Մտքի ուժը

Ինչպե՞ս «փրկել» Հայաստանի ջրային ռեսուրսներն ու ոռոգման համակարգը․ գիտնականի առաջարկը․ «Մտքի ուժը»

Հայաստանից տարբեր հաշվարկներով տարեկան մոտ 5 մլրդ խորանարդ մետր ջուր է հոսում հարևան հանրապետություններ։ Տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են՝ տարբեր պատճառներով՝ բնական ու մարդածին գործոններով պայմանավորված։

Գիտնականները երևույթը գիտականորեն են բացատրում, արձանագրում են, որ հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև խզում է առաջացել։ Երկրում քաոսային ջրօգտագործում է իրականացվում, ջրանցքներից ջրի կորսուստները ահռելի ծավալների են հասնում։

Հարևան Թուրքիան ջրամբարաշինական լայնածավալ գործունեություն է սկսել․ Արաքս ու Ախուրյան գետերի վրա ակտիվ ջրամբարաշինական ծրագրեր է իրականացնում։ Իսկ սրանք Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու են։ Իսկ սրանց դեմ արդյունավետ պայքարելու համար ջրամբարաշինական լայնածավալ աշխատանքների անհրաժեշտություն է տեսնում ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։

Խորհրդային ժամանակներից Հայաստանում չորս կիսավարտ ջրամբար կա՝ Եղվարդի, Կապսի, Վեդու և Մաստարայի։ Եթե սրանց շինարարությունն ավարտվի, դրանք կարող են ոռոգման ջրի պահպանման պաշարներն ավելացնել մոտ 200 միլիոն խորանարդ մետրով կամ 20 տոկոսով։ Սակայն ակտիվ շինարարություն է ընթանում միայն Վեդու ջրամբարում։

Միայն ջրամբարաշինությունը բավարար չէ։ Ընդհանրապես ոռոգման համակարգի արդյունավետ կառավարումը նույնպես կարող է ջրի կորուստը նվազեցնել։ Տարեցտարի Հայաստանում գյուղատնտեսական հողերը դառնում են դժվար մշակելի, մինչդեռ, ինչպես մասնագետներն են փաստում, գիտականորեն հող մշակելն արդյունավետ ու շահավետ է և գյուղացու և պետության համար։

Հողի խոնավությունը, ջրի ծավալը չափող համապատասխան գիտական սարք–սարքավորումներ կան։ Ու սրանք միակ ժամանակակից տեխնոլոգիաները չեն, մնում է դրանք գյուղացուն հասնեն։

Խորհրդային տարիներին կառուցված ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքի երկրորդ հարկում մի լուսավոր ու ժամանակակից վերանորոգված սենյակ կա։ Առաջին հայացքից էլ պարզ է, որ այն ժամանակակից լուծումներ ունի։

Այստեղ նաև սարք–սարքավորումներն են ժամանակակից։ Համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնն է, որը բացվել է տարեսկզբին։ Դրանք շատ չեն, սակայն, գյուղատնտեսության ոլորտում ու, հատկապես ջրերի կառավարման համար, արդյունավետ կարող են լինել։

Մասնագիտությամբ հիդրոտեխնիկ ինժեներ, ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը մեկ առ մեկ թվարկում է սարքերը, վստահեցնում, որ դրանք գյուղոլորտում կարող են արդյունավետ աշխատել՝ չափագրումներ անել, որոշել հողի խոնավության աստիճանը, հասկանալ, թե որ բուսատեսակը որքան ջրի կարիք ունի։

Առաջիկայում Հայաստանի գյուղերում սարքավորումները փորձարկելու հնարավորություն կունենան։ Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ տեղում գյուղացիներին կշահագրգռեն ու կաջակցեն, որպեսզի վերջիններն ավելի գրագետ կարողանան հողային տնտեսությունը վարել։ Սա և գյուղացուն օգուտ կտա, և կխնայի առանց այն էլ նվազ ջրային ռեսուրսները։

Ցուցադրել ավելի
Back to top button