ԿարևորՀասարակություն

«Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը կվերսկսվի․ ԱԺ-ում քննարկել են կառավարության կատարողականը

Ազգային ժողովում այսօր շարունակել են քննարկել կառավարության ծրագրի 2020 թ․  կատարողականը։ Այն երեկ ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախօրեի քննարկումը ծավալվել էր պատերազմական ու հետպատերազմական իրողությունների շուրջ։  Այսօր քննարկումների առանցքում  եղել են ճգնաժամային տարվա հետևանքների հաղթահարմանն  ուղղված ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։

Կառավարության անդամները մի քանի նոր ձեռնարկներից են խոսել․ խոստացել են, որ հունիսին հայկական ավիաընկերություն կունենանք, իսկ աշնանը ավարտված կլինի «Հյուսիս-հարավ» մայրուղու հատվածներից մեկի ասֆալտապատումը։

Թուրքիան ԵԱՏՄ-ումզրկվել է  իր արտոնյալ կարգավիճակից, և այդ գործընթացի  նախաձեռնողը եղել է հայկական կողմը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձևակերպմամբ՝ գործընթացը ծանր է եղել, բայց ի վերջո, հաջողվել է հարցը հանգուցալուծել  այդ տրամաբանությամբ։ Էական է եղել շահերի բախման գործոնը։ Թուրքիան հանվել  է ԵԱՏՄ տարածքում սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։

«ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդը մարտին  որոշումն արդեն կայացրել է, և այն ուժի մեջ է մտնելու հրապարակումից 6 ամիս հետո․ Թուրքիան ԵԱՏՄ երկրներ արտահանում անելիս բոլոր ապրանքների գծով ուներ մաքսատուրքի 25 տոկոս զեղչման արտոնություն, որը դադարելու է։ Որոշակի իմաստով ԵԱՏՄ երկրի արտադրանքն ստանում է արտոնության զեղչ։ Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է, և մեր տնտեսվարողներն այսօրվանից պետք է սկսեն ադապտացվել այդ իրավիճակին»,- ասաց Մհեր Գրիգորյանը։  

Կառավարությունը մտադիր է երկարաձգել  թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման ժամկետը։ Փոխվարչապետի խոսքով՝ մինչև այս արգելքի սահմանումը  Թուրքիայից Հայաստան է ներկրվել  մեծ ծավալով պատրաստի արտադրանք։ Կարծում է՝ այդ տեղը կարող են զբաղեցնել տեղական տնտեսվարողները։

«Թուրքիայից Հայաստան պատրաստի արտադրանքի ՝  200 մլն դոլարին համարժեք և ավելի ներմուծում է իրականացվել․ սա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է ՀՀ-ի համար, կարծում եմ՝ այդ նիշը պետք է զբաղեցնեն մեր տնտեսվարողները»։

Թե արտահանող, թե ներմուծող տնտեսվարողների   համար, կարեւոր են ենթակառուցվածքները։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին հետաքրքրում էր Հյուսիս-հարավ մայրուղու ճակատագիրը, որի շինարարությունն  արդեն երկու տարի դադարեցված է։ Աշտարակ-Արթիկ հատվածի վրա 2018-ի նոյեմբերից աշխատանքներ չեն իրականացվում, իսկ ճանապարհի շարունակության վրա շինարարությունն ընթանում է 5–10 տոկոսով։

Թեպետ 2020 թվականը բարենպաստ չի եղել, բայց տարեվերջին  հաջողվել է չինացի գործընկերներին բերել Հայաստան՝ ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի խոսքով՝ արդեն հայտարարվել է  Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի 42 կմ–անոց  հատվածի շինարարության մասին։ Նախատեսվում է, որ աշնանն այս հատվածն արդեն պատրաստ կլինի։ Կատարվելու է փորձնական ասֆալտապատում, որակի մասին պարզ կլինի մեկ շաբաթ անց, որից հետո ընկերությանը թույլ կտրվի սկսել ասֆալտապատման աշխատանքը՝ տեղեկացրեց Պապիկյանը։

Հարցը բարձրացրած  պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Հյուսիս-հարավ» մայրուղու բետոնյա ծածկն ասֆալտով փոխարինելը խնդրահարույց է համարում։ Ենթադրում է, որ այս փոփոխությունը բերելու է  ինքնարժեքի, աշխատանքների ծավալի ու գնի փոփոխության.

«Ես խնդիր եմ տեսնում, որովհետեւ եթե ժամանակին տենդերներն արվել են այլ պայմաններով, հիմա՝ այլ, կարող են կոռուպցիոն ռիսկեր ծագել, և ճանապարհաշինարարներն կարող են շահել։ Նման վտանգ չե՞ք տեսնում»։

«Գիտեք,  կոռուպցիոն վտանգ միշտ կա, եթե մարդիկ հակված են մտնել կոռուպցիայի մեջ։ Այսինքն, եթե դուք տեսնում եք այդպիսի վտանգներ, բայց  պատրաստ չեք դիմել դատախազություն, ես սիրով կդիմեմ»։

Մրցույթը միջազգային է, միայն տեղական շուկայի համար չէ, և կան ստանդարտներ, որոնց աշխատանքը պետք է համապատասխանի։ Բնականաբար, ստանդարտը գին ունի՝ ասում է Պապիկյանը, բայց և վստահեցնում՝  կառավարությունը չի պատրաստվում տեղավորվել առաջարկվող ստանդարտների մեջ։ Ինչ վերաբերում է բետոնե ծածկը ասֆալտով փոխարինելուն, ապա դրանից, նախարարի կարծիքով,  որակը չի տուժի, իսկ գումարն էականորեն չի փոխվի։

«Եթե չեմ սխալվում, նույնիսկ հօգուտ ՀՀ-ի է փոխվել»։  

Անդրադառնալով Հարավկովկասյան երկաթուղու խնդիրներին՝ Սուրեն Պապիկյանն տեղեկացրեց, որ պայմանավորվածություն կա առաջիկա 4 տարիների համար նախատեսված 39 մլրդի ներդրումն ավելի վաղ իրականացնել։   

«Սրա շրջանակներում Հարավկովկասյան երկաթուղին նախատեսում  է գնել 4 շարժակազմ, արդյունքում՝ արդիական կլինեն մեր բոլոր շարժակազմերը  և 27 վագոն։ Մայիսի դրությամբ այդ տեխնիկան կլինի ՀՀ-ում»։

Նախարարի փոխանցմամբ՝ կառավարությունն ընկերության առջև նաև գործող բոլոր կայարանները վերանորոգելու խնդիր է դրել։ «Հարավկովկասյան երկաթուղին», չնայած այս փուլի ֆինանսական խնդիրներին, համաձայնել է մինչև մյուս տարեվերջ իրականացնել այդ աշխատանքը։

ՏԿԵ նախարարը խորհրդարանում նաեւ վստահեցրեց, որ առաջիկայում հայկական ավիաընկերության նորամուտ կլինի։ Հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է՝ ասաց։ Անուն չտրվեց, բայց նշվեց, որ նոր ընկերությունը  կսկսի աշխատել արդեն հունիսին։ 

Back to top button