ԿարևորՀասարակություն

Նարեկենց տանն այս տարի երկու հարսանիք պետք է լիներ

Նարեկ Քարտաշյանն ապրիլի 10-ին կդառնար 22 տարեկան: Ընկերներն ու հարազատները նրա ծննդյան օրը Եռաբլուրում են նշել։ Բանակից մեկ տարի առաջ էր զորացրվել, պատերազմի հենց առաջին օրերից` կամավորագրվել ու մեկնել Վարանդա:  Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր, ուզում էր գինեգործ դառնալ, բայց հերոսացավ՝ հայրենիքի սերը ամեն ինչից վեր դասելով:

Ծննդյան տորթի մոմերը վառվում են Եռաբլուրում՝  առանց հոբելյարի։  Ընկերներն ու ծնողներն այստեղ են շնորհավորում Նարեկին։  Ապրիլի 10-ին՝  իր 22-ամյակին օրը, որոշել էր ամուսնանալ: Ծնողները երազանքով սպասում էին  այդ օրվան: Այս տարի նրանց տանը 2 հարսանիք էր լինելու․ նախ՝ քույրը՝ Լիլիթն էր ամուսնանալու, հետո՝ ինքը։  

«Ոնց որ զույգեր լինեինք, մեր մեջ տարբերությունը 2 տարի էր:  Երբ սիրահարվել էր, կիսվում էր ինձ հետ, պատմում ծրագրերի մասին: Իմ հարսանիքի օրը որոշված էր, մարտի 3-ին էր լինելու: Ինքն էլ պլանավորել էր, որ իր սիրած աղջկան պետք է ամուսնության առաջարկություն անի»:

Նարեկը պատերազմից մեկ տարի առաջ էր զորացրվել, ծառայել էր Մարտունի 3-ում։ Պատերազմի սկսվելուն պես  որոշել էր գնալ ու տեր կանգնել իր  պաշտպանած դիրքերին: Հոկտեմբերի 4-ին կամավորագրվել էր, 5-ին մեկնել: Հայրը Ռուսաստանում էր,  երկու շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի, մայրը՝  Սաթիկ Քարտաշյանը,  պատերազմ գնալու օրն էր իմացել որդու որոշման մասին։

«Հոկտեմբերի 5-ն էր Նարեկս արդեն շարժվել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ անցած տարվա զորացրվածները ներկայանան զինկոմիսարիատ, զորակոչվեն: Ինքն իր կամքով էր գնացել, ավտոբուսի միջից ինձ  գրել էր՝ «մերս» ու մի պաչիկ ուղարկել: Ես էլ, իբր, խռովել էի, որ չլսեց ինձ ու գնաց»:

Մարտունի 3-ի փոխարեն Նարեկին մոբիլիզացիոն ուժերի հետ տարել էին Վարանդա՝ Ֆիզուլի:  2 օր հետո զանգել էր  հորը: Տիգրանը համոզված էր՝ եթե ինքն էլ Հայաստանում լիներ, որդին նորից գնալու էր, ինքն էլ նրա հետ: Ասում է՝ դաստիարակությունն էր այդպիսին: Պատերազմի առաջին օրերին Նարեկի հայրը  մեծ գումար էր նվիրել բանակին

«Ախպերս ինձ զանգեց, ասեց՝ Նարեկն ավտոբուսի մեջ է, ինչ անեմ, ասի՝ եթե որոշել է, պիտի գնա, ինքը գիտի ինչ է անում: Ես մեքենաս վաճառեցի ու 7260 դոլար փոխանցեցի Արցախին՝ որպես օգնություն»:

Նարեկի ծննդյան օրը Եռաբլուրում էին նրա  բանակային ընկերները: 2 տարի միասին են նշել իրենց  ծնունդները: Ընկերները ներկայով են խոսում հերոսի մասին, պատմում, թե ինչ հմտությամբ է տիրապետել իրեն վստահված զենքին։  

«Ամենակարևորը նշանառությունն է, տալիս էին հրահանգը, ինքը ճիշտ թվերով  դասավորում էր հրանոթի վրա, հեշտ գործ չէր»:

«Հոկտեմբերի 13-ին վիրավորվել էր, ծունկն էր վնասվել: Տղաներն ասել էին՝ իջի, գնա, բուժվի, հետո արի, ասել էր՝ չէ, ձեզնից ոչ մեկը հրաձիգ չէ, և ոչ մեկը հրանոթից չի հասկանում: Ես ու՞ր գնամ, ո՞վ է կրակելու: Իմ տղան այդ 2 օրը  85-90 հատ արկ է կրակել: Ինքը լավ նշանառու էր»:

Նարեկը չէր բողոքել, կռվել էր ու պատերազմից ոչինչ չէր պատմել: Հարազատներին  հույս էր տվել, ոգևորել մորը ու հավատացել հաղթանակին.

