ԿարևորՔաղաքական

Անջատում հանուն փրկության․ Փաշինյանն արձագանքում է համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների հայտարարությանը, որտեղ միջնորդները Երևանին ու Բաքվին կոչ են արել վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը։ Հայկական կողմը պատրաստ է նման երկխոսության՝ ասել է Փաշինյանը և կարևորել ՄԽ –ի աջակցությունը։ Համանախագահների հայտարարության մեջ ամենակարևորը, փորձագետների կարծիքով,  հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին ամրագրումն է։ Ադրբեջանի իշխանությունները տարբեր առիթներով հակամարտությունը կարգավորված են համարել և պնդել, որ համանախագահներն այլևս անելիք չունեն։

Հայաստանի վարչապետը օգտակար և բովանդակային է որակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ երեկ տարածած հայտարարությունը և անուղղակիորեն պատասխանում նրանց կոչին․ հայկական կողմը պատրաստ է այդպիսի խոսակցության և հույս ունի, որ համանախագահների աջակցությամբ այն կկայանա։

«Դրանում հատուկ նշված էր գերիների վերադարձի անհրաժեշտությունը, բանակցային գործընթացը հայտնի սկզբունքների շրջանակում շարունակելու անհրաժեշտությունը։ Սկզբունքներից մեկն էլ ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն է», – ասել է Փաշինյանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջին հայտարարությամբ կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել «բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը»: Վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ, երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը և  կողմերին հորդորում առանց նախապայմանների քննարկել ու համաձայնեցնել առաջնահերթություններն արտացոլող համատեղ օրակարգը։

Համանախագահները կողմերին հիշեցնում են նաև  «մնացած խնդրահարույց հարցերի մասին» և խոսում հակամարտության վերջնական, համապարփակ ու  կայուն կարգավորման անհրաժեշտության մասին։ Այդ կարգավորումն, ըստ համանախագահների, պետք է հիմնված լինի կողմերին հայտնի սկզբունքների ու բաղադրիչների վրա։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել էր, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից առաջարկներ է ակնկալում, սակայն Մինսկի խումբն այժմ կարող է դերակատարություն ունենալ ոչ որպես հակամարտությունը կարգավորող խումբ․ըստ Ալիևի՝  այն արդեն կարգավորված է, Մինսկի խումբը կարող է աջակցել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կայացմանը։

Համանախագահները հերքում են Ալիևը պնդումները՝ կարծում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։  Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարության ուղերձներին ու տողատակերին՝  վերլուծաբանը մի քանի եզրահանգումներ է անում․ մեկնարկային պայմաններն ավելի վատն են, քան նախկինում, հայտարարության մեջ  ուղիղ մեջբերում չկա ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, բայց  շեշտվում է հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը․

«Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով։ Շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար, դրա ցանկացած փոփոխություն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպես կողմ: Ակնհայտ է՝ համանախագահներն էլ դա չեն ուզում: Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ,  նոր ֆրոնտ աշխատելու համար»,- ասել է Սարգսյանը։

Ազգային ժողովում  Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման իր մոտեցումները։ Նա, մասնավորապես, նշել է, որ բանակցային սեղանին դրվելու է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեոկուպացիայի խնդիրը և այն ձևակերպվելու է  ոչ թե որպես ռազմական, այլ որպես բանակացային–քաղաքական հարց։

«Մենք պետք է հետևողականորեն շարունակենք Լեռնային Ղարաբաղի համար՝ անջատում հանուն փրկության բանաձևի իրագործումը, որովհետև դուք տեսաք, թե երեկ կան նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում։ Դա, ուղղակի, աներևակայելի մի բան է և կարծում եմ՝ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող են պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, որը հայատյատության ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է և սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար անջատում հանուն փրկության սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,– նշել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը «անջատում հանուն փրկության» բանաձևի մասին խոսել էր պատերազմի մեկնարկին՝ ընդգծելով, որ այն Ղարաբաղի հարցի լուծման միակ բանաձևն է։  

Ցուցադրել ավելի
Back to top button