ԿարևորՀասարակություն

Հրազդանը կունենա սանիտարական աղբավայր

Հրազդանի աղբավայր տանող ճանապարհի մի կողմում ծայրը չերևացող աղբանոցն է, մյուսում՝ կարտոֆիլի, գարու և ցորենի դաշտեր։ Ճանապարհն անցնում ենք Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հետ․ ոտքով կամ ցածր մեքենայով այս ճանապարհն անցնելն անհնար է։  Քաղաքապետն ուշադրությունս հրավիրում է գյուղատնտեսական նշանակության հողերի կողմը․ պլաստիկ, պոլիէթիլենային տոպրակներ, այլ կերպ ասած՝ թեթև քաշի աղբ, որը քամին բերել ու հասցրել է գյուղացու մշակահողերին։ Տարածքը, որտեղ լինելու է նոր՝ սանիտարական աղբավայրը, մաքրվում է։

«Հին աղբավայրը մեծ խնդիրներ է առաջացրել։ Հիմա մոտ 11 միլիոն եվրոյի ներդրումներ են լինելու և 1-2 տարվա ընթացքում նոր աղբավայրի աշխատանքները ավարտին կհասցնենք ու նաև կունենանք բազմաթիվ նոր աշխատատեղեր։ Բացի դա, սա նաև շատ կարևոր բնապահպանական ծրագիր է»,-ասում է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։

Նախքան աղբի համար նախատեսված նոր սանիտարական զետեղարան հասնելը՝ աղբը կտեսակավորվի, ասում է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը։ Զետեղարանում կուտակված աղբի վրա պարբերաբար հողի շերտ է լցվելու, որպեսզի աղբը կենսաքիմիական փոփոխությունների արդյունքում պարարտացնի հողը։ Թունավոր նյութեր պարունակող աղբի համար այլ ծրագիր է մշակվում,- ասում է Վարուժան Սաֆարյանը․

«Հնարավոր է աղբի վերամշակման երկրորդական գործարան կառուցենք, որտեղ թունավոր նյութեր, գազ պարունակող աղբը կվերամշակվի»։

Սանիտարական առաջին աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի  միջև համաձայնագրի ստորագրմամբ։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ Կառավարությունն օրերս հավանություն է տվել «Աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումները» ծրագրին։ Դրա կարևոր բաղադրիչներից է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Եվրամիության նորմերին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը։ Նման համակարգ նախատեսում են ներդնել նաև հանրապետության մյուս մարզերում։ Սուրեն Պապիկյան․

«Կարևոր է նշել, որ աղբավայրի կառուցման համար նախատեսվում է ծախսել 11 միլիոն եվրո, որից 5,5 միլիոնը դրամաշնորհ է, իսկ մյուս կեսը Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է որպես վարկային պարտավորություն»։

Աղբավայրի շինարարությունը համաֆինանսավորում են Եվրոպական միությունը,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, «Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն» հիմնադրամը,  Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամը: Հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածությունը բացառելու համար նախատեսվող ենթակառուցվածքներով,  ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհներով սանիտարական աղբավայրը համապատասխանելու է Եվրամիության չափորոշիչներին։ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ներդրվելու է աղբահանության արդյունավետ համակարգ, իսկ Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն նաև աղբի փոխաբեռնման կայաններ։

Ցուցադրել ավելի
Back to top button