ԿարևորՀասարակություն

55 միլիարդ դրամ, շուրջ 20 ծրագիր՝ ավելի քան 150 հազար արցախցու աջակցելու համար

Արցախին ուղղված սոցիալական աջակցության շուրջ 2 տասնյակ ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է շուրջ 33 միլիարդ դրամ, շահառուների թիվը գերազանցում է 50 հազարը․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն է զեկուցում կառավարության նիստում և հաստատման ներկայացնում նոր նախագիծ։

«Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ, որի նպատակը Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումը ապահովելն է»,– ասում է Մեսրոպ Առաքելյանը։

Աջակցության այս ծրագրով նախատեսված է մինչև հունիս ամեն ամիս Արցախի բոլոր քաղաքացիներին տրամադրել 68 հազարական դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց։ Ծրագիրն արդեն մեկնարկել է, նոր հատկացվող գումարը դրա շարունակման համար է։

«Այս աջակցության ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցի քաղաքացի ստացել է աջակցություն»,- շեշտում է Առաքելյանը։

Սոցաջակցության տրամադրման ծրագրերում որոշակի փաստաթղթային անհամապատասխանության խնդիրներ են առաջացել՝ տեղեկացնում է նախարարը։ Դրանց հետեւանքով մի քանի հարյուր քաղաքացի դուրս է մնացել աջակցության ծրագրերից։  Առաջիկա կարգավորումներով այդ քաղաքացիները ևս կօգտվեն աջակցությունից։ Առաքելյանը նոր անելիքներից մեկն է շեշտադրում՝ եկամտային հարկի վերադարձ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան

«Սրան զուգահեռ՝ նաև աշխատանքի խրախուսման ծրագրեր ենք իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս նաև կայուն եկամուտ վաստակել։ Ծրագրերից մեկը 2021թ առաջին 6 ամսվա համար Արցախում գրեթե բոլոր ոլորտներում եկամտահարկի փոխհատուցում է տրամադրվում։ Արդյունքում փաստացի եկամտային հարկ այս պահին Արցախում չկա, որը հնարավորություն է տալիս և պահպանել գործող աշխատատեղերը և նաև նոր աշխատատեղեր ստեղծել»,-մանրամասնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Արցախին ուղղված աջակցության ծրագրերից մի քանիսն արդեն ավարտվել են․ ԱԺ-ում կառավարության գործունեությունն ամփոփելիս ներկայացնում է փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանը թվարկում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին 300 հազարական դրամի հատկացման, անշարժ գույք կորցրած անձանց աջակցության և Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին տրամադրվող մեկանգամյա աջակցության ծրագրերը։  Ընդհանուր առմամբ՝ այս ծրագրերից օգտվել է շուրջ  53 000 արցախցի, հատկացումը գերազանցում է11.5 միլիարդ դրամը։

«Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը շուրջ 2 տասնյակ են։ Այդ միջոցառումների մի մասը դեռ շարունակվում է։ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության զինհիմնադրամի միջոցով 6-ամսյա ամսական 500 հազարական դրամ տրամադրելու միջոցառումը։ Այս պահին նույնականացված է շուրջ 600 ընտանիք, և փաստացի վճարված գումարի ընդհանուր չափը 1 միլիարդ դրամ է։

Արցախում հաշվառված անձանց աջակցության ծրագիր։ Սա ամենամեծ ծրագիրն է և ամենամասսայականը։ Խոսքը վերաբերում է Արցախում հաշվառված կանանց և երեխաների աջակցությունը։ Այս պահին ունենք 77420 հաշվառված և նույնականացված շահառու և փաստացի վճարված 5.3 միլիարդ դրամ»,– ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Ավելի քան1 միլիարդ դրամ է կազմում հյուրընկալ ընտանիքների աջակցության 2 ծրագրի բյուջեն։ Նպատակը փոխհատուցում տրամադրելն է այն ընտանիքներին կամ հյուրատներին, որոնք հյուրընկալել են արցախցիների։ Շահառուները շուրջ 8400 են։

«ՀՀ–ում պատերազմի հետևանքով անշարժ գույքը վնասված անձանց փոխհատուցում։ Ունենք 77 շահառու, 50 միլիոն հատուցված գումար»,- ներկայացնում է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը հիշեցնում է՝ 2020թ նոյեմբերին ստեղծվել է Արցախի հարցերով աշխատանքային խումբ, որը ներկայում երկու հիմնական ուղղությամբ է աշխատում․

«Բնակարանաշինություն և բնակարանային ապահովման ծրագիր, որով ՀՀ կառավարությունը հատկացնելու է 52 միլիարդ դրամ գումար։ Գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր է լինելու, որն այս պահին քննարկվում է։ Վստահ եմ, որ մինչև ամսվա վերջ ծրագիրը կհաստատվի Արցախի կառավարության կողմից, և մենք, բնականաբար, կաջակցենք այս ծրագրի իրականացմանը»։

Արցախցիներին ուղղված աջակցության ծրագրերի նպատակով արդեն հատկացված  ու հատկացվելիք գումարի ընդհանուր ծավալը կկազմի 55 միլիարդ դրամ՝ ամփոփում  է սոցապնախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button