տեղի է ունեցել պատանի երկրապահների երդման արարողությունը ու նրանց հանձնվեցին ակումբին անդամագրվելու վկայականները։ Ներկաները նաեւ ծաղկադրում են կատարել։ ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ ՊՆ գերատեսչական մեդալներ ու ՀՀ կառավարական մեդալներ են հանձնվել հայրենիքին ծառայություն մատուցած սյունեցի երկրապահներին։

ՀՀ նախագահի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում խոնարհումի խոսք է հղել զոհվածների հիշատակին ու շնորհավորեց ակումբին անդամագրված պատանիներին՝ համախմբման կոչ ուղղելով ներկաներին։

Մի՛շտ ամուր լինեք այս հողի վրա, սա պինդ հող է, ու այս տարածքն ամենամեծ ռազմավարական նշանակությունն ունի Հայաստանի Հանրապետության գոյատեւման համար», — եզրափակել է նա։ Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել «Երկրապահին» այս 7 ամիսներին Սյունիքի կողքին լինելու ու մինչ այժմ նրա սահմաններին կանգնած լինելու համար, ինչպես նաեւ շնորհավորել է խրախուսանքների արժանացած ԵԿՄ անդամներին։

Ցուցադրել ավելի
Back to top button