ԿարևորՀասարակություն

Ուղեկցել զինվորական ծառայությունից վերադարձող երիտասարդներին դեպի հաջողություն․ ՀՖՀՀ-ի նոր նախաձեռնությունը

Անձնային և մասնագիտական զարգացումը տարիներ ի վեր Հայաստանում ֆրանսիական համալսարանի առաջնահերթություններից են եղել։ Նպատակը մեկն է՝ աջակցել յուրաքանչյուրի աճին և հաջողությանը։ Մինչդեռ վերջերս արված ներքին ուսումնասիրությունը ցույց է տվել մի կարևոր առանձնահատկություն․ ՀՖՀՀ-ում ծառայությունից վերադարձող երիտասարդների 55%-ից ավելին դժվարությամբ է վերաինտեգրվում ուսումնական գործընթացին։ Այս եզրակացությունը ՀՖՀՀ-ին դրդել է մեկնարկելու նոր նախագիծ՝ UFAR PREMS’ (plan de réintégration des étudiants ex-militaires vers le succès)՝ աջակցություն զորացրված ուսանողներին ակադեմիական հաջողության հասնելու համար։

Ապրիլի 12-ին, կայացել է նախագծի մեկնարկային ժողովը։ « ՀՖՀՀ-ի նպատակն է ծառայությունից վերադարձող ուսանողներին տալ բոլոր հնարավորությունները հաջողելու համար, մեծացնել նրանց աշխատունակությունը՝ կազմելով անձնական և մասնագիտական ծրագիր, բացել նրանց առջև աշխարհի դռները՝ աշխատելով լեզվական հմտությունների վրա »,-նշել է ՀՖՀՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը։

Այսպիսով, ՀՖՀՀ-ի՝ զինվորական ծառայությունից վերադարձող բոլոր ուսանողներն անվճար կօգտվեն այս ծրագրից, որը բաղկացած է մի քանի փուլից՝ անձնային թեստեր, մասնագիտական ուղղվածության թեստեր, մասնագիտական նախագծի մշակում, արդյունավետ ուսումնառության մեթոդիկա, օտար լեզուների դասընթացներ, մասնագիտական դասընթացների մենթորինգ, ոգեշնչող դասախոսություններ, և այս ամենը՝ տարբերակիչ մանկավարժության մեթոդների կիրառմամբ, այսինքն՝ յուրաքանչյուր դեպքին անհատական մոտեցմամբ։ ՀՖՀՀ-ի ռեկտորն ընդգծել է․ « մեր երիտասարդները ծառայում են Հայաստանին 2 տարի և հպարտ են, որ իրենց պարտքն են մատուցել ազգին։ Հիմա համալսարանի հերթն է՝ օգնելու նրանց վերադառնալ ուսումնական կյանքին»։

UFAR PREM’S նախագծի առաջին շահառուները թվով 21-ն են, իսկ սեպտեմբերին նրանց թիվը կավելանա 20-ով։ ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրեն Զարուհի Սողոմոնյանն էլ իր հերթին հավելել է․ « Այս նախագծի իրականացումը հնարավոր է շնորհիվ անձնակազմի, կամավորների և անկախ մասնագետների ներգրավվածության »։

Ցուցադրել ավելի
Back to top button