ԿարևորՔաղաքական

Մեղադրանքներ, պարզաբանումներ, նոր մեղադրանքներ․ վարչապետը ԱԺ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության ծրագրի 2020թ․ հաշվետվությունը։ Շուրջ 5 ժամ տևած քննարկման առանցքում, սակայն, փաստաթուղթը չի եղել։

Խորհրդարանի ամբիոնից վարչապետի հիմնական ասելիքը 44-օրյա պատերազմի, դրա ընթացքի, պատճառների ու հետևանքների մասին էր։  Փաշինյանն առիթը պատեհ համարեց, իր ձևակերպմամբ, թեմայի շուրջ շահարկումների, ապատեղեկատվության  և մի շարք հարցերի պատասխանները տալու համար: Ասաց՝ ինքը նախկիններից ժառանգել է նախապատերազմական վիճակ, քանի որ նախկին իշխանության գործողությունների հետևանքով դիվանագիտությունը եղել է փակուղում։  

 «Մենք պետք է արձանագրենք, որ կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ այդ 20-ամյա կապիտուլյացիայի: Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով՝ դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով՝ կապիտուլյանտ, որ իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն: Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը՝ առավել ևս»:

Վարչապետի հայտարարություններին արձագանքել են երկրորդ և երրորդ նախագահների  թիմակիցները։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրել է․   «Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Այսօրվանը նույնպես  բացառություն չէր»։

Հին կեղծիքների ռեմիքս՝ ադրբեջանական նոր ելևէջներով՝ այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ։ «Բանակցային գործընթացի, բանակաշինության, վերջին պատերազմի խայտառակությունների մասին շատ մանրամասն խոսվել է»,- ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահը՝ առաջարկելով վերընթերցել մի շարք փաստաթղթեր, հայտարարություններ։  

Վարչապետն անդրադարձավ նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է մեր կորուստները և Զինված ուժերի գնահատականը իրավիճակին՝ նշելով․ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»:

Օնիկ  Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի՝  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս ու առնչություն չունի։ Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված»։ (Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է):

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն ավելի ուշ հակադարձեց Օնիկ Գասպարյանը՝ վերահաստատելով նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը։

«ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և օգտագործելով իշխանական լծակները՝ հանրությանը մոլորության մեջ են գցում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-ասված է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի  հայտարարությունում։

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետին հարցրեց պատերազմի չորրորդ օրը ԶՈՒ-ի համալրումը դադարեցնելու մասին։ Հարցրեց. «Բարձրաձայնվեց, որ Ձեր հրամանով է եղել զորակոչի դադարը այն պայմաններում, երբ միաժամանակ Դուք նաև մարտակոչով էիք հանդես գալիս»։

Այդ հայտարարությունն անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ խնդիր ունի՝ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը.

«Խնդիրն այն է, որ երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճի մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական ԶՈւ-ի տրամադրության տակ է։

Պատերազմի ընթացքում դա ռազմականին մոտ միակ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ, և այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ օրումեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, այդ մարդը, ընդհանրապես, կարծում եմ, բազմաթիվ խնդիրներ և բազմաթիվ բարդույթներ ունի։ Ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի»։   

Անուն չհնչեց, սակայն ակնհայտ էր՝ հասցեատերը  պատերազմի ժամանակ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ  Մովսես Հակոբյանն է։ Նա վարչապետին կոշտ է արձագանքել ՝  նշելով, որ ներկայացված փաստերը իրականության հետ որևէ աղերս չունեն։

Նիկոլ Փաշինյանն այսօր հերքել է նաեւ մեղադրանքները «Լելե Թեփեի օպերացիան» ձախողելու մասին։ Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝  Լելե Թեփեն գրավեք․ առաջարկն արել է գեներալ, որոշումը կայացրել է գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ՝ շեշտել է Փաշինյանը․

 «Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ես ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է: Նա գնահատել է իրադրությունը և զեկուցել, որ դա պետք է եւ կարելի է անել»։

Փաշինյանը համոզված է, որ  պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն՝ սկսած իր գործողություններից, բայց այդ քննությունը պետք է օբյեկտիվ լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button