ԿարևորՔաղաքական

Պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների, զինատեսակների մասին Հայաստանը զեկույցներ է տրամադրել բոլոր իր գործընկերներին․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Կանադայի Հայ Դատի գրասենյակի հայտարարությանը, որ Կանադան խնդրել է Հայաստանին՝ տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ զեկույցները նվիրված են եղել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և նրա կողմից ահաբեկիչների տեղափոխմանը, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառմանը և այլն:

«Այս հարցով առավել պատկերավոր լինելու համար պարզապես մեկ իրավիճակ նկարագրեմ. Բայրաքթար անօդաչու սարքերի մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին դադարեցնելու Բայրաքթարներում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Ձեռնարկված քայլերի արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, որոշում կայացրեց դադարեցնելու իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը իտալական մատակարարող ընկերության կողմից Թուրքիային: Վստահեցնում եմ, որ նույն աշխատանքը իրականացվել է նաև «Վեսքամ»-ի ուղղությամբ. անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես»,-ասաց Նաղդալյանը:

Վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել: Խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են:

Ցուցադրել ավելի
Back to top button