ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս և որտե՞ղ չի կարելի հայհոյել․ դատախազությունը նախագիծ է մշակել

Կառավարությունն առաջարկում է հանրային հարթակներում  հրապարակային հայհոյանքի համար տուգանք  սահմանել։ Փոփոխությունները նախատեսվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախագիծը մշակել է գլխավոր դատախազությունը։  Իրավական ակտերի  հրապարակման միասնական e–draft էլեկտրոնային հարթակում  մեկ շաբաթվա ընթացքում նախագծն ընդամենը մեկ կողմ  և 18 դեմ ձայն ունի։

Նախագծով առաջարկվում է սահմանել հայհոյանքի դրսևորման ձևերը՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով։ Նշվում են նաև այն տիրույթները, որտեղ հայհոյելը քաղաքացու համար մինչև 150 հազար դրամ կարժենա։ «Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին հայհոյելու դեպքում կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի 151–ապատիկից մինչև 300–ապատիկի չափով»,-ասվում է նախագծում:

Կարևոր է, որ նախագիծը չկիրառվի ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ․ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մտահոգությունն է։ Մելիքյանը կարծում է՝ հայհոյանքը վիրավորանքից տարբերակվելը դժվար է լինելու։

«Վիրավորանքի համար պատասխանատվությունը նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքի 1081.1 հոդվածում։ Ի՞նչ իմաստ ունի նորից քրեական դաշտ տանել և փորձել տարանջատել այդ վիրավորանքը քրեակա՞ն բնույթի է, թե՞ քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում է»։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝  իրավապահներն այսօր էլ  ունեն այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է  հանրային վայրերում հայհոյողին պատասխանատվության ենթարկելու համար։

«Ըստ իս՝ այս  նախագիծը տրամաբանական շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնցով սահմանափակվում է ԶԼՄ–ների գործունեությունը, օրինակ՝ չնույնականացվող աղբյուրներին հղում կատարելը և դրա համար տուգանք նախատեսելը»։

Իրավաբան Արա Ղազարյանը հիշեցնում է՝ ինֆորմացիան ամենակարևոր արժեքն է։ Դրա սահմանափակման ուղղված ցանկացած քայլ  պետք է  ծանրակշիռ  հիմնավորում ունենա։

«Պետք է թույլ տալ, որ այդ ինֆորմացիան հոսի և հետո միայն կարգավորել՝ փոխհավասարակշռելով հանրային և մասնավոր շահը ,այլ ոչ թե, ինչպես ժողովուրդն է ասում, քոքից կտրել, արգելել։ Մենք նման մոտեցում տեսնում ենք նաև անանուն աղբյուրներն արգելող նախագծի մեջ, մինչդեռ դա նույնպես սոցիալական արժեք է։ Մեր գրողները դեռ միջնադարից կեղծանուններով են հանդես եկել, որպեսզի  պաշտպանության տակ լինեն, և հիմա՝ 21-րդ դարում, դա արգելվոմ է»,– ասում է Արա Ղազարյանը։

Նախագծում խնդրահարույց կողմեր է տեսնում նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ակումբի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հրապարակային հայհոյանքի և վիրավորանքի դեպքերը ավելացել են, ինչը, Նավասարդյանի կարծիքով, քաղաքական իրավիճակով է պայմանավորված։

«Արդյո՞ք ցանկացած հայհոյանք պետք է նույն պատասխանատվությանը ենթարկվի․ եթե խոսքը խտրականության կամ ռասիստական խոսքի մասին է,  այլ բան է,  բայց եթե այդ շրջանակը օրենքով չի սահմանվում, ինձ համար խնդրահարույց է։ Կամ արդյո՞ք  ֆեյսբուքյան փոքր՝ 5 հոգանոց խմբում հնչած հայհոյանքի համար պատասխանատվություն սահմանվո՞ւմ է, թե՞ խոսքը միայն անսահմանափակ լսարանի առջև հնչեցված հայհոյանքի մասին է։ Այսպիսի հստակություն ես օրինագծում չեմ տեսել»,– ասում է Բորիս Նավասարդյանը։ Նավասարդյանի կարծիքով՝ ոլորտում ավելի կարևոր հարցեր կան, որոնք կարգավորման կարիք ունեն ։

Ցուցադրել ավելի
Back to top button