Կարևոր

Արցախը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը։

Ներկայացնում ենք ԱՀ նախագահի հայտարարությունը․

«Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը՝

Գտնում ենք, որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ և թարմացված օրակարգ է առաջադրում: Հայտարարության մեջ շոշափված հարցերը ցույց են տալիս, որ համանախագահությունը հանգամանորեն տիրապետում է իրավիճակին՝ համապատասխանաբար առաջարկելով սեփական լուծումները:

Կարևորում ենք այն, որ համանախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հակամարտության վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաև նախկինում համանախագահության կողմից քննարկված փաստաթղթերի թարմացում և լուծումներ: Հայտարարությունը նշանակալի է հատկապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ հակամարտությունը կարգավորված է:

Ողջունում ենք համանախագահների պատրաստակամությունը հետհակամարտային հումանիտար առաջնահերթությունների, մասնավորապես ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցերի լուծման գործում:

Ակնկալում ենք, որ համանախագահները, վերահաստատելով իրենց միջնորդական առաքելությունն ուղղված հակամարտության կարգավորմանը, կվերականգնեն տարածաշրջանային այցերի ու քննարկումների նախկին պրակտիկան, այդ թվում և՝ պաշտոնական Ստեփանակերտ, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին :

Մեծապես կարևորում ենք համանախագահության կողմից կրոնական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների բարձրաձայնումը և դրանց օրակարգային նշանակություն հաղորդելը, ինչը հրատապություն է ստացել Ադրբեջանի՝ ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում նրանց վարած բնաջնջման քաղաքականության ֆոնին: Ակնկալում ենք, որ այս հարցի լուծման գործում համապատասխան միջազգային կառույցները կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:

Հուսով ենք, որ համանախագահների կողմից հատուկ ուշադրության և պարսավանքի կարժանանան Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսևորումները, մասնավորապես՝ վերջին օրերին, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացումը, ինչն իր նախադեպը չունի համաշխարհային իրականության մեջ:

Հերթական անգամ բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը Արցախի Հանրապետությունում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու, ինչպես նաև համանախագահության միասնական ձևաչափում հանդես գալու շարունակական գործելակերպը: Գտնում ենք, որ ՌԴ կողմից հակամարտության կարգավորման առանձին և գործուն ջանքերը կարող են լրացվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից խնդիրներին լուծում տալու հնարավորություններով»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` դեռևս գոյություն ունեցող խնդիրները լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար:

Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին և Իգոր Պոպովը երեկ ուշ երեկոյան տարածած համատեղ հայտարարությամբ նախ գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման, զոհերի աճյունների վերադարձի, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության, տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացի կապակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button