ԿարևորՀասարակություն

Զգուշացե՛ք, կոռուպցիայի հանձնաժողովը հետևում է ձեզ

Թվային տեխնոլոգիաները՝ կոռուպցիայի կանխարգելման միջոց․ այս խորագրով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր  աշխատանքային քննարկում է կազմակերպել։ Ներկայացվել են հանձնաժողովի  նոր գործառույթները․ եթե պաշտոնյան թաքցնի իր եկամուտներն ու  չհայտարարգրի դրանք,  հանձնաժողովն  իրականությունը կարող է պարզել արդեն  նաև տեխնոլոգիական միջոցներով։

Եթե մինչ այժմ  պաշտոնատար անձը պետք է թուղթ ու գրիչ վերցներ ու  հայտարարագրեր իր ունեցվածը, ընթացքում էլ որոշ բաներ  թաքցներ, ապա  այժմ այդպես վարվել չի կարողանա։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի   նախագահ  Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ եկամուտները թաքցնել թույլ չեն  տա արհեսատական բանականությունը։

 «Պատկերացրեք՝ 10 տարվա ընթացքում ամսական աշխատավարձը կազմել է  250 հազար դրամ, բայց պաշտոնյան   2020 թ․–ի դրությամբ հայտարարագրել է  մեքենա կամ բնակարան, որը արժե 1 մլն դոլար։ Հիմա  արդյո՞ք այդ անձը ողջամտորեն այս տարիների ընթացքում կարող էր ձեռք բերել այդ գույքը։ Այս հարցերի պատասխանները ստացվում են  ներդրված հատուկ բանաձևերի միջոցով,  որոնք  հաշվարկների արդյունքում բացասական կամ դրական  մնացորդ են արձանագրում։ Երկու դեպքում էլ հարց է բարձրացնում․ եթե բացասական է, ապա որտեղից է ձեռք բերվել այդ գույքը, եթե դրական է,  դարձյալ բացատրում է», –ասում է  Հայկուհի Հարությունյանը։

Գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրումը փետրվարից    ամբողջությամբ  էլեկտրոնային եղանակով է կատարվում։  Համակարգը երկու գործառույթ է կատարելու՝ ապահովելու է տվյալների որակյալ հավաքագրումն ու  պահպանումը և հատուկ բանաձևերի միջոցով  վերլուծություն է իրականացնելու և արձանագրելու է վարքագծի փոփոխությունը: Այսուհետև եթե պաշտոնյան իր գույքը կգրանցի հարևանի,  բարեկամի կամ  զոքանչի անունով, տեխնոլոգիաները կկարողանան պարզել նաև այդ առնչությունները։  Հանձնաժողովի նախագահն ասում է՝  համակարգը նոր է ներդրվել ու դեռևս գործնականում չի կիրառվել։

«Հանձնաժողովն ունի հնարավորություն  դիմել  և աջակցություն ստանալ օպերատիվ մարմիններից, ինչը ենթադրում է արտաքին դիտում, լսումների ձևով։ Եվ այդ գույքի մասին փաստացի տվյալները կհավաքվեն ու կներկայացվեն հանձնաժողովին»։

Հայաստանում  հայտարարատու է 9 հազար պաշտոնյա, փոխկապակցված անձանց՝ ընտանիքի անդամների թիվը  ներառյալ՝ հանձնաժողովը տարեկան շուրջ  30 հազար հայտարարգիր է ստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button