ԿարևորՀասարակություն

17-ն ընդդեմ 15-ի․ ի՞նչ է կատարվում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում

ԵՊՀ–ում մեկնարկում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, ԿԳՄՍ նախարարությունում սկսվում է հոգաբարձուների խորհրդի՝ անդամությունից հրաժարված անդամների ասուլիսը։ Նրանք 15-ն են, բոլորը՝ նշանակված կառավարության կողմից։ Նրանցից մեկն էլ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է։ Ասում է՝ լիազորությունները դադարեցրել է, քանի որ չի վստահում  ԵՊՀ հոգաբարձուների գործող խորհրդին։

«Ինքնանպատակ չէ գնալ-նստելն ու ժամերով քննարկում անելը և քննարկման արդյունքում որևէ լուծումների չհանգելը։ Դա առաջին հերթին անլուրջ մոտեցում է բուհի խնդիրների նկատմամբ»,-ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամից։ 15-ի հրաժարականից հետո խորհրդում կառավարության կողմից նշանակված միայն մեկ անդամ է մնացել։ Եթե նա էլ հրաժարվի անդամությունից, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի։

Խորհրդի այսօրվա նիստում քվորում կար, նիստին մասնակցում էր 17 անդամ։ Օրակարգում 6 հարց էր, բայց մինչև դրանց անցնելը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը հանդես եկավ առաջարկով։ Ասաց՝ պետք է քննարկել խորհրդից հեռացածների հարցը․

«Հաշվի առնելով մեր նախկին 15 գործընկերների պահվածքն ու հոգաբարձուների խորհրդի նիստերը պարբերաբար տապալելու փորձերը՝ առաջարկում եմ, որ ընթացիկ հարցերում Հոգաբարձուների խորհուրդը անդրադառնա նաև այս հարցին»,- ասում է Կառլեն Խաչատրյանը։

Օրակարգի հետ կապված առաջարկ ուներ նաև խորհրդում՝ կառավարության կողմից նշանակված միակ անդամը՝ Ավետիք Քերոբյանը։ Նա առաջարկեց օրակարգ ընդգրկել Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը հորդորեց տարանջատել կարևորն անկարևորից։

«Ինձ դուր չի գալիս այս խառնաշփոթը։ Համալսարանը նորմալ աշխատում է, ունի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, դասերը նորմալ ընթանում են, ամեն ինչ նորմալ է։ Դե, նախարարությունը իր նկատառումներն ունի, ու ինչ-որ պատճառներով այդ մարդիկ հրաժարվել են, ինչո՞ւ պիտի դա մեզ խանգարի»,– ասում է պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ հայտնի է, թե ինչու են կառավարության ներկայացրած անդամները դուրս եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդից։ Ինքն անձամբ լիազորությունները վայր է դրել, քանի որ հունվարի 29-ի նիստի արձանագրության մեջ անճշտություններ է հայտնաբերել։

«Նախորդ նիստի արձանագրություններում զարմանալի բան հայտնաբերեցինք։ Հրապարակված որոշուման մեջ տեսնում ենք, որ ձևակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և ընդունված որոշման հետ»,– ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Խոսքը Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում կատարված փոփոխությունների մասին է։ Ժաննա Անդրեասյանն ասում է՝ քննարկվել ու ընդունվել է մի դրույթ, որով սահմանվում էր, որ խորհրդի նախագահի բացակայության պարագայում քարտուղարը, եթե տվյալ բուհի սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի նախագահի ընտրությունը։

«Խորհուրդը քվերակել է այն փոփոխության օգտին, որտեղ հստակ է, որ քարտուղարի կողմից նախագահի լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է և նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որտեղ պետք է քննարկվի նախագահի ընտրության հարցը։ Այնուհետև անհասկանալի հանգամանքներում, որպես հոգաբարձուների խորհրդի որոշում, հրապարակվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել։ Ձևակերպվել է հետևյալ կերպ․  խորհրդի նախագահի լիազորությունների պարագայում, խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները, մինչև խորհրդի կողմից նախագահի ընտրության մասին որոշման կայացումը»,– պարզաբանում է Անդրեասյանը։

Այս իրավիճակում Անդրեասյանը անհնարին է համարում Հոգաբարձուների խորհրդում իր և գործընկերների հետագա աշխատանքը։ Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Մարտիրոսյանը ստեղծված իրավիճակում ռեկտորի կամ հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրությունը ավելորդ է համարում․

«Կարծում եմ՝ այս անառողջ միջավայրում մենք չենք կարող հարցերը լուծել, ընտրել ռեկտոր և խորհրդի նախագահ, անդրադառնալ կարևոր հարցերին, որոնք ծառացած են բուհի առաջ»,– ասում է Արթուր Մարտիրոսյանը։

Իշխանությունն այսօր հաջողության չհասավ՝ ասում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, քանի որ նիստը, այնուամենայնիվ, կայացել է․

«Քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Խորհրդում մնացել ենք ճիշտ այնքան, որ պարտադիր է բոլորով նիստերին մասնակցելը։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը, մի քանի րոպեով դահլիճը լքում է, ստիպված ենք ընդմիջել։ Այսինքն, բարդություններ կան, բայց, այնուամենայնիվ, ես համալսարանականների անունից ասում եմ, որ մենք վճռական ենք, շարունակելու ենք աշխատել ու թույլ չենք տա, որ համալսարանը քանդվի»,– ասում է Խաչատրյանը։

Հոգաբարձուների խորհրդի նիստն այսօր ընդմիջվեց 25 ժամով և կշարունակվի ապրիլի 15-ին։ Արդեն վաղը կքննարկվեն նաև առաջարկած երկու հարցերը, որոնք ընդգրկվեցին օրակարգ։ Խորհրդի 17 անդամները կանդրադառնն նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցին։

Back to top button