«Ասում էր՝ մամ ջան, մի վախեցեք, դուխով եղեք: Պատերազմը, ճիշտ է կա, բայց մեզ մոտ խաղաղ է, հանգիստ: Հոկտեմբերի 10-ից հետո իրենց մոտ շատ վատ է եղել: Ամսի 12-ին պատերազմի ձայներ եմ լսել, զանգել էր, գոռալով էր հետս խոսում:  Ասում էի՝ Նարեկ ջան, ի՞նչ ձայներ են, ասում էր՝  կապը լավ չի, բայց  ես զգում էի, որ պատերազմի աղմուկն էր»:

Նարեկը վերջին անգամ հոկտեմբերի 13-ին էր զանգել, խոսել հարազատների հետ, հաջորդ օրվանից նրա հետ կապը դադարել էր.

«Հոկտեմբերի 13-ին բոլորին զանգել էր, հարցրել՝ ինչ նորություն կա, ասել՝ լավ եղեք,  լավ մնացեք: Կարծես այդ օրն ինչ–որ բան էր զգացել ու հրաժեշտ  տվել»:

Ծնողների անհանգստությունը փարատել էին ստացված կցկտուր տեղեկությունները՝ տղաները դիրքերում են, կապ չկա, չեն կարողանում զանգել.

«Զանգում էինք թեժ գիծ, ասում էին՝ իրենց տարել են ուրիշ դիրքեր, այնտեղ 5 օր են մնալու, հինգ օրից նորից կզանգեն,  հետո  ասում էին՝ նորից տեղափոխել են ուրիշ դիրքեր,  կապերը լավ չի »:

Հոկտեմբերի 20-ին Նարեկի հայրը վերադարձել էր Ռուսաստանից ու մեկնել Արցախ՝ որոնելու որդուն:  Փնտրել էր մինչև նոյեմբերի 13-ը, չէր գտել, բայց հույսն էլ չէր կորցրել։

«Մի քիչ հավատ էր մտել մեջս, որ կարող է գերի լինի: Ոնց ասեմ, մարդ որ ծովն է ընկնում, ձեռքը գցում է փրփուրներից։  Ես էլ այդպես էի մտածում, ուզում էի, որ գերի լիներ, փախած լիներ: Ամենուր փնտրել եմ, 14 դիակ իմ ձեռքով հավաքել եմ, տարել, թաղել, բայց տղուս չգտա»:

 «Ընկերներին գտան, բերին, հուղարկավորեցին, Նարեկը չկար: Մենք էլ ուրախանում էինք, թե ինքը ողջ է, ուրեմն՝ գերիների մեջ է»:

4 ամիս անց Տիգրանը որդու մարմինը ճանաչել է դաստակի դաջվածքից ու պարանոցի արծաթե խաչից.

«Մարտական ընկերոջ՝ Հրաչի հոգեհանգստի օրն ինձ ասեցին, որ մի զոհ կա, ջինսե տաբատով, ձեռքին խաչ է դաջված,  վզին՝  արծաթե շղթա՝ խաչով: Ասեցի՝ իմ Նարեկն է: Գնացել եմ, ձեռքը մաքրել, տեսել դաջվածքը, ճանաչել եմ տղիս: Առանց ԴՆԹ-ի վերցրել եմ իմ տղուն: ԴՆԹ-ի պատասխանները 3 անգամ 98 տոկոսով համընկել էր, բայց ինձ չէին ասել: Մեր հարսանիքի օրը Նարեկս մահացել էր, մոր 50-ամյակին՝ գտնվել»:

«Հոկտեմբերի 14-ին մեր ամուսնության օրն էր, փետրվարի 8-ին՝ ծննդյանս: Տղուս նվեր արեցին»:

Նարեկ Քարտաշյանը Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր, ուզում էր գինեգործ դառնալ, բայց հերոսացավ՝ հայրենիքի սերը ամեն ինչից վեր դասելով:

Back to top button