ԿարևորՀասարակություն

Ապաշրջափակումն անորոշությունների փուլում է․ Փաշինյանն Ալիևի քայլերն անվանում է տորպեդահարում

Հայաստանի համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել ՌԴ-ի և Իրանի հետ․ խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Մինչդեռ Ադրբեջանն ամեն ինչ անում է ենթակառուցվածքների բացման գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար՝ հայտարարել է Փաշինյանը։ 

Նոր ենթակառուցվածքների ստեղծումից զատ վարչապետը կարևորել է Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեսքտի 9-րդ կետով նշված է՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Սյունիքով անցնելիք՝  Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհը որքանո՞վ է անվտանգ լինելու․ հարց-մտահոգությունը խորհրդարանում վարչապետին է ուղղում «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ խոսելով ապաշրջափակման արդյունքում գործարկվելիք հնարավոր ուղիների մասին։

«Խնդրում եմ այժմ ազնվորեն  պատասխանել՝ Սյունիքով անցնող Նախիջևանը Ադրբեջանին կախող ճանապարհը որքանով է անվտանգ լինելու։ Ադրբեջանը քարերով է  շարունակում իր պատերազմը, անգամ պատերազմում է մեր զոհված ազատամարտիկների հետ։ Քարերով խփել էր դիեր տեղափոխող մեքենային, օրերս նաև կրակելէ ին գյուղատնտեսական աշխատանք կատարող մեր հայրենակցի վրա։ Բարեբախտաբար, նա չէր տուժել»։

Ապաշրջափակման գործընթացը դեռ անորոշությունների փուլում է՝ արձագանքում է Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու դրույթը կյանքի կոչելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը խումբը մի քանի հանդիպում է անցկացրել, սակայն այս պահին միայն  անպատասխան հարցեր են։   Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբն այս պահին որևէ հստակ  պայմանավորվածություն չունի, վերջնական որոշում դեռ չկա։ Վարչապետն ընդգծում է․ 

«Մի բան կարող եմ ասել, որ ՀՀ շահերը պետք է հաշվի առնվեն։ Մեր խնդիրն այն է, որ ոչ միայն պետք է ճանապարհ տանք, այլ այն, որ պետք է ճանապարհ ունենանք»։

Կառավարության ղեկավարը շեշտում է՝  մարտահրավերները կան և միշտ էլ եղել են, վերջին 30 տարում դրանք չեն փոխվել։ Միայն թե Բաքուն կրկին պայմանավորվածություններից շեղվում է։

«Կարծում եմ, որ Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ ենթակառուցվածքները չբացվեն։ Մենք այս հարցում լինելու ենք մաքսիմալ կառուցողական»:

Պատգամավոր Գրիգորյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի առջև պետք է պահանջներ դնել, որպեսզի այս երկիրն ահաբեկչական գործողություններ չիրականացնելու պարտավորություն վերցնի իր վրա։ Փաշինյանը կիսում է ԼՀԿ պատգամավորի կարծիքը․ ինքը տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման  կողմնակից է, բայց դրա կողքին, այո, թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Նրանք էլ մեզ են թշնամի համարում՝ ասում է Փաշինյանը և իր հերթին հարց տալիս․

«Հարցն ուրիշ տեղ է՝ լա՛վ, այս թշնամությունն ի՞նչ ենք անելու: Ես հետևյալ բանաձևն եմ ասում՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք են մեզ ավելի համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց համարում թշնամի: Հարցն այն է, թե մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնե՞ն, մենք իրե՞նց: Մենք այսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, բայց իրենք էլ պետք է չձևակերպեն նման խնդիր»։

Վերադառնալով ապաշրջափակման թեմային ու դրա հիմնավորումներին՝ Փաշինյանը կրկին խոսում է ներդրումային միջավայրի բարելավումից ու մեծ տնտեսական նախագծերից, որոնց համար նախապայման է երկաթուղային կապը։ Հայաստանի այսպես ասած նավթն էլ պղինձը և ջուրն են, ու գործադիրի ղեկավարն ակնկալում է, որ ՀՀ–ն հանքաքար արտահանող երկրից կդառնա մետաղական պատրաստի արտադրանք արտահանող։ Իսկ այս դեպքում  կոմունիկացիաներն անհրաժեշտ են։

Մինչդեռ տնտեսական ակնկալիքների կողքին հայաստանյան քաղաքական ու տնտեսագիտական շրջանակները չափազանց մտահոգ են անվտանգային չլուծված խնդիրներով, որոնք ամեն օրվա հետ նոր շեշտադրումներ են ստանում ու առանձնակի ընդգծվում Ալիևի հայատյաց հայտարարությունների համատեքստում։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այն համոզմանն է, որ ապաշրջափակման ռիսկերը շատ ավելի մեծ են, քան հնարավորությունները։ Ընդ որում՝ այս ռիսկերը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական են։

«Մենք կունենանք խնդիրներ այն պատճառով, որ որոշ պետություններ կարող է էքսպանսիայի ենթարկեն մեր տնտեսությունը, և ներքին արտադրությունները, ներքին բիզնեսը կարող են դժվարին վիճակում հայտնվի, քանի որ ոչ բոլոր ոլորտներն են  մրցունակ»։        

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն, ինչպես միշտ,  առաջնորդվելով իր շահերով՝ ապաշրջափակման շուրջ դրական մոտեցում է ձևավորել, ինչը, սակայն, խիստ բացասական է ՀՀ համար։

«Այն մեկնաբանությունը, ըստ  որի՝  կբացվի ճանապարհները, մենք լավ կզգանք, դա առնվազն օխլոզ զանգվածին ապակողմնորոշելու համար է»։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ ապաշրջափակման քարտեզը գծելիս դիտարկվում են խորհրդային շրջանում գործած ուղիները։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նշված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, սակայն, անորոշությունների փուլում է, քանի որ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայատյաց հայտարարությունների ու քայլերի կողքին շարունակում է չլուծված մնալ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։  

Ցուցադրել ավելի
Back to top button