ԿարևորՀասարակություն

Ամուսնական երդումը՝ համալիրում․ երջանկության ուղին սկսվում է կարմիր գորգով

Արդարադատության նախարարությունը ստեղծել է ամուսնության պետական գրանցման արարողությունը առավել հանդիսավոր դարձնելու  հնարավորություն։ Զույգի ցանկությամբ՝ ամուսնությունը կարելի է գրանցել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Գրանցման ընթացքը կկազմակերպեն Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետները։

Կարմիր գորգը՝ ոչ միայն պաշտոնական արարողությունների համար։ Շուրջ40  տարեկան մարզահամերգային համալիրը հանդիսավոր շատ միջոցառումներ է տեսել։ Այս ուղով մարզիկներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահներ են անցել, պարգևատրվել, ստորագրել ու երդվել։ Հերթը Գոհարինն ու Ակսելինն է։  Կարմիր գորգի վերջում՝ ամուսնության վկայական․ թերևս ավելի խոստումնալից փաստաթուղթ, քան այստեղ երբևէ ստորագրվածները։

«Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով, հայտարարում է ձեզ օրինական ամուսիններ։ Եվ ձեզ է հանձնում որպես ձեր նորաստեղծ ընտանիքի առաջին փաստաթուղթ»։

Հարսանեկան լուսանկար, ամուսնության վկայական, շնորհավորանքներ՝ նորապսակներն արդեն ԶԱԳՍ-ի շենքի փոխարեն կարող են ստանալ համալիրում։  Ընտանիք կազմելու ճանապարհը խորհրդանշական կարմիր գորգով է անցնում։

«Ես հենց նոր նկատեցի, որ գորգը կարմիր է, ճիշտն ասած։ Անմոռանալի , անբացատրելի, շուրջբոլորը շատ գեղեցիկ է։ Բայց գորգի գույնը չէինք նկատում։ Շատ գեղեցիկ էր, հաստատ արժեր, որ այս ձևով ու մակարդակով կազմակերպվեր»,-ասում է ամուսնական։ 

Գայանե Թադևոսյանն արդեն 32-րդ անգամ է մարզահամերգային համալիրում նորապսակներին երջանկություն մաղթում։ Երջանկության հերթն Ակսելինն ու Գոհարինն է։ Ինչո՞ւ հենց համալիրում․ այստեղ ավելի հանդիսավոր է, քան ԶԱԳՍ-ի շենքում՝ կարծում են, բայց անկախ ամուսնության գրանցման վայրից՝ գանձվող գումարը նույնն է՝ 20.000 դրամ։

«Իրականում վայրը շատ կարևոր է, որպեսզի ստեղծվի համապատասխան միջավայր։ Այս շենքը և կոնկրետ այս սրահը շատ համապատասխան են այդ արարողությունն իրականացնելու համար»,-Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության աշխատակից Գայանե Թադևոսյան։

Արդարադատության նախարարությունը խոստանում է ամուսնության գրանցման նոր, ավելի ռոմանտիկ տարբերակներ էլ առաջարկել, օրինակ՝ բաց երկնքի տակ։

Փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ իրենք նաև նախատեսում են ամուսնությունների գրանցումներն անել այդ շենքից դուրս, բայց համալիրի տարածքում։ Մոտ ապագայում դա էլ տեղի կունենա։ «Մենք իհարկե մի քանի վայր դիտարկել ենք, բայց այն սրահը որ ընտրել ենք, կարծում եմ լավագույնս է ապահովում այն միջավայրը, որը մենք ցանկացել ենք ստեղծել այդ արարողությունների գրանցման համար»,-ասում է  Դանիելյանը։

Միայն անցյալ տարի Հայաստանում գրանցվել է շուրջ 15 հազար  ամուսնություն․վերջին տարիներին այս թիվն առանձնապես չի տատանվում։ 2020-ին համավարակն ու պատերազմը ստիպեցին շատ ավելի զուսպ լինել հարսանեկան արարողությունների հարցում, խմբագրել շքեղ միջոցառումները, բայց կարևորը՝ երջանիկ լինելու ստորագրությունն իր ուժն ու վավերականությունը չկորցնի։   

Ցուցադրել ավելի
Back to top